Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը. ՆԳՆ

Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ-ից։

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է`

  • վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով,
  • բաց տարածքներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել արևի ճառագայթներն ու դառնալ հրկիզող ոսպնյակներ,
  • նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
  • ծխել և օգտվել բաց կրակից` վառելիքով լիցքավորված տարաների կամ մեքենաների շրջակայքում,
  • կատարել չոր խոտի, խոզանի այրում,
  • թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր և այլն:

«Հարգելի՛ քաղաքացիներ, պահպանեք հրդեհային անվտանգության կանոնները, հոգ տարեք շրջակա միջավայրի կենսաբազմազանության մասին, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»: