«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, խորհրդարանը վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, ի՞նչ է սպասում Հայաստանին սրանից հետո, եթե Ադրբեջանը ևս հաստատի այդ կանոնակարգը։
– Կանոնակարգի բովանդակության վերաբերյալ իմ հայտնած մտավախություններն անփոփոխ են մնում․ առաջին հերթին այնտեղ չկա քարտեզային նկարագիր, երկրորդը՝ նշված է, որ այլ հիմքեր ի հայտ գալու դեպքում, խաղաղության պայմանագրով սահմանված, դրանցով փոխարինվելու է Ալմա Աթայի հռչակագրի հղումը, դա նշանակում է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը դառնում է խաղաղության գործընթացի պատանդ։
Երկու սցենար է հնարավոր․ Ադրբեջանը կարող է չվավերացնել այդ կանոնակարգը, ինչպես տեսնում եք, առայժմ չի էլ հրապարակել, չի էլ քննարկում այն, դա նշանակում է, որ Ադրբեջանը ընդհանրապես կարող է այդ կանոնակարգը չվավերացնել, տարբեր տեղերում ճնշումների միջոցով իր ուզածին հասնել, օրինակ՝ մի օր կարող ենք արթնանալ ու տեսնել, որ «անկլավների» հարց է դնում՝ իբրև նախապայման։
Իսկ եթե նույնիսկ Ադրբեջանը վավերացնի, ապա չեմ էլ կարծում, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացն արագ տեղի կունենա, որովհետև նրանք ամեն ինչ անելու են, որ դա փոխկապակցվի խաղաղության պայմանագրի հետ, ու մաքսիմում ճնշում գործադրեն Հայաստանի վրա, այսինքն՝ երկու դեպքում էլ այս պրոցեսը մահակ է դառնալու Հայաստանի գլխին։
– Իսկ Հայաստանն ինչո՞ւ նման շտապողականություն դրսևորեց։
– Նիկոլ Փաշինյանն առանց «բայց»-երի խաղաղության կողմնակից է, նա պատրաստ է բոլոր զիջումներն անել՝ երևակայելի ու աներևակայելի, որպեսզի խաղաղության անունով թեկուզ մի դատարկ փաստաթուղթ ստանա։ Նրան թվում է, որ եթե ինքը շատ ճգնի, խաղաղությանն ուղղված քայլ անի, դա ինչ-որ տպավորություն կարող է գործել Ադրբեջանի ու միջազգային հանրության վրա: Միանգամից ասեմ, որ շատ պարզունակ մոտեցում է, ու այն միայն մեծացնում է թշնամու ախորժակը։
– Պարո՛ն Սուրենյանց, ձեր մտահոգությունները կանոնակարգի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հավասարազոր է համարում «Կիկոսի մահը» հեքիաթին, խորհրդարանի նախագահն էլ վստահ է, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո ադրբեջանական զորքերը դուրս են գալու Հայաստանի տարածքից։ Իշխանության այս վստահությունը հիմքեր ունի՞։
– Իհարկե ո՛չ։
– Այդ դեպքում ինչո՞ւ են վստահություն հայտնում Ադրբեջանին։
– Նրանք ամբողջ վեց տարվա ընթացքում առաջնորդվել են պատրանքներով, ցանկությունը խառնել են իրական քաղաքականության հետ։ Ադրբեջանը որևէ բան չի էլ պատրաստվում զիջել, դրա մասին էլ բացահայտ հայտարարում է։ Այս մարդիկ իրական հաշվարկ չունեն, դրա համար էլ մենք պատերազմից հետո անընդհատ կորուստներ ենք ունենում։
– Ձեր խոսքում ասացիք, թե չեք բացառում, որ կանոնակարգի վավերացման համար Ադրբեջանն իբրև նախապայման կպահանջի այսպես կոչված «անկլավներ», ճի՞շտ հասկացա։
– Չեմ բացառում, նրանք հասկացել են Փաշինյանի քաղաքական մերկությունը, որ պայմանագիր ստանալու համար ամեն ինչի պատրաստ է, ու շատ հստակ հաշվարկով փորձում են խաղացնել Նիկոլ Փաշինյանին՝ զիջումներ կորզելով Հայաստանից։
Ադրբեջանի քաղաքականությունն այսօր շանտաժի ու նախապայմանների քաղաքականություն է, ավելի պարզ ասեմ՝ նա փորձում է Հայաստանին պարտադրել սողացող կապիտուլյացիա վերսալյան մոդելով, երբ Առաջին համաշխարհայինից հետո Գերմանիային ստիպեցին ընդունել բոլոր պայմանները։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















