«Ադրբեջանի հետ ամբողջ սահմանը պետք է պահի Հայաստանի բանակը, շատ արագ պետք է վերազինել այն»․ Լևոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Պարո՛ն Շիրինյան, պաշտպանության նախարարն ասել է, որ Գյումրու ռուսական ռազմաբազայի մի մասը Հայաստանի արևելք կտեղափոխվի։ Ի՞նչ վիճակում է մեր անվտանգության համակարգը, բանակի զարգացման ուղղությամբ կարծես քայլեր չենք տեսնում։

– Ես լսեցի, որ ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական փաստաթուղթը այդպիսի տեղաշարժերի իրավունք թույլ չի տալիս։ Բայց իմ տեսակետն այս հարցում բոլորովին այլ է՝ մենք մեր բանակի շտապ արդիականացման անհրաժեշտություն ունենք։ 

Եվ եթե արևմտյան սահմանները և հարավային հատվածը պաշտպանում է ռուսական սահմանապահ ծառայությունը, հայ-ադրբեջանական սահմանը մենք պետք է պաշտպանենք։ 

Եվ երբ մեր ժողովրդին վախեցնում են, թե՝ թուրքերը եկան, երևացին, այդպիսի սարսափներ պետք չեն։ Ասում են՝ թուրքերը Շուռնուխում երևացին, այստեղ երևացին, այնտեղ երևացին։ Եթե պարտվել ենք, համաձայնվել ենք, դա չի նշանակում, որ մենք պետք է երկար ժամանակ այդ հոգեբանության ու տրամաբանության մեջ մնանք։ 

Ես կարծում եմ, որ Հայաստանի արևելյան հատվածը՝ հայ-ադրբեջանական ամբողջ հատվածը, պետք է Հայաստանի զինված ուժերը պահպանեն։

– Ինչո՞ւ են իշխանությունները փորձում մեր սահմանների պաշտպանությունը զիջել ռուսական ուժերին: 

– Ինձ թվում է՝ զիջման հարց չէ, չնայած տեղեկատվությանը չեմ տիրապետում։ Մեր բանակը պատերազմից թուլացել է, քանի որ թուլացել է, հավանաբար այս մթնոլորտն է։ 

Եվ նաև այս «փրկիչների» հոգեբանական տեռորը, որը կազմակերպել են պետության ու իշխանության դեմ՝ այս բոլորը առաջացնում են որոշակի քաղաքական ու հոգեբանական մթնոլորտ։

Ես կարծում եմ, որ մենք ունենք բավարար ռեսուրս, բավարար հնարավորություններ, նաև նկատի ունեմ սփյուռքը, մեր բանակն արդիականացնելու համար։ Դա մեր համազգային ճիգ ու ջանքի մեջ է, մեր սահմանը մենք պետք է պահենք։ 

Դա շատ կարևոր է նախ՝ բանակի հոգեբանական կազդուրման համար, նաև՝ ուժի ցուցադրության։ Ի՞նչ է եղել, մենք պարտվել ենք, հո չե՞նք ջախջախվել։ Էդ ապուշները դիտավորյալ ասում են՝ կապիտուլյացիա։

Կապիտուլյացիան բոլորովին ուրիշ բան է, սա ընդամենը հրադադարի մասին փաստաթուղթ է: Հետևաբար, մենք պետք է գործենք միջազգային օրենքի պահանջով, ոչ թե վազգեններին ու մյուսներին հարմար մեկնաբանություններով, որ ուղղված են պետականության դեմ։

Իշխանության կողմից քայլ տեսնո՞ւմ եք բանակի արդիականացման ուղղությամբ, նկատելի՞ է։

– Ես չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ ժխտել, բանակը թափանցիկ կառույց չէ, բայց ինչպե՞ս կարող են չանել։ Խնդիրն այլ է՝ դա մեզ բավարարո՞ւմ է, թե՞ չէ։ Զինվորականներ կան, որոնք անում են այդ գործը, բայց բավարա՞ր է, թե՞ չէ։ 

Նպատակը պետք է հստակ լինի՝ Ադրբեջանի հետ ամբողջ սահմանը պիտի պահի Հայաստանի բանակը, դրա համար պետք է բանակը շատ արագ վերազինել։ 

Օրինակ՝ հնարավոր է սահմանային գոտին շատ կարճ ժամանակում ապահովել Հայաստանում մշակված սենսորային համակարգով։ Ուրեմն ի՞նչ է պետք՝ գտնել, անել։ Եվ Սերժի ու Ռոբերտի ժամանակ, երբ գիտությունը դուրս է մղվել, պետք է շտկել դա։ Ես գիտեմ, որ այդ ուղղությամբ քայլեր արվում են։

Դա նաև այլ հարց է լուծում՝ ովքեր ձեռքը զենք են վերցնում, նրանց հոգեբանական վիճակը փոխվում է։ Սա շատ կարևոր է նաև ժողովրդի այս ընկճված վիճակը հաղթահարելու համար։

– Սյունիքի սահմանին այսօր ռուս սահմանապահներ էլ կան, նրա՞նք պետք է լինեն այնտեղ։

– Բալանսը պետք է հաշվել, ռուս սահմանապահների հարցը, հրադադարը ուրիշ են, նոր ռազմաբազան բոլորովին ուրիշ է։ Մենք պետք է պատերազմից հետո այս վիճակը հաղթահարենք, անցնենք կայուն և արագ զարգացման մի փուլի։ Դա բխում է ՀՀ հեռահար շահերից, որովհետև երբ հանձնվում եք միայն մեկին, դուք կորցնում եք ամեն ինչ։ Դա անթույլատրելի է։ 

Հետո մենք Արցախյան պատերազմի օրերին տեսանք, թե մեր ռազմավարական դաշնակիցն ինչ վարքագիծ է դրսևորում Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ։ Մոռացե՞լ ենք, չենք մոռացել, նա ուշանալ գիտի։ 

Պատերազմի օրերին նա 10 օր ուշացավ, հիշեց հանկարծ այն պահին, որտեղ պետք էր, որ դա կանգներ։ Մենք թուլացանք, որ կանգնեց պատերազմը։ Դրա համար մնում է մեկ բան՝ պետությունը սեփական ուժերով կայացնել։ 

Իհարկե, դաշնակիցներ միշտ պետք են, բայց չպետք է մեկ դաշնակից լինի, որ կպել ես պոչին ու պրծում չունես։

Պնդում եմ՝ մենք պետք է մեր ռեսուրսներով մեր բանակը վերակազմավորենք։ Դա շատ կարևոր է տղամարդու ոգին հետ բերելու համար, ով կռվել է, արյուն թափել։ 

Բա մենք ի՞նչ անենք, եթե ռուսները պետք է մեր սահմանին կանգնեն, դա խայտառակությո՞ւն չէ, որ Վլադիվոստոկից ու Նովոսիբիրսկից նրանք պետք է գան կանգնեն, իսկ այստեղ ասում են՝ հեռավոր սահման։ 

Ի՞նչ հեռավոր սահման, վազում ես՝ երկիրը վերջանում է։ Պետք է բոլոր հնարավորությունները գործի դնել, առաջինը՝ երկրում ապահովել կայունություն, երկրում ներուժը վերակազմակերպել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am