Հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ․ Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վստահ եմ առաջիկա հանգստյան օրերին ամառվա տապից պաշտպանվելու նպատակով ձեզանից շատերն իրենց հանգիստը կկազմակերպեն բնության գրկում։

Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։Առաջիկա հանգստյան օրերին, և առհասարակ, ձեր առօրյա կյանքում ու կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում, այցելելով մեր անզուգական բնաշխարհի չքնաղ անկյուններն ու բնական հուշարձանները, դրսևորե՛ք բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և հոգատար վերաբերմունք ցուցաբերե՛ք մեր անկրկնելի բնական հարստությունների նկատմամբ։

Հանգստի ընթացքում՝

Աղբ մի՛ նետեք բնության մեջ

Մի՛ վնասեք բնական միջավայրի անխաթարությունը

Առանց անհրաժեշտության խարույկ մի՛ վառեք։ Խարույկը մարեք ջրով կամ հողով։Հայաստանի բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, իսկ դրա մասին հոգ տանելը` յուրաքանչյուրիս պարտավորությունը։

Լուսանկարում՝ Արա և Արարատ լեռները և Ապարանի ջրամբարը

Հեղինակ՝ Անդրանիկ Քեշիշյան