Ամեն ինչ՝ երկրաշարժի մասին․ իրազեկման աշխատանքներ՝ մայրաքաղաքում

ՆԳՆ Փրկարար ծառայությունն իրականացնում է երկրաշարժի վերաբերյալ իրազեկման միջոցառումներ Երևան քաղաքում
Երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համատեքստում Երևան քաղաքի մի շարք հաստատություններում նույնպես կազմակերպվեցին միջոցառումներ, երեկույթներ, դասախոսություններ, սեմինարներ և գործնական պարապմունքներ։

Դեկտեմբերի 7-ին և 8-ին ՆԳՆ ՓԾ փրկարար ուժերի  վարչության փրկարարական ծառայողները «Շիրակացու ճեմարանի» ՓԲԸ-ում,  «Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում և Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպեցին և անցկացրեցին դասախոսություններ նվիրված Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվան։

Դասախոսությունների ընթացքում ներկայացվեցին Սպիտակի երկրաշարժի մասին պատմող ուսուցանող տեսնյութեր, որի շնորհիվ սաները տեղեկացան երկրաշարժից առաջացող վտանգների, վնասների և ավերածությունների, տագնապային պայուսակի, երկրաշարժի ժամանակ վարքագծի կանոնների կիրառման, ինչպես նաև երկրաշարժից հետո օգնության կանչի և ճգնաժամային իրավիճակներում փրկարարական գործողությունների կազմակերպման մասին։

ՆԳՆ ՓԾ բժշկական ապահովման վարչություն անձնակազմի կողմից Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 հիմնական դպրոցում անցկացվեց «Առաջին օգնության ցուցաբերումը երկրաշարժի ժամանակ» թեմայով գործնական պարապմունք, որի նպատակը երկրաշարժի ժամանակ առաջին օգնության ցուցաբերման վերաբերյալ պատկերացումների և տարրական հմտությունների ձևավորումն էր: Աշակերտներին հնարավորություն ընձեռնվեց խաղերի միջոցով ստեղծած գործնական իրավիճակում կիրառել առաջին օգնության ցուցաբերման մասին ստացած գիտելիքները:

Միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից ևս մի շարք ուսումնական հաստատություններում անցկացվեցին «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» թեմայով սեմինարներ և  «Ինչպես գործել երկրաշարժի ժամանակ» թեմայով գործնական պարապմունքներ։

Միջոցառումների կազմակերպման հիմնական նպատակը աշակերտներին սահմանված կարգով երկրաշարժերի ժամանակ պաշտպանվելու հիմնական կանոնների ներկայացումն էր և վերջիններիս աղետներին պատրաստվածության բարձրացումը՝ իրազեկման միջոցով։