Ղարաբաղյան խնդրի լուծման առումով անելիքները դեռ առջևում են. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղյան պատերազմի դադարեցմանն ուղղված փաստաթուղթը չստորագրելու համար հրաժարական  տալը կնշանակեր դասալքություն: «Արմենպրես»ի հաղորդմամբ, հայ ժողովրդին ուղղված ուղերձում այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, այդ ժամանակ հրաժարական տալը կնշանակեր հանուն զինվորի դժոխային առաքելություն կատարելու պարտավորությունը թողնել մեկ ուրիշի ուսերին:

«Եվ դա այն հույսով, որ հետո կասեին, թե վարչապետ Փաշինյանն էնքան հայրենասեր էր, որ էդ ստորացուցիչ թուղթը չստորագրեց, իսկ էս մյուսը թուլամորթ ու դավաճան գտնվեց և գնաց նման ամոթալի քայլի: Որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կարող էր պտտվել, որն այլևս որևէ ձևով հնարավոր չէր լինի կանգնեցնել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այդ փաստաթղթի ստորագրումից առաջ ինչու՞  խորհրդակցություն չեղավ ժողովրդի հետ: Հարցի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ժողովրդի հետ խոսելու ժամանակ պետք է հրապարակային անկեղծորեն ներկայացներ օբյեկտիվ իրավիճակը, իսկ դա նշանակում է՝ իրադրության մասին մանրամասն տեղեկություններ հաղորդել նաեւ հակառակորդին:

«Դեռ ավելին՝ մեր 25 հազար զինվորների ժամերի ընթացքում շրջափակելու մանրամասն ծրագիր ներկայացնել նրան՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով: Եվ հետո, ես խոստացել եմ ժողովրդի հետ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով ոչ թե հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, այլ ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ, եւ այս առումով անելիքները դեռ առջևում են»,-ավելացրել է Նիկոլ Փաշինյանը: