Կհավատա՞ Մոսկվան արցունքներին

Վահրամ Թոքմաջյան

Շուրջ քսան օր հայկական մեդիատիրույթը քննարկում էր Փաշինյանի հավանական այցը Մոսկվա։ Դեռ նախորդ տարվա վերջին եղան հրապարակումներ կոնկրետ ամսաթվի ու հնարավոր օրակարգի վերաբերյալ։

Այցի շուրջ հետաքրքրությունը, տարբեր տեսություններ առաջ քաշելը պայմանավորված են այն հանգամանքով, որ լինելու է հանդիպում նաև Ալիևի հետ։

Բուռն քննարկումների կիզակետում վարչապետի հանրային կապերի պատասխանատուները նոր արթնացան, ու արդեն պաշտոնապես տեղեկացանք, որ հանդիպումները կայանալու են վաղը՝ հունվարի 11-ին։

Ընդհանրապես ՀՀ իշխանությունների՝ հանրության հետ տարվող աշխատանքներն առանձին քննարկման թեմա են։

Թվում է, թե առանց այն էլ այս լարված ու գերզգայուն վիճակում, երբ ցանկացած սուտ, ձեռնածություն կամ փակ ինֆորմացիա տարածվելու պարարտ դաշտ ունի, իշխանությունները պետք է ձգտեն լինել թափանցիկ, հաշվետու՝ ժամ առաջ կանխելով հնարավոր մանիպուլյացիաները, կեղծիքների տարածումը։

Սակայն ականատեսն ենք լինում բոլորովին հակառակ պատկերի։ Վերջին պահին ինչ-որ կցկտուր պարզաբանումներ կամ կասկածներն էլ ավելի խորացնող տեքստեր։

Ինչևէ, փորձենք հասկանալ, թե ինչ է մեզ սպասում Մոսկվայում։ Ակնհայտ է, որ եռակողմ հանդիպման օրակարգը թելադրված է Մոսկվայի կողմից, ու այստեղ պաշտոնական Երևանն առանձնապես խուսանավելու տեղ չունի։ Այլ բան է, թե ինչ է որոշել Մոսկվան։ Ըստ էության, Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում հիմնական շահած կողմերից մեկը Ռուսաստանն է, որը տևական դադարից հետո վերադարձավ Արցախ՝ խաղաղապահ զորքի տեսքով։ 

Ժամանակին զգուշացված էր, որ Մոսկվան երկար չի հանդուրժելու արցախյան հակամարտության իրերի դասավորությունը, որը կար մինչև սեպտեմբերի 27-ը։ Ասողին լսող է պետք, բայց հաճախ այդ լսողը չկա, կամ ասելիքն է խլանում անբովանդակ աղմուկի մեջ։ Հիմա մենք քաղում ենք խուլ ձևանալու հետևանքով պատուհասած պտուղները։

Ալիևն առավել քան շահեկան դիրքերում է։ Ոչ միայն հաղթել է պատերազմում, ունի իր թիկունքում Թուրքիայի նման դաշնակից, այլ նաև բազմաթիվ միջանցքներ ունի խուսանավելու Ռուսաստանի հետ բանակցություններում։

Տարածաշրջանային հաղորդակցություններ, գազային, նավթային ռեսուրսներ, տարատեսակ խողովակներ, ԵԱՏՄ հնարավոր անդամակցություն, Իրանի հետ երկար սահման և այլն։

Մյուս կողմից՝ շատ հանգիստ կարող է մեզ վրա ազդել գերիների թեմայով, ըստ էության «պատանդներ-զիջումներ» պատմական բանաձևով, որը հիմնականում կիրառում էին հին աշխարհի և միջին դարերի միապետները։ Հատկապես իմանալով, թե թեման որքան առաջնային է մեզ համար։

Փաշինյանն ըստ էության խաղարկելու ոչինչ չունի, միայն արտասուքներ և մեկ հատ կիսատ-պռատ վետոյի իրավունք։ Վերջինիս պարագան դեռ հարց է, թե արդյոք դա հիմա՞ է պետք Ռուսաստանին, ու, ընդհանրապես, Ադրբեջանին ԵԱՏՄ կազմ մտցնելու խնդիր դրե՞լ է իր առաջ Կրեմլի տիրակալը, թե՞ այն թողնելու է ավելի ուշ փուլի։ Այդ խնդիրը նաև մեծապես կախված է լինելու Ռուսաստան-Թուրքիա բանակցային ֆորմատից։ 

Վարչապետի խոսնակի գրառումից նաև պարզ է դառնում, որ քննարկումների առանցքում ընկած են լինելու «տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:

Ադրբեջանական կողմը և հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն, ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որևէ դրույթ»։

Իհարկե կարող ենք այս հատվածն ընդունել հալած յուղի տեղ ու անցնել առաջ, եթե չլիներ մեկ մեծ ԲԱՅՑ։ Ինչի՞ դիմաց Ադրբեջանը պետք է բացի մեր հիմնական երթուղիները դեպի Ռուսաստան կամ ԻԻՀ։

Ի՞նչ ունենք տալու, բացի դեպի Նախիջևան գնացող ճանապարհից, որը չենք տվել։ Իհարկե հասկանալի է, որ ճանապարհների ապաշրջափակումը, հավելյալ ծախսերի կրճատումը տնտեսական մեծ օգուտներ կարող են բերել։ Բայց արդյոք ունա՞կ է այդ ամենը կազմակերպել ներկայիս իշխանությունը։ 

Ճանապարհների ապաշրջափակում ասվածը ենթադրում է տարածաշրջանային բոլոր ճանապարհների ապաշրջափակում։ Ճանապարհներ, որոնք փակ էին՝ արցախյան հիմնահարցից ելնելով։

Դրանք չեն կարող լինել միակողմանի, առավել ևս, որ Հայաստանը զիջելու բան չունի, իսկ Ադրբեջանն էլ հնարավոր զիջումների մեծ մասը վերցրել է զենքով, մի մասն էլ՝ թղթով։ 

Այն, որ ճանապարհների ապաշրջափակումը մեզ համար կենսական է, այդտեղ թերևս երկրորդ կարծիք լինել չի կարող, բայց ինչի՞ դիմաց։

Սա է ամենաշատն անհանգստացնում հանրության լայն շերտերին։ Թերևս միակ հույսն այն է, որ այդ ամենը ձեռնտու է Ռուսաստանին՝ իր հետագա ռազմավարական պլանների առումով։ 

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am