«Ժողովրդավարության պայմաններում իշխանությունը միշտ պիտի կասկածի իր վերընտրվելու հնարավորությանը». Վարդինե Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանը

– Տիկի՛ն Գրիգորյան, Երևան քաղաքի ավագանու ընտրության պաշտոնական քարոզարշավն արդեն մեկնարկել է: Ձեր դիտարկումներն եմ խնդրում:

– Մեկնարկի հետ կապված արդեն երկու հրապարակում ենք արել՝ վարչական ռեսուրսի և անհավասար լուսաբանման մասին, որը վերաբերում էր մինչև քարոզչության պաշտոնական մեկնարկին: Մինչև պաշտոնական քարոզչության մեկնարկը չի արգելվում քարոզչությունը ու նաև չի կարգավորվում, ինչը անհավասար լուսաբանման հնարավորություն է ստեղծում՝ ըստ իրենց նախապատվության: Բայց սա չպետք է ստիպեր, որ կիրառեին վարչական ռեսուրս ու ստեղծեին անհավասար հնարավորություններ: 

Պաշտոնական մեկնարկի ընթացքում կանոնները շատ ավելի խիստ են, գոնե լուսաբանման մասով, ենթադրում եմ, որ ավելի հետևողական կլինեն, բայց մենք կհետևենք: Հավաքների և այլնի մասով դեռ այդքան շատ տեղեկատվություն չկա իրականում, որ ներկայացնենք:

– Այսինքն՝ մինչև բուն քարոզարշավի մեկնարկը արձանագրե՞լ եք, որ կա անհավասար լուսաբանում:

– Այո՛, շատերը ֆիքսվում են հենց նրա վրա, որ մինչև պաշտոնական մեկնարկը քարոզչություն են անում, բայց դա անելն արգելված չէ, կարող են անել քարոզչություն, հարցն այստեղ այն ռեսուրսներն են, որոնք օգտագործվում են դրա համար: Մենք տեսել ենք, որ, այո՛, կա անհավասար լուսաբանում Տիգրան Ավինյանի համար, կա անհավասար պայմանների ստեղծում «Քաղաքացիական պայմանագրի» համար, կան վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր, որոնք արձանագրել ենք ու արդեն հրապարակել:

– Երևանի ավագանու ընտրություններից և քաղաքային իշխանության ձևավորումից ընդամենը 2 ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի ձևավորման մասին: Այս դրվագը ևս ուշագրավ է՝ հաշվի առնելով, որ նույն կառավարիչների կողմից՝ Հայկ Մարությանին պաշտոնից հեռացնելուց մի քանի ամիս անց, այն պատճառաբանությամբ, թե նման խորհրդի իմաստն անհասկանալի է, այն լուծարվել էր: Արդյոք ընտրությունների նախաշեմին նմանատիպ նախաձեռնությունը խնդրահարո՞ւյց չէ, եթե հաշվի առնենք, որ նույն երիտասարդական խորհուրդը կարող է ընտրություններին ևս իր դերն ունենալ՝ որպես քարոզչագործիք:  

-Բարդ է ենթադրել, թե ինչին կարող է ծառայել այս պահին այս խորհրդի հրատապ հավաքագրումը և արդյոք հակառակ ազդեցություն չի ունենա հենց ձեր նշած պատճառով: 

– Տիկի՛ն Գրիգորյան, ինչի՛ մասին է խոսում իշխանության նման քայլերի գնալը,  անինքնավստահությա՞ն: 

– Ժողովրդավարության պայմաններում իշխանությունը միշտ պիտի կասկածի իր վերընտրվելու հնարավորությանը: Անինքնավստահ լինելն ինքնին վատ չէ, եթե դրա արդյունքում ավելի լավ են աշխատում և չեն փորձում չարաշահումներով ապահովել առավելությունը։

-Արդյոք նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դաշտ մտնելը փոխե՞լ է նաեւ իշխանական լծակներն օգտագործելու միտումները: Եթե այո՝ ինչպե՛ս:  Այս մասով դիտարկումներ ունե՞ք: 

-Որպես դիտորդական առաքելություն՝ մեզ ավելի շատ հետաքրքրում են կարգավորումները և դրանց կիրառումը։ Առանձին թեկնածուների ազդեցությունը ընտրությունների վրա կդժվարանամ գնահատել։ Երևի միայն այն, որ քարոզչության հիմնական թեզը երկու թեկնածուների մեջ դառնում է նախորդ փուլում արված աշխատանքը միայն իրենց վերագրելու ձգտումը։

– Տիկի՛ն Գրիգորյան, մտավախությունները, որ իշխող քաղաքական ուժը գնալու է ընտրակեղծիքների, իրատեսական համարո՞ւմ եք, դո՞ւք էլ ունեք նման մտավախություն:

– Ճիշտն ասած՝ չէ, ես կարծում եմ, որ Ընտրական օրենսգիրքն արդեն բավականաչափ մեխանիզմներ նախատեսել է, որ քվեարկության օրը կեղծիքներ չլինեն, ու արդյունքների փոփոխություն չլինի: Ես կարծում եմ, որ դա ոչ թե մտավախություն է, այլ՝ ընտրությունները դելեգիտիմացնելու փորձ, որը ոչ մի բանով հիմնավորված չէ: Գոնե ես այս պահին այդ հիմնավորումը չեմ տեսնում: Եթե կլինի իսկապես տեղեկատվություն դրա մասին, օրինակ՝ ընտրացուցակների հետ կապված մանիպուլյացիաներ և այլն, իհարկե դրա մասին կխոսենք, բայց այս պահին դա ուղղակի կարծիք է, որը կիսելու հիմքեր չունեմ, որովհետև գիտեմ, որ քվեարկության օրը բավականին փոխզսպող համակարգ կա: 

Նույն ընդդիմության ներկայացուցիչները բոլորը ներկա են լինելու տեղամասերում՝ որպես վստահված անձինք, կամ հենց թեկնածուները ևս ձայների հաշվարկին կարող են ներկա լինել: Հեռահաղորդակցության միջոցներն էլ ներկայումս շատ տարբերվում են նրանից, ինչ կար 90-ականներին, ու նաև, իհարկե, բոլոր տեղամասերից կա ուղիղ հեռարձակում: Այսինքն՝ և՛ հանձնաժողովների բազմազանությունը, և՛ հեռարձակումը, և՛ սարքերի կիրառումը, փոխադարձ ստուգումները և այլն բավականին օգնում են:

– Այսինքն՝ նվազագույնի՞ են հասցված ընտրակեղծիքների դիմելու ռիսկերը:

– Հաստատ, դիտորդական առաքելությունները ևս ներկա են, ինչը ևս կանխարգելիչ դեր ունի: Ես իրականում կարծում եմ, որ դրանք նույն քարոզչության տարրեր են, երբ ասում են՝ ընտրակեղծիքների են գնալու, դրանք քարոզչական գործիքներ են դելեգիտիմացնելու արդյունքները, եթե դրանք իրենց համար անցանկալի լինեն: Ես չեմ ասում, որ քվեարկության օրվա ընթացքում այլ խախտումներ չեն լինելու, բացարձակ չեմ կարող դրա մասին խոսել, մինչև հիմա էլ տեսնում ենք՝ ընթացքում խախտումներ կան, բայց արդյունքների կեղծման մասին, չեմ կարծում, թե իմաստ ունի հիմա խոսել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am