Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները փակել են Վարդենիս-Մարտունի ճանապարհը

Վարդենիսի ավագանու ձայների մեծամասնությամբ քաղաքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները փակել են Վարդենիս-Մարտունի ճանապարհը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ճանապարհը փակած քաղաքացիները պնդում են, որ Վարդենիսի նորընտիր քաղաքապետը չի կարողանում իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները, քանի որ տարբեր մարդիկ խոչընդոտներ են ստեղծում նրա աշխատանքի համար: Ահարոն Խաչատրյանի կողմնակիցները պահանջում են, որպեսզի այդ խոչընդոտները վերացվեն և իրենց ընտրած թեկնածուն անցնի իր աշխատանքային պարտականությունների կատարմանը:

Մինչ այդ տեղի էր ունեցել Վարդենիսի ավագանու նիստը, որին չէին ներկայացել ավագանու ՔՊ-ական անդամները:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ: Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել և համայնքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն, հայտարարել էր, որ քաղաքապետի ընտրությունն անօրինական է, նրանք չէին ընդունել ընտրությունների արդյունքները և դիմել էին վարչական դատարան: Ահարոն Խաչատրյանի երդման արարողությունը տեղի է ունեցել համայնքապետարանի շենքի բակում, քանի որ երդման արարողության օրը ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ թույլ չէին տվել ավագանու անդամներին ներս մտնել: