Հայաստանում գիտությանը պատերազմ է հայտարարված

Հայաստանում գիտությանը պատերազմ է հայտարարված
Հայաստանում գիտությանը պատերազմ է հայտարարված

Հայաստանում աշխատավարձերի բարձրացումը շրջանցել է գիտության ոլորտը, ինչը գիտնականների մոտ դժգոհություն է առաջացրել: Խնդրի վերաբերյալ Lragir.am-ը զրուցեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, Գիտությունների ազգային  ակադեմիայի թղթակից անդամ Արթուր Իշխանյանի հետ:

Պարոն Իշխանյան, հուլիսի 1-ից Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը  կտրուկ բարձրացան, տարբեր ոլորտներում բարձրացում եղավ, սակայն գիտության ոլորտի վրա դա գրեթե չանդրադարձավ: Ինչպե՞ս եք գնահատում այս վիճակը:

Փաստացի բարձրացվել են բոլորի աշխատավարձերը, բացի Գիտությունների ակադեմիայի աշխատակիցներից: Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձն, իհարկե, ավելի շատ բարձրացավ: Կրթական ոլորտում նվազագույն՝ ընդամենը 14 տոկոսով աշխատավարձերի բարձրացում տեղի ունեցավ: Միակ ոլորտը, որն ընդհանրապես դուրս մնաց բարձրացումներից, ակադեմիական գիտության ոլորտն է: Այս իրավիճակն իհարկե անընդունելի է։ Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այսպիսի քայլերով ոլորտի հանդեպ որոշակի թշնամական գործողություններ են կատարվում: Այսպիսի վերաբերմունքը նկատելի է իշխանության վերին օղակների կողմից և, ըստ երևույթին, այդպիսի բան չի նկատվում միջին օղակների կողմից:

Խոսենք ավելի կոնկրետ. գիտության ոլորտի համար պատասխանատու երկու հիմնական մարմիններ կան՝ Գիտության պետական կոմիտեն և Գիտությունների ազգային ակադեմիան: Այդ երկու կառույցների աշխատանքը ես գնահատում եմ շատ դրական։ Այս առիթով հարկ եմ համարում ասել, որ հանրության մոտ հաճախ կան թյուր պատկերացումներ Գիտությունների ազգային ակադեմիայի վերաբերյալ, որովհետև քաղաքացիների պատկերացումներով՝ Ակադեմիան միայն Բաղրամյան 24-ում գտնվող շենքն է՝ իր ակադեմիկոսներով, թղթակից անդամներով ու նախագահությամբ: Բայց դրանք թյուր պատկերացումներ են, իրականում Ակադեմիան թվով մոտ 30 ակադեմիական ինստիտուտների ցանցն է, որտեղ մոտ 3000 գիտաշխատող է աշխատում: Խոսակցության առարկան այդ 3000 մասնագետներն են: Կատարենք պարզ հաշվարկ: Այս մասնագետների աշխատավարձերը նույն չափով, որքան ավելացվել են մանկավարժներինը՝ 14 տոկոսով, 70 հազար դրամ միջին աշխատավարձերի դեպքում, ավելացնելու համար կպահանջվի ամսական 10 000 հազար դրամ մեկ գիտաշխատողի հաշվով: Տարեկան կտրվածքով դա կկազմի մոտ 120 հազար դրամ, հետևաբար` 3000 գիտաշխատողի պարագայում՝ 360 մլն դրամ: 2014 թվականի մնացած այս կես տարվա համար կպահանջվեր 180 մլն դրամ, ինչն ավելի քիչ է, քան, օրինակ, նախագահի կողմից երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին ուղղվող հատկացումը: Կամ եկեք այս գումարը համեմատենք բիոզուգարանների վրա վատնված գումարների հետ, և պարզ կլինի, թե ինչ փոքր` գրեթե զրոյական, գումարների մասին է  խոսք գնում: Այդուհանդերձ, այդ գումարը խնայվել է: Սա դժվար է այլ կերպ որակել, քան թշնամական գործողություն ոլորտի հանդեպ:

Ընդհանրապես, երկար տարիներ մենք ականատես ենք արտահայտված ագրեսիայի: Այդ ագրեսիայի տարաբնույթ դրսևորումներ են եղել: Դրանց ցանկը բավական երկար է: Ես կարող եմ թվարկել մի քանիսը՝ մասնավորապես այն, որ գիտաշխատողներն ընդգրկված չեն մտավոր գործունեությամբ զբաղվողների ցանկում, այն, որ գիտության համաշխարհային օրը որևէ կերպ չի նշվում Հայաստանում` չնայած բազմաթիվ դիմումներին: Եվ դա այն դեպքում, երբ բոլորովին վերջերս մեծ շուքով նշվեց պարողների միջազգային օրը: Կրկնեմ, գիտության համաշխարհային օրը նշելու առաջարկով եղել են բազմաթիվ դիմումներ, բայց որևէ արձագանք չկա: Եվ այսպես շարունակ, մեծ քանակությամբ թշնամական գործողությունների շարք կա: Հետևաբար, իմ եզրակացությունը հետևյալն է՝ գիտությանը հայտարարված է պատերազմ, և ամեն ինչ գնում է դեպի գիտության ոլորտի լուծարում:

Վերջին տարիներին կառավարությունը խոսում է գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու մասին: Խոստումներ կան, բայց գործնական քայլեր այդպես էլ չեն արվում:

Այո, ցավոք, այդ ուղղությամբ ոչ մի որոշիչ քայլ չի իրականացվել: Իհարկե, Գիտության պետական կոմիտեն և Գիտությունների ազգային ակադեմիան փորձել են կատարել առավելագույն հնարավորն այդ ուղղությամբ: Օրինակ, ակադեմիան մի շարք մշակումներ է ներկայացրել կառավարություն, բայց դրանք հավանության չեն արժանացել։ Ցավոք սրտի, որևէ գործողություն չի հետևել դրանց, իսկ հիմնավորումները որևէ հիմք չեն տալիս խոսելու կառավարության կողմից պրոֆեսիոնալ մոտեցման մասին: Գիտության պետական կոմիտեի կողմից ևս, իհարկե, գիտության առևտրայնացման ուղղությամբ մրցույթներ են անցկացվել, մի շարք նախագծեր են ֆինանսավորվել, ենթադրում եմ, որ դրանք ինչ-որ դրական արդյունք կտան: Բայց այդ ամենը պատկերավոր կարելի է անվանել կաթիլներ ծովում: Իրականում գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու համար անհրաժեշտ քայլերը պետք է մի քանի անգամ ավելի ամուր ու հետևողական լինեն: Եզրակցությունն այն է, որ որոշիչ, շոշափելի քայլեր չեն արվել այդ ուղղությամբ:

Գիտության ֆինանսավորման հարցը շարունակում է խնդրահարույց մնալ: Ոլորտի մասնագետները պահանջում են բարձրացնել ֆինանսավորման չափը, իսկ կառավարությունը շոշափելի քայլեր չի անում: Ի՞նչ իրավիճակ է ֆինանսավորման առումով և ի՞նչ է պետք անել:

Իրականում վիճակն այսպիսին է՝ այսօր գիտության տարեկան ֆինանսավորումը կազմում է  11.3-11.4 մլրդ դրամ: Սա  չի գերազանցում բյուջեի ծախսային մասի մեկ տոկոսը: Անշուշտ, այս թվերն անբավարար են: Մասնագետների գնահատականով՝ նվազագույնը ոլորտին 3-4 անգամ ավելի ֆինանսավորում է պետք, որպեսզի ոլորտը նախ դուրս գա գոյատևման վիճակից ու ապա զարգանա, երկրորդ, որպեսզի նրա տված տնտեսական արդյունքը լինի շոշափելի: Այո, այստեղ անհրաժեշտ նվազագույնը գիտության ֆինանսավորման ներկա ծավալների եռապատկումը կամ քառապատկումն է: Սա նվազագույն պահանջն է, բայց ես կանգ չէի առնի նվազագույն պահանջի վրա: Ես կասեի, որ իրականում, քանի որ մենք սահմանափակ ռեսուրսներով երկիր ենք, ապա շատ ավելին պետք է ապահովենք գիտության ոլորտի համար: Եվ պետք է, բնականաբար, ձգտենք երկրորդ՝ ավելի բարձր նշաձողին, որը պետք է կազմի ՀՆԱ-ի 2 տոկոսը, որը հանդիսանում է եվրոպական միջին ցուցանիշ: Դա բյուջեի ծախսային մասի մոտ հինգ տոկոսն է կազմում: Այս դրույթը նշված է Հայաստանի հանրապետության Գիտության զարգացման ռազմավարությունում, որը կառավարությունն ընդունել է 2010 թվականին: Այդ ռազմավարությունը 2010-2020 թվականների համար է: Ըստ այդմ՝ մինչև 2020 թվականը Հայաստանում գիտության ֆինանսավորման ծավալները պետք է հասցվեն եվրոպական միջին ծավալներին: 2011 թվականին ընդունվեց ռազմավարության հնգամյա զարգացման ծրագիրը՝ 2011-15 թվականների համար, որտեղ այդ ցուցանիշն արդեն շրջանցված է, որը շատ հատկանշական է: Բայց, բոլոր դեպքերում, մենք 2020 թվականի համար ունենք կառավարության կողմից հայտարարված 2 տոկոսը:

Եթե ռազմավարությունում դա նշված է, իսկ միջնաժամկետ ծախսային ծրագրերում դա չկա, հետևաբար անհնար է ենթադրել, թե հնարավոր է հնգապատկել ֆինանսվորումը մնացած չորս տարում, դա ուղղակի անհեթեթության պես մի բան է, քանի որ դա ուղղակի հնարավոր չէ իրականացնել տեխնիկապես: Ուստի այս ռազմավարությունն ամենայն հավանականությամբ կարելի է համարել տապալված:

Մեր նման երկրի պարագայում, խելացի վարվելու և լուրջ հավակնություններ ունենալու պարագայում, մենք պետք է գիտությանը հատկացնենք ոչ պակաս, քան ՀՆԱ-ի 3 տոկոսը: Ավելի ճիշտ կլինի պահանջել հենց ՀՆԱ-ի 3 տոկոսը: Այդ պահանջը տրամաբանական է  և արտահայտվել է գիտնականների կողմից: Մասնավորապես, «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը դա հենց իր հիմնական պահանջն է համարում: Բազմաթիվ քննարկումներ են եղել, բայց, բնականաբար, ոչինչ չի արվում, և շանսերը, որ կարվեն, գրեթե զրոյական են: Բոլոր դեպքերում, ինձ թվում է, որ մենք այլ ելք չունենք, լավ է ուշ, քան երբեք, ուստի կարծում եմ՝ անհապաղ պետք է ավելացնել գիտության ֆինանսավորման ծավալները: Դա ամենևին չի նշանակում, որ այդ ֆինանսավորումն ամբողջությամբ պետք է հատկացվի բյուջեից: Գիտության ոլորտում մեծ դերակատարում պետք է ունենա մասնավորը: Կարդալ ավելին