«Կապանը Ղարաբաղին մոտ ա, հույսս էն ա, որ գյուղը հետ տան, ստեղից շուտ եմ հասնելու մեր գյուղ»․ Ստեփանյանները՝ Տումի գյուղի կարոտով

C:\Users\user\Downloads\214867566_313635827164283_822870070038343901_n.jpg

Լուսանկարում Նորայրի ու Սաթինեի երազանքի տունն է՝ Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Երիտասարդ ամուսինների տարիների չարչարանքը մնացել է թշնամուն, իսկ իրենց՝ հիշողություններ ամեն դրած քարի ու տնկած ծառի մասին, որոնք ընտանիքը կարոտով վերհիշում է։

«Հենց գյուղը տվին՝ վերադառնալու եմ, քանդած էլ լինի՝ վերադառնալու եմ, որովհետև ես ընդեղ եմ ծնվել, ընդեղ մեծացել։ Հորական տնից դուրս եկա, 6 տարի առաջ տուն գնեցի, մինչև հիմա էդ վարկերն եմ փակում։ Մեկս մյուսին հույս ենք տալիս, որ գնալու ենք»,- ասում է Նորայրը։ 

Հետո ափսոսանքով ավելացնում՝ տան կտուրը պիտի փոխեին, շինանյութը պահեստավորել, սակայն այդպես էլ չհասցրին նորոգումը վերջնական ավարտել։ Գյուղում հողագործությունը, անասնապահությունն էր, զուգահեռ էլ պայմանագրային ծառայող էր։ 

Պատերազմը սկսվելուց հետո՝ մինչև հոկտեմբերի 9-ը, Սաթինեն և չորս անչափահաս երեխաները չեն լքել հարազատ գյուղը։ Երբ արդեն լսել են, որ հակառակորդը հասել է Հադրութ, հարկադրաբար դուրս են եկել՝ կարծելով՝ ընդամենը մի քանի օրով են տեղահանվում։ 

«Ամուսինս պայմանագրային ծառայող էր, սեպտեմբերի 27-ին դիրքերում էր։ Հայրիկս եկավ մեզ ու տեգորս ընտանիքը բերեց Լաչինի պոստ, էնտեղից իրան չթույլատրեցին հատել սահմանը։ Կապանի բարեկամները տաքսի ուղարկեցին, և եկանք այստեղ։ Գիշերվա ժամը 2-ին տեղ հասանք։ Մութը ընկնելուց հետո ճանապարհվեցինք, քանի որ վտանգավոր էր, անընդհատ անօդաչուներ էին երկնքում պտտվում, հայրիկս հենց շարժ էր նկատում, մեքենան կանգնացնում էր։ 

E:\@ntaniq erkatuxayin\IMG_20210707_193010.jpg

Պատկերացրեք, ոչ մի բան չեմ վերցրել՝ մի ձեռք շոր երեխաներին և ծննդականները»,-պատմում է Սաթինեն՝ ավելացնելով, որ 2 ամիս մորաքրոջ տանն են հյուրընկալվել։ Նոյեմբերի 9-ից հետո Նորայրը գալիս և ընտանիքին Կապանից տեղափոխում է Երևան։ Բայց չհարմարվեցին, Ստեփանյանների ընտանիքը դարձյալ ուղղություն վերցրեց դեպի Կապան։ Տուն վարձակալեցին և հիմնավորվեցին այստեղ։

Հարցին, թե ինչու ուղղություն վերցրեցին Կապան, այլ ոչ թե այլ քաղաք կամ մարզ, Նորայրը պատասխանում է. 

«Կապանը Ղարաբաղին մոտ ա, հույսս էն ա, որ գյուղը հետ տան, ստեղից շուտ եմ հասնելու մեր գյուղ,- դեմքին ժպիտ հայտնվելով ասում է չորս երեխաների հայրը։ 

E:\@ntaniq erkatuxayin\IMG_20210707_193235.jpg

Բնակարանի պայմաններից դժգոհ չեն, անհրաժեշտ կենցաղը կարողանում են ապահովել, չնայած երեխաները հաճախ են ասում․

– Մամա՛, կռիվը պրծել ա, բա խի՛ չենք գնում մեր գյուղը, մեր տունը։ 

Դժվար կացության մեջ հայտնված հազարավոր ընտանիքների նման սեփական չորս պատ ունենալն է հիմա օրակարգային հարց։ Ամուսիններով չեն աշխատում, Նորայրը պայմանագրային ծառայությունից դուրս է եկել, Սաթինեն էլ 13, 9, 7 և 5 տարեկան երեխաների խնամքով է զբաղվում։ 

Ընտանիքի բյուջեն առայժմ գոյանում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցության գումարներից՝ անչափահասների 68000-ական դրամները, հյուրընկալության համար տրվող 60 հազար գումարը և յուրաքանչյուր չափահասի 30000-ական գումարը։ Նորայրն աշխատանքի տեղավորվելու համար փաստաթղթեր է պատրաստել, դիմել, սպասում է պատասխանի։ 

«Առհասարակ փաստաթղթերի բացակայության պատճառով ցանկացած հարցում քաշքշուկներ են։ Մեկ շաբաթ առաջ դարձյալ գնացի Ստեփանակերտ՝ տան սեփականության վկայականը վերականգնելու, իրենց ծննդականների, անձնագրերի համար բազում դժվարությունների միջով անցած 34-ամյա Սաթինեն զրույցի ընթացքում հաճախ էր կրկնում․

– Միայն թե էլ պատերազմ չլինի, գոնե մեր երեխաները խաղաղ երկրում ապրեն։ Բաղձալի երազանքը երիտասարդ կնոջ ամենօրյա աղոթքներում է։

Խաղաղության մասին խոսելիս Նորայրին հարցրի․

– Իսկ երբևէ մտածե՞լ էիք, որ կարող է պատերազմ լինել, օրինակ՝ թեկուզ սեպտեմբերի 27-ին նախորդած օրերին որևէ բան նկատելի՞ էր:

– Ոչ մեկս չէր մտածում, որ պատերազմ կլինի։ Պոստերից ամսի 31-ին պիտի տուն իջնեի 14-օրյա հերթափոխից հետո։ Սեպտեմբերի 27-ի առավոտ կրակոցներ սկսվեցին։ Ջաբրայիլից սկսած մինչև Շուռնուխ՝ տարբեր տեղեր եղել եմ, հետո որպեսզի ընտանիքիս մենակ չթողնեմ օտարության մեջ, որոշեցի ծառայությունս դադարեցնել և այլ աշխատանք փնտրել,- ասում է Նորայրը։ 

Ամբողջ զրույցի ընթացքում 9-ամյա Մելինեն, 7-ամյա Լուիզան և 5-ամյա Շմավոնը անընդհատ ելումուտ էին անում սենյակ, իջնում բակ, նորից տուն գալիս, երեխաները կարծես ընտելացել են նոր միջավայրին, բայց, միևնույն է՝ իրենց սիրուն գյուղն են ուզում, բակը ու գյուղի ընկերներին:

Նելլի Միրզախանյան

MediaLab.am