«Առնիկայի» փորձագետները կժամանեն Հայաստան՝ քիմիական աղտոտվածության հետազոտություններ իրականացնելու համար. «ԷկոԼուր»

Հունիսի 13-18-ը չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպության փորձագետները, Հայաստանի հասարակական կազմակերպությունների՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի» և «ԷկոԼուրի» հետ համատեղ, կանցկացնեն քիմիական աղտոտվածության հետազոտության նոր փուլ Արարատի մարզի Արարատ համայնքում և Արագածոտնի մարզի Մելիքգյուղ բնակավայրում։ Հետազոտություններն անցկացվում են «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում քիմիական անվտանգության պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

«Մեր առաքելության շրջանակներում մենք կենտրոնանալու ենք ոսկու հանքաքարերի արդյունահանման և վերամշակման հետ կապված տարածքների վրա, որոնք ենթակա են արդյունաբերական աղտոտման, տվյալ դեպքում՝ ծանր մետաղներով: Ամենամեծ վտանգն այն է, որ ծանր մետաղների ազդեցությունը երկար ժամանակ աննկատ է մնում։ Մարդը կարող է չնկատել տեղի ունեցող փոփոխությունները, քանի որ աղտոտիչների այս խմբի ազդեցությունն աստիճանաբար է կուտակվում։

Աղտոտված տարածքում երկարատև ապրելը կարող է ազդել նաև ապագա սերունդների վրա: Տեղի բնակիչներին հնարավոր ռիսկերի մասին իրազեկելու և բնակիչների առողջության ու կյանքի որակի վրա աղտոտվածության ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով մենք իրականացնելու ենք հանքաքարի արդյունահանման և վերամշակման վայրերին մոտ տարածքներում ծանր մետաղների առկայության հետազոտություններ», – ասում է ծրագրի համակարգող, «Առնիկա» կազմակերպության ներկայացուցիչ Վալերիա Գրեչկոն։

Ծրագրի հայաստանյան գործընկեր, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը կարծում է. «Կատարված վերլուծությունների շնորհիվ հանքարդյունաբերության ազդակիր համայնքների բնակիչները, ովքեր տասնամյակներ շարունակ տեղեկատվական անհայտության մեջ են, տեղեկատվություն կստանան առողջական ռիսկերի մասին և էկոլոգիական միջավայրի, որում նրանք ապրում են։

Սա հնարավորություն կտա պաշտպանել սեփական իրավունքներն ինչպես տեղական, այնպես էլ ազգային մակարդակով, ինչը, իր հերթին, կնպաստի հանքարդյունաբերության ոլորտի և կառավարության քաղաքականության պատասխանատվության բարձրացմանն այս ոլորտում: Նաև հնարավորություն կտա բարձրացնել քաղաքացիների մասնակցությունը շրջակա միջավայրի և սեփական առողջության պահպանման հարցերում»։

Հիշեցնենք, որ 2018 թվականից «Առնիկա»-ն անցկացնում է  արդյունաբերական աղտոտվածության հետազոտություններ հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ։ Նախկինում հետազոտություններ են անցկացվել Լոռու և Կոտայքի մարզերում, Ալավերդու պղնձաձուլարանի, Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի, Շամլուղի պղնձի հանքավայրի և երեք պոչամբարների, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի և պոչամբարի, Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի և պոչամբարի,  Մղարթի ոսկու հանքավայրի և պոչամբարի, Քարաբերդի ոսկու հանքավայրի, Մեղրաձորի ոսկու հանքավայրի ազդեցության տակ գտնվող տարածքներում։ Նախկին հետազոտությունների արդյունքները հասանելի են «Առնիկայի», «ԷկոԼուրի» և  «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի» կայքերում։

Հետազոտությունների  նպատակն է գնահատել արդյունաբերական աղտոտվածության ազդեցությունն առողջության, շրջակա միջավայրի և սոցիալական ոլորտի վրա:

Մշակված հետազոտության մոդելը հիմնված է վերլուծությունների վրա, որոնք արվել են ըստ հատուկ սխեմայի՝ ներառելով շրջակա միջավայրի բաղադրիչների միջոցով աղտոտման շղթայի բոլոր օղակները՝ (օրինակ՝ հող, գետի հատակային նստվածքներ, փոշի) ընդհուպ մինչև մարդու օրգանիզմ:

Մոդելում առավելագույնս հաշվի են առնվում այնպիսի գործոններ, ինչպիսիք են աղտոտող աղբյուրի կոորդինատները, աղտոտիչների բաղադրությունը, քամիների ուղղությունը, աղտոտման աղբյուրների՝ տներին, ջրային օբյեկտներին և գյուղատնտեսական հողերին մոտ լինելը և այլն:

«Արդյունաբերական աղտոտվածությունն ամենամեծ խնդիրներից է, որի լուծումը պահանջում է զգալի ռեսուրսներ։ Մեր ծրագիրը տրամադրում է անհրաժեշտ բազա հանքարդյունաբերության ոլորտի իրավական կարգավորման, առողջության և շրջակա միջավայրի համար կառավարության պատասխանատվության բարձրացման համար: Այս գործընթացներում հիմնական դերը վերապահված է ոչ միայն փորձագետներին, այլ նաև վտանգված տարածքներում ապրող բնակչությանը, մարդկանց, ովքեր պատրաստ են պաշտպանելու իրենց իրավունքները՝ օգտագործելով տրամադրված գործիքները և աղտոտման մասին տեղեկատվությունը»,- ասաց «ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։