Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը.ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրամանով սահմանվել է 2022-2023 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները։

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել է որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ http://env.am/storage/files/order-287.pdf

 2022-2023 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, սովորական կաչաղակի, գայլի և շնագայլի անսահմանափակ որս։

 Հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից որսորդական միություններին տրամադրվում են նախապես հայտագրված քանակի լիցենզիաներ, որոնք կազմակերպությունների ներսում կբաշխվեն որսորդական միության անդամների միջև։

Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցող մեր հայրենակիցներին հորդորում ենք որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։

❗️Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։