Ֆրանսիայի պաշտպանության նախարարը շատ բաց տեքստով հայտարարեց, որ Ֆրանսիան չի գալու կռվի Հայաստանի փոխարեն. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, աշխատանքային այցով Ֆրանսիա էր մեկնել Նիկոլ Փաշինյանը, պաշտպանական սպառազինության խմբաքանակ առաքվեց Հայաստան, պաշտոնական այցով Երևանում է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը։ Կարո՞ղ ենք ասել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների նոր փուլ է սկսվում։

– Անկասկած, իհարկե նոր փուլի մասին է խոսքը, այսինքն՝ նոր փուլ ոչ միայն երկկողմ հարաբերության իմաստով, այլև, իմ գնահատմամբ՝ ընդհանրապես նաև այս համաշխարհային փոփոխությունների համատեքստում, որովհետև այս հայ-ֆրանսիական հարաբերություն ասվածը Փարիզի համար անշուշտ աշխարհաքաղաքական շատ ավելի մեծ տրամաբանությամբ խաղի մի օղակ է, և դրա մասին, մեծ հաշվով, բավական բաց տեքստով նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց փետրվարի 21-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից առաջ, խոսելով Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա հաղորդուղիների կարևորության մասին, հիշեցնելով, որ ինքն այդ մասին հայտարարել է նաև Կենտրոնական Ասիա կատարած այցի ընթացքում։ Սա հենց այդ ավելի մեծ խաղի ու Ֆրանսիայի ավելի մեծ պատկերացումների տրամաբանության շրջանակում ծավալվող, անշուշտ նոր փուլ է։ 

– Հարաբերությունների այս նոր փուլն ի՞նչ է տալու Հայաստանին՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները։

– Սա, իհարկե, կախված է նրանից, թե այդ փուլն ի՛նչ տրամաբանությամբ կզարգանա, ու ինչ բովանդակություն կձևավորվի դրա տակ ավելի մեծ իմաստով, որովհետև այստեղ գլխավոր խնդիրը, եթե պայմանական ձևակերպենք, հետևյալն է․ Ֆրանսիան դիտարկում է Կովկասը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պայմանավորվելու գոտի ու Հայաստանը դիտարկում որոշակի խաղաքարտ այդ հարցո՞ւմ, թե՞ փորձում է ձևավորել պայմանավորվածության այլ սխեմաներ, ու դրանց նպատակը նաև հենց Թուրքիային շրջանցելն է, այդ կերպ փորձելով Թուրքիայից եկող ռազմավարական ռիսկերն ու մարտահրավերները չեզոքացնել՝ ավելի լայն իմաստով, այդ թվում՝ Միջերկրածովյան և Եվրոպական մայրցամաքային ուղղությամբ։ Սրանից է կախված, թե ինչպիսի զարգացում կարող է լինել, ու Հայաստանի համար ռիսկերի ու հնարավորությունների ինչ հարաբերակցություն կարող է լինել։ 

Եթե Ֆրանսիան ուզում է առավելագույնս անկախ լինել թուրքական ազդեցությունից, ապա դա ենթադրում է, որ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա հաղորդուղիները Ֆրանսիան պետք է դիտարկի ոչ թե Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա սխեմայով, այլ դեպի Հնդկաստան-Իրան ու Իրանով դեպի Վրաստան-Սև ծով տրամաբանությամբ, որովհետև այստեղ արդեն հարցը կախված է նրանից, թե Ֆրանսիան ո՛ւմ հետ է աշխատելու։ Արդյոք աշխատելո՞ւ է Իրանի, Հնդկաստանի հետ, բայց այդ համատեքստում անխուսափելի է դառնալու, իմ գնահատմամբ, աշխատանքը Ռուսաստանի հետ Վրաստանի ուղղությամբ, որովհետև Հայաստանի հետ Ֆրանսիայի հարաբերության խորքային զարգացում՝ առանց Վրաստանի համարժեք ռեժիմի, պարզապես անհեռանկար է ու գործնականում անհնարին։ Իսկ ինչպե՞ս Վրաստանում հասնել այդպիսի ռեժիմի, երբ կան, օրինակ՝ Թուրքիան ու Ադրբեջանը՝ Վրաստանի նկատմամբ իրենց ազդեցությամբ։ 

Այս բոլոր հարցերն են առկա հասկանալու համար, թե հայ-ֆրանսիական հարաբերությունների նոր փուլն ու ընդլայնման մասին խոսակցությունները ի՛նչ տրամաբանությամբ կզարգանան, ու ըստ այդմ՝ դրանք ավելի շուտ կարագացնեն ու կսրե՞ն Հայաստանի հանդեպ ռիսկերը, մարտահրավերները, թե՞ հակառակը՝ հնարավորություն կտան ձևավորել որոշակի պետությունների առնվազն լռելյայն փոխգործակցության մի այնպիսի միջավայր, որն ավելի կբարձրացնի տարածաշրջանային կայունության հավանականությունը։ 

– Պարո՛ն Բադալյան, այն ոգևորվածությունը, որ կա մեզանում, որ «ֆրանսիական նավերը փաստորեն բարձրացան հայկական լեռներ», արդարացված համարո՞ւմ եք, թե՞ ժամանակից շուտ է հայ հանրությունը ոգևորվել։

– Եթե պարզապես շարքային քաղաքացիների մոտ է այդ ոգևորվածությունը, որքան էլ իռացիոնալ է քաղաքական իմաստով, այդուհանդերձ հասկանալի է, որովհետև մարդիկ բավական ծանր պատմական շրջան են անցնում։ Բայց առավել տարակուսելի է այն, որ համանման տրամադրություններ գեներացնում են այն ինստիտուտները, որոնք, հակառակը՝ պետք է նպատակ ունենային ու գործեին հենց ամեն ինչ դեպի ռացիոնալ ֆիլտրեր ու ռացիոնալ հուն մղելու ուղղությամբ՝ նկատի ունեմ փորձագիտական կենտրոններ, առանձին գործիչներ, քաղաքական ուժեր և այլն։ 

Սա է, որ տարակուսելի է, որովհետև այդ կերպ մենք, փաստացի, առանց այդ էլ սուբյեկտության խնդիր ունեցող Հայաստանին զրկում ենք այն վերջին փշրանքներից էլ՝ մեր հասարակության մեջ ձևավորելով իրադարձությունների նկատմամբ հետևյալ տրամաբանությունը․ արտաքին դաշտում իքս խաղացողը վատն է, ու մեզ հավատարիմ չէ, դավաճանում է, վաճառում է, իսկ իգրեկը մեզ հավատարիմ կլինի, մեզ կօգնի, մեզ տիրություն կանի։ 

Մինչդեռ, ինչպես նշեցի, տեսնում ենք, որ կան բազմաթիվ ու բազմաշերտ աշխարհաքաղաքական հարցեր, որոնց պատասխաններն են միայն մեզ թույլ տալու տեղի ունեցող պրոցեսներին ճիշտ գնահատական տալ։ Իսկ այդ «ֆրանսիական նավերը հասան հայկական լեռներ» և այլն, Ֆրանսիայի պաշտպանության նախարարը շատ բաց տեքստով հայտարարեց, որ ֆրանսիական բանակը, Ֆրանսիան չեն գալու կռվելու Հայաստանի փոխարեն, այսինքն՝ մենք ստանում ենք սպառազինություն, ընդ որում՝ այսօր դեռ ստանում ենք, մեղմ ասած, շատ համեստ ծավալի սպառազինություն, ու հիմա մտածել, որ այդ սպառազինությունը լուծում է մեր բոլոր հարցերը, կամ մեր հարցերը լուծում են հնչեղ հայտարարությունները, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է, կրկնում եմ՝ քաղաքական իմաստով կլինի, մեղմ ասած, շատ վտանգավոր մոլորություն։ 

Եվ ինչու եմ ասում, որ հասարակությանը պետք է դուրս բերել այդ «չարի ու բարու» պատկերացումից, որովհետև այդ կերպ մեր հանրության հանդեպ պատասխանատու ենք դարձնում բոլորին, ու արտաքին խաղացողները հասկանում են, որ մի երկու քաղցր խոսքով կամ ժեստով հնարավոր չէ հայ հասարակությանն «իրենցով անել», ու սա, բնականաբար, բարձրացնելու է հայ հասարակության հանդեպ արտաքին պատասխանատվության աստիճանը: 

Չեմ ասում, որ սա բացարձակապես լուծելու է բոլոր հարցերը, բայց էապես բարձրացնելու է նաև մեր սուբյեկտայնությունը։ Սրա համար, այո՛, ես համարում եմ, որ բավական վտանգավոր են ինստիտուցիոնալ մակարդակում այն անհամարժեք, վարդագույն գնահատականները, որ հնչում են, որովհետև դրանք չեն նպաստում Հայաստանի քաղաքական սուբյեկտության բարձրացմանը, որովհետև Հայաստանը իր աշխարհաքաղաքական հետաքրքրության աստիճանով, միևնույն է, արժանանալու է արտաքին խաղացողների այն ուշադրությանը, որին արժանանում է, իսկ նրանք այդ ուշադրությունը դրսևորում են իրենց շահերից ելնելով, իրենց համար։ 

– Նկատի ունեք, որ միայն մեկ կողմի օգնությանն ապավինելը սխա՞լ է։

– Ընդհանրապես, որևէ օգնության ապավինելն է սխալ, ես դրա համար նշեցի, որ պետք է հասկանանք, թե այդ առաջարկների, պատրաստակամության տակ ի՛նչ քաղաքական մոտիվներ կան, որ խաղացողն ի՛նչ մոտիվով է մեզ հետ համագործակցում կամ գնում մեր հակառակորդի հետ համագործակցում: Տվյալ դեպքում՝ պետք է հասկանանք, թե ինչպիսի՛ն են Ֆրանսիայի շահերը, պետք է հասկանանք, որ ինչպիսին էլ լինեն այդ շահերը, Ֆրանսիան չի գնալու Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ առճակատման տրամաբանությամբ, որովհետև տարբեր տեղերում ունի նաև նրանց հետ աշխատելու անհրաժեշտություն, էլ չեմ ասում այն մասին, որ Ֆրանսիան միլիարդանոց ներդրումներ ունի Ադրբեջանում ու այդպիսի ներդրումներ ունենալու ծրագրեր։ 

Այս իմաստով պետք է հասկանանք, թե ինչի՛ հետ գործ ունենք, որ հետո մեր սխալ, պատրանքային պատկերացումների համար չնեղանանք Ֆրանսիայից, ու այս տեսանկյունից Ֆրանսիան՝ իր պաշտպանության նախարարի շուրթերով, շատ հստակ հայտարարեց, որ Ֆրանսիան չի գալու ու կռվի Հայաստանի փոխարեն: Այլ հարց է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ իրենց մրցակցության, ավելի շուտ՝ Թուրքիայի, համատեքստում իրենք կարող են փորձել կառուցել այդ շրջանցիկ սխեմաները, իսկ այստեղ մենք պետք է փորձենք օգտագործել այդ հնարավորությունը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am