«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը
– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանը երեկ խախտել է հրադադարը՝ կրակելով Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Իրավիճակի լարում կա նաև Արցախում։ Ի՞նչ է սա ենթադրում, Ադրբեջանն ի՞նչ նպատակ է հետապնդում այս փուլում։
– Ադրբեջանը տեսնում է, որ բլոկադան իրենց համար ցանկալի արդյունք չի տալիս, ու փորձում են գնալ այլ ճանապարհով։ Այն առումով չի տալիս, որ իրենք գնալով ավելին են ուզում, իսկ այդ ավելին այն է, որ Արցախում հայեր չպետք է ապրեն, ու Արցախը պետք է դատարկվի, ու այդ նպատակով մարտի 5-ին կազմակերպվեց այդ ահաբեկչական դիվերսիան, որից հետո անմիջապես իրավիճակը լարվեց։
Իրականում իրենք առաջինը հասան Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությանը, և ես ասել եմ, որ դա Բաքու-Մոսկվա պայմանավորվածությունների արդյունք եմ համարում, հավանաբար Մոսկվան հույս ուներ դրանով հասնել ինչ-որ գործողությունների Ադրբեջանի կողմից միջանցքի ապաշրջափակման մասով, բայց հակառակ արդյունքն ունեցան։ Ադրբեջանն ազատվեց այն մարդուց, որը միջազգային հանրությանն ակտիվորեն ներկայացնում էր, թե ինչ է տեղի ունենում Արցախում, ու հիմա իրենց համար ավելի հեշտ է Արցախի դեմ գնալ գործողությունների ու քայլերի փակ ինֆորմացիոն այս տիրույթում։
– Ռազմական նոր էսկալացիայի հնարավորության հավանականությունը որքա՞ն եք գնահատում։
– Ես չունեմ օպերատիվ տեղեկատվություն ու կարող եմ իմ վերլուծությունները կառուցել բաց աղբյուրների հիման վրա։ Իսկ դրանք, իրենց ելույթները, մամլո հաղորդագրություններում իրենց սպառնալիքները, հանրային-տեղեկատվական դաշտում հնչող կարծիքները գալիս են փաստելու, որ իրենք իսկապես պատրաստ են գնալ էսկալացիայի։
Իրենք դա անվանում են «հակաահաբեկչական գործողություն» Արցախի դեմ, նույնիսկ հնչում է տեսակետ, որ պետք է այդ գործողություններով ազատվեն ոչ միայն հայերից, այլ նաև արագորեն դուրս բերեն ռուս խաղաղապահներին տարածաշրջանից։ Վերջերս ադրբեջանցի մի պատգամավոր գրառում էր արել՝ նշելով, որ Ադրբեջանի բնակչության 99,9%-ը կողմ է, որ հենց այս պահին ռուսները դուրս գան Արցախից։
– Իսկ էսկալացիան լինելու է միայն Արցախի՞, թե՞ նաև Հայաստանի ուղղությամբ։
– Չեմ բացառում նաև Հայաստանի ուղղությամբ գործողությունները, որովհետև Ադրբեջանն անընդհատ այդ ակնարկն անում է, հաղորդագրություններում դա կա, օրինակ՝ մարտի 7-ի, 9-ի իրենց ՊՆ հաղորդագրություններում հստակ առկա է իրենց կողմից հնարավոր գործողությունների գնալու ահազանգը։
Հայաստանը ոչ թե պետք է նստի ու սպասի, թե Ադրբեջանը երբ կարող է գնալ սադրանքների, հետո նոր դիմի միջազգային իր գործընկերներին, այլ պետք է կանխարգելող քայլեր ձեռնարկի։ Թող միջնորդները, որոնք այդքան համառորեն պայքարում են խաղաղության պայմանագրի կամ չգիտեմ ինչպիսի պայմանագրի կնքման ուղղությամբ, հենց հիմա քայլեր ձեռնարկեն Ադրբեջանին զսպելու համար, հակառակ դեպքում խաղաղությանը միտված իրենց բոլոր ջանքերն արժեզրկվում են, երբ Ադրբեջանը հերթական հարձակումն է գործում։
– Չնայած իրականում կատարվողին, Ադրբեջանի նախագահը երեկ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի կնքման համար որևէ խոչընդոտ չկա, Հայաստանի վարչապետն էլ շարունակում է պնդել, որ ինքը հետ չի կանգնում խաղաղության դարաշրջանի իր գաղափարից։ Իրականում կատարվողի համատեքստում կողմերի ղեկավարների նման հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում։
– Այդ նույն հայտարարության տեքստում Ադրբեջանի նախագահը խոսում էր այն մասին, որ իրենք վրեժ են լուծել հայերից մարտի դաշտում 2020 թվականի պատերազմի ժամանակ, որ ամեն անգամ, երբ հայերը, իրենց կարծիքով, ապակառուցողական դիրքորոշում են արտահայտում, ապա Ադրբեջանը գնում է ռազմական ճանապարհով։
Այսինքն՝ նույն տեքստում բազմաթիվ սպառնալից հայտարարություններ կան, ու ես առիթներ ունեցել եմ ասելու, որ դա ոչ թե խաղաղության հաստատման առաջարկ է, այլ Ադրբեջանը սպառնում է մեզ այդ պայմանագրով, որն իր կարծիքով պետք է հիմնված լինի բացառապես Ադրբեջանի ցանկության վրա։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանը, նա շարունակ այդ միտքն ասում է, բայց փաստն այն է, որ իրենք այդպես էլ չեն կարողանում գտնել որևէ միջազգային երաշխավոր, որն իրենց կխոստանա, որ, օրինակ՝ եթե Արցախի հարցում զիջման գնան, այսինքն՝ թղթով Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում, դրանից հետո Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի վրա։
Կարծում եմ՝ իրենց հիմնական քննարկումը դրա շուրջ է, որ որևէ մեկը չի կարողանում երաշխավորել, որ կբռնի Ալիևի ձեռքը Հայաստանի վրա հարձակվելու ճանապարհին։ Պետք է լինի այն գիտակցումը, որ Արցախը հանձնելով՝ Հայաստանը չես պահում, ընդհակառակը՝ ավելի խոցելի ես դարձնում ագրեսիայի առջև, ու անցած տարվա սեպտեմբերի դեպքերը դրա վառ ապացույցն են։
– Ադրբեջանի այս ակտիվացման մեջ մեծ դեր ունի թուրքակա՞ն, թե՞ իսրայելական կողմը, թե՞ երկու կողմն էլ հավասարապես աջակցում են, տիկի՛ն Հայրապետյան։
– Կարծում եմ՝ ամեն դեպքում երկրաշարժը տնտեսական ու քաղաքական առումներով ավելի խոցելի է դարձրել Էրդողանի վարչակարգը, հատկապես ընտրությունների նախաշեմին։ Բնականաբար, կա այդ աջակցությունը, բայց ինձ մոտ տպավորություն է, որ Ալիևն իր գործողությունների համար երբեմն նույնիսկ չի էլ սպասում Թուրքիայի ուղիղ աջակցությանը, հատկապես երկրաշարժից հետո։
Ալիևն ամեն դեպքում փորձում է իր խաղն առանձին տանել, բայց Ադրբեջանը ոչ միայն աջակցություն է ստանում Թուրքիայից, այլ նաև՝ այլ երկրներից։ Հենց այս օրերին այնտեղ է Իսրայելի հետախուզության ղեկավարը, բրիտանացի պաշտոնյաների այցերի պակաս չկա Բաքու, իսկ այդ ամենը ցույց է տալիս, որ շատ ավելի լուրջ ու վտանգավոր տարածաշրջանային զարգացումներ կարող են լինել, ուղղակի Հայաստանը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը։
– Ադրբեջանից սպասվող այդ զարգացումները ուղղված կլինեն նաև Իրանի՞ դեմ։
– Իմ կարծիքով՝ այո՛, համենայնդեպս, հնչող հայտարարություններն ու զարգացումները խոսում են դրա մասին։ Եթե նկատեք՝ վերջին շրջանում Ադրբեջանը կարծես հիբրիդային պատերազմ է վարում Իրանի դեմ, անընդհատ ինչ-որ միջադեպեր են օգտագործում, որ Իրանը ներկայացվի իբրև թշնամական պետություն։ Ադրբեջանին որևէ մեկն այս պահի դրությամբ չի զսպում, որևէ մեկը չի բռնում Ալիևի ձեռքը՝ ասելով, որ ինքն իրավունք չունի գնալ էսկալացիայի ու եթե գնա՝ հետևանքներ է ունենալու։ Եվ քանի որ չկա զսպաշապիկ, Ադրբեջանը փորձում է մաքսիմալ օգտվել այդ իրավիճակից։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am