«Չեն հայտարարում՝ ժողովո՛ւրդ ջան, ձեզ հետ ենք տանելու ձեր հայրենիք». ըստ հադրութցու՝ իշխանությունները հաշտվել են Հադրութի կորստի հետ

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ներկայացուցիչ Լևոն Հայրյանը պատերազմի ավարտից մեկ տարի անց էլ դատարկություն է զգում: Նա Հադրութի բնակիչ է, որն Արցախի օկուպացված տարածքների՝ Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի բնակիչների հետ միասին պարբերաբար կառավարության դիմաց բողոքի ակցիաների է մասնակցում՝ պահանջելով հստակեցնել իրենց կարգավիճակը:

«Մի տարի է՝ ոչ բան չի փոխվել, հայրենիք ենք կորցրել, չենք փորձում հետ բերել: Տհաճ զգացողություններ ունենք: Արցախի ու Հայաստանի իշխանությունները կարծես թե համակերպվել են այդ իրողության հետ և փորձում են ժողովրդին էլ համոզել համակերպվել, որ մոռանանք հայրենիքը»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Հայրյանը:

Կազմակերպության ներկայացուցչի մոտավոր տվյալներով՝ Հադրութի շուրջ 13.5 հազար բնակիչներից մոտ 3500-ը մնացել են Արցախում, 6.5 հազարը սփռվել են Հայաստանով մեկ, իսկ մնացած 2,5-3000-ը, ըստ Հայրյանի, «կորել են տեսադաշտից»: «Հավանաբար արտագաղթել են Ռուսաստան ու այլ երկրներ»,- նշում է նա:

Ավելին, նրա խոսքով, եթե իշխանությունները շարունակեն իրենց խնդիրների ու պահանջների նկատմամբ անտարբեր վերաբերմունքը, արտագաղթող հադրութցիների թիվը կմեծանա:

«Մեր բարձրացրած հարցերին չեն պատասխանում, խնդիրներն անտեսում են, ամեն ինչ սվաղում են»,- ասում է նա:

Նույնիսկ Արցախում մեկնարկած բնակարանաշինության ծրագիրը տեղահանվածների մեջ հույսեր չի արթնացնում: Ավելին, Արցախի մնացած շրջաններում բնակարանաշինության ծրագրերի իրականացումը Հայրյանին ու նրա ճակատագրին արժանացած մյուս տեղահանվածներին հուշում է, որ Արցախում հաշտվել են Հադրութի կորստի հետ:

«Դա մեզ չի գոհացնում, շատ դժգոհ ենք, որ մեր իշխանությունները չեն պայքարում հետ բերելու մեր հայրենիքը: Ժողովրդի մեջ դեռ Հադրութի հանդեպ սերը կա, ու ուզում են վերադառնալ, դրա համար շատ հաճախ բողոքում ենք, որ չենք ուզում գնանք Արցախի մնացած շրջաններ»,- նշում է նա:

Հարցին, թե ի՞նչ պետք է անեին Հայաստանի և Արցախի իշխանությունները, որ հասկանալի լիներ, թե չեն հարմարվել ստեղծված իրավիճակի, կորուստների հետ, կազմակերպության ներկայացուցիչը պատասխանում է.

«Պետք է պայքարեին, հայտարարեին Ադրբեջանի խոշտանգումների մասին, ՄԱԿ-ին ներկայացնեին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների մասին տվյալներ ու պահանջեին դատապարտել: Ադրբեջանի ագրեսիան նույնիսկ մերոնք չեն դատապարտում: Չեն պահանջում, որ նոյեմբերի 9-ի այդ ստրկության համաձայնագիրը կյանքի կոչվի, և Հադրութի բնակիչները վերադառնան իրենց բնակավայր: Բացի այդ, ամեն օր մարդ է սպանվում ադրբեջանցիների կողմից, մեկն էլ՝ երեկ, չեն դատապարտում, բողոքում, չեն ասում, որ ռուս խաղաղապահները իրենց պարտականությունները չեն կատարում: Կտրուկ չեն հայտարարում՝ ժողովո՛ւրդ ջան, մենք ձեզ հետ ենք տանելու ձեր հայրենիքը: Լսե՞լ եք նման բան որևէ իշխանավորից: Լսե՞լ եք, արտահայտություն, որ հադրութցին պետք է անպայման վերադառնա իր տուն»:

Նրա խոսքով՝ Արցախի գրավված տարածքներից տեղահանված բնակչությունը այս իշխանությունների հետ հույսեր չի կապում: Ոչ էլ՝ ընդդիմության: «Այսօրվա ընդդիմությունը միայն անձի փոփոխության է ձգտում, որովհետև նրանք նույնպես չեն հայտարարում այդ անիծյալ եռակողմ համաձայնագրից հրաժարվելու մասին, չեն հայտարարում, որ Հադրութը պետք է հետ բերել: Իրական գաղափարախոսություն պետք է փոխվի»,- նշում է Լևոն Հայրյանը:

Հասմիկ համբարձումյան

MediaLab.am