«Այսպես կոչված Ապրիլյան պատերազմի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել»․ Հայկ Ա․ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Ա․ Մարտիրոսյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Այսպես կոչված Ապրիլյան պատերազմի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Ադրբեջանը զրոյական պատասխանատվության է կանչվել Հայաստանի կողմից և անգամ անուղղակիորեն քաջալերվել է նախ` Սերժ Սարգսյանի կողմից` Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բանակցությունների տեսքով, իսկ ապա նաև հեղափոխական կառավարության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից` Ալիևի հետ հանգիստ աշխատանքային հարաբերություններ հաստատելու իսկ հիմա նաև` բանակցություններ վարելու տեսքով:

Ադրբեջանի հատուկջոկատայինները, որոնք պատերազմական հանցագործություններ են գործել Թալիշում և դիրքերում և որոնց գրեթե բոլորի անուններն ու բնակության հասցեները թերևս հայտնի են Հայաստանի հատուկ ծառայություններին, շարունակում են իրենց երկրում հերոսի հարմարավետ կյանք վարել: Դա ամոթ և ապտակ է Հայաստանի դեմքին, որ հասցվում է սեփական ձեռքով:

Ութ հարյուր հեկտար և ավելի տարածք Հայաստանի Հանրապետությունից` շարունակում է մնալ Ադրբեջանի կողմից օկուպացված, իսկ Հայաստանի կողմից` անտեսված:

Հայաստանում երբևէ հետաքննություն չի վարվել` հասկանալու համար թե արդյո՞ք տեղի է ունեցել պետական դավաճանություն, թե ովքե՞ր են ապրիլյան օրերի կորուստների համար հանցավոր անփութության պատասխանատուները և ովքեր են պատասխանատու հարյուրից ավելի հայ հերոսների ոչ անխուսափելի մահվան համար:

Պաշտոնական Երևանը շարունակում է սխալական և անարժանապատիվ գիծ վարել: Եվ այս հարցում հեղափոխության կամ փոփոխության նշույլ անգամ չի նշմարվում:

Ապրիլի առաջին օրերը պաթոսով նշելու փոխարեն` Հայաստանի ղեկավարները պարտավոր են առկա հարցերին պատասխաններ տալ և դադարեցնել անգույն ու դատարկ հռետորաբանությունը, որն իրականում առանձին վերցված և առանց համալիր մոտեցման` ոչինչ չարժե:

Ապրիլն առիթ է ազգային արժանապատիվ մոտեցումներ ձևավորելու, գործելու, այլ ոչ թե մեկ այլ տխուր տարելից պաթոսով նշելու»: