Կրկին շրջանառվում է քուրդ և սիրիացի զինյալների՝ Արցախում տեղակայման կեղծ լուրը

Հեղինակ MediaLab

Ադրբեջանական և թուրքական մեդիատիրույթում շարունակում է շրջանառվել կեղծ թեզն այն մասին, թե Արցախում տեղակայված են քուրդ զինյալներ, որոնք աջակցում են հայկական կողմին ադրբեջանցիների դեմ պայքարում։ Նշենք, որ այս լուրը շրջանառության մեջ դրվեց եգիպտական լրատվական կայքերի միջոցով։ Վերջիններս հայտնում էին, թե ՔԲԿ–ի զինյալները Սիրիայից Իրանի տարածքով անցնում են Հայաստան։

Վերջին օրերի ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով թուրքական Haber7.com-ին, գրել էին, թե Սիրիայի հյուսիսում օրերս ստեղծված և YPG/PYD-ի կողմից վերապատրաստվող հայկական գումարտակը ևս Ադրբեջանի դեմ մարտերին մասնակցելու համար Արցախ է ուղարկվել։ Թուրքական պաշտոնական աղբյուրները ևս միտված են կեղծ այս թեզն առաջ տանելուն։

Հայտնում ենք, որ այս տեղեկատվությունը հերքվել է բազմիցս։ Դրան անդրադարձել են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պաշտանական աղբյուրները։ Մասնավորապես Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, սեպտեմբերի 9-ին խոսելով թեմայի շուրջ, հայտնել էր.

«… նման տեղեկություններ տարածելով՝ Ադրբեջանը փորձում է հակադրվել այն հաստատված տեղեկություններին, որ իրենց բանակը համալրվում է Սիրիայից եկած ծայրահեղականներով: Ես կարող եմ ասել, որ դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»։

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»