Ուկրաինացին և ռուսը Flydubai-ի ինքնաթիռում չեն կռվել, այլ միասին այն վայրէջք են կատարել Սաուդյան Արաբիայում. Israel Hayom

Ուկրաինացին և ռուսը Flydubai-ի ինքնաթիռում չեն կռվել, այլ միասին այն վայրէջք են կատարել Սաուդյան Արաբիայում, գրում է իսրայելական Israel Hayom թերթը։

Ըստ պարբերականի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները եղել են օդաչուներ, որոնք Flydubai-ի Boeing 737 MAX ինքնաթիռով մեկնել էին որպես ուղևորներ։ Օդաչուների խցիկում տեղի ունեցած միջադեպից հետո նրանք ստանձնել են ինքնաթիռի կառավարումը և այն անվտանգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում՝ կանխելով հնարավոր աղետը։

Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai-ի ինքնաթիռը տվել էր առևանգման մասին ազդանշան։ Լրատվամիջոցների տվյալներով՝ օդաչուներից մեկը դանակով հարձակվել է մյուսի վրա և փորձել վերահսկողություն հաստատել ինքնաթիռի նկատմամբ։ Հաղորդվում է, որ ինքնաթիռի հիմնական օդաչուները Օմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներ էին։ Մի շարք աղբյուրներ նշում են, որ հարձակվողը Օմանի քաղաքացի է եղել։

Իսրայելի իշխանությունները ստուգում են նաև այն վարկածը, ըստ որի՝ հարձակվողը կարող էր նպատակ ունենալ կործանել ինքնաթիռը կամ ահաբեկչություն իրականացնել։ Իսրայելական լրատվամիջոցները երկրի կառավարության ներկայացուցչին մեջբերում են՝ նշելով, որ «հաջողվել է կանխել խոշոր աղետ»։

Միջադեպից հետո Իսրայելի տրանսպորտի նախարար Միրի Ռեգևը պահանջել է չեղարկել Flydubai-ի բոլոր չվերթները դեպի Իսրայել։ Նա նաև քաղաքացիական ավիացիայի վարչությանը կոչ է արել ստուգել՝ արդյոք Արաբական Միացյալ Էմիրությունները չեն խախտել Իսրայելի հետ ավիացիոն համաձայնագիրը։

Ըստ համաձայնագրի՝ Իսրայել կարող են թռիչքներ իրականացնել միայն այն օդաչուները, որոնք այն երկրների քաղաքացիներ են, որոնց հետ Իսրայելն ունի դիվանագիտական հարաբերություններ։ Իսրայելն Օմանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի։