«Սա իրոք շատ լուրջ ահազանգ է, այսպիսի բան բանակում չի եղել, պետք է շատ կտրուկ և համարձակ քայլեր ձեռնարկենք». Դավիթ Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, վերջին օրերին բանակում ողբերգական դեպքերը հաջորդում են մեկը մյուսին. մեկ ամսում 8 զոհ։ Ո՞րն է Արցախի իշխանությունների տեսակետն այս հարցում, ի՞նչ լուծումներ պետք է լինեն, որ մինչև հիմա չեն եղել։ Ամեն դեպքում պե՞տք է պաշտոնանկ արվեն զինված ուժերում ինչ-որ մարդիկ, թե՞ ոչ։ 

– Իմ խորին համոզմամբ՝ սա իրոք շատ լուրջ ահազանգ է, այսպիսի բան բանակում չի եղել։ Մենք պետք է շատ կտրուկ և համարձակ քայլեր ձեռնարկենք, բայց նախ պետք է համապարփակ ուսումնասիրել իրավիճակը, թե ի՛նչն է պատճառը, ո՛վ է մեղավոր, կա՞ն թերություններ բանակում՝ սկսած ամենաստորին օղակից մինչև ամենավերինը։ 

Պետք է տեսնել, թե սա արդյոք բուն բանակի դրվածքի՞ց է, թե՞ հասարակության մեջ առկա բարոյահոգեբանական, դաստիարակչական վիճակից։ Համապարփակ ծրագիր պետք է լինի, որ իմանանք, թե ո՛րն է պատճառը։ Ամենակարևորը՝ պետք է շատ պրոֆեսիոնալ մոտենալ այս խնդրին և զերծ մնալ սպեկուլյացիաներից, այդ թվում՝ վհուկների որսից կամ քավության նոխազների փնտրտուքից։

Որովհետև շատ հեշտ է և պոպուլիստական է՝ հանեք այս մեկին, նստեցնենք այն մեկին։ Բայց ամեն ինչից առաջ պետք է պարզել, թե ո՛րն է այս ամենի պատճառը, և եթե պետք է ինչ-որ մեկը գործից ազատվի և պատիժ կրի, դա պետք է արվի։ 

Բայց դա պետք է լինի լուրջ ուսումնասիրություն և վերլուծություն անելուց հետո։ Քավության նոխազների որսը կնշանակի, որ նպատակը ոչ թե այդ երևույթի դեմ պայքարն է, այլ ինչ-ինչ հարցեր լուծելը։ Հիմա ես տեսնում եմ, որ կան առանձին սադրիչներ, որոնք կարծես թե սպասում են նման բաների, որ խառնեն իրավիճակը։ Մենք պետք է լուրջ քայլեր անենք՝ պարզելու, թե որո՛նք են այս երևույթի պատճառները։

– Քրեական ենթամշակույթի դեմ չի՞ ստացվում պայքարել բանակում։ 

– Ամեն ինչի դեմ էլ հնարավոր է պայքարել, նայած ինչպես ես պայքարում։ Եթե համապարփակ ձևով ես պայքարում, այդ պայքարն իրականացնողները մաքուր ու բանիմաց մարդիկ են, ցանկացած երևույթ կարելի է արմատախիլ անել։ 

– Այսինքն՝ տարբեր զորամասերում պաշտոնանկությունները խնդրի լուծում չե՞ն լինի։

– Իմ նշած համապարփակ վերլուծությունից հետո միգուցե անհրաժեշտ լինեն պաշտոնանկություններ, հեռացումներ։ Ի սկզբանե սկսել պաշտոնանկություններով՝ նշանակում է քավության նոխազներ փնտրել։

Բայց կարող է պարզվի, որ այդ մարդը չի մեղավոր, կարող է ավելի խորն է խնդիրը։ Այսինքն՝ չե՞նք ուզում այդ երևույթի դեմ պայքարել, ուզում ենք ծածկե՞լ, քողարկել։

Իմ նշած խոր վերլուծությունները պետք է անել ոչ միայն բանակում, այլև ԱԱԾ-ում, դատախազությունում, տարբեր պետական համակարգերում։ Պետք է պարզել, թե որտեղի՛ց են գալիս այս երևույթի հիմքերը։ 

– Արցախի իշխանությունները մտադի՞ր են քննարկել ստեղծված իրավիճակը։ Հնարավո՞ր է, որ սա դիվերսիա է բանակի եմ։

– Ինչպե՞ս կարող են չքննարկել։ Պետք է հարցը քննարկել համակողմանի, այդ թվում՝ դիվերսիաների մասով ուսումնասիրություն անել։ Բոլորս էլ մտահոգված ենք այս իրավիճակով։

Մանե Հարությունյան

MediaLab.am