Դեպի ռուսական արքունիք – челом бить, կամ ինչու է Րաֆֆին մեկնել Մոսկվա

Դեպի ռուսական արքունիք - челом бить, կամ ինչու է Րաֆֆին մեկնել Մոսկվա
Դեպի ռուսական արքունիք – челом бить, կամ ինչու է Րաֆֆին մեկնել Մոսկվա

Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 11-ին մեկնել է Մոսկվա: Այցը կարճատեւ է, քանի որ նա խոստացել է ապրիլի 12-ին հանրահավաք անել Երեւանում եւ հանդես գալ ծրագրային ելույթով: Թե որն է այդ ընթացքում Մոսկվա մեկնելու նպատակը, պարզ չէ: Ապրիլի 9-ին, մինչեւ Բաղրամյան փողոց գնալն ու Ծիծեռնակաբերդում ոստիկանապետ Վովա Գասպարյանի հետ աղոթելը, Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատրաստ է վաղն եւեթ մեկնել Մոսկվա, հանդիպել Պուտինի հետ եւ հաղթանակ բերել:
Բայց, Հովհաննիսյանը փաստորեն ոչ թե ապրիլի 10-ին, այսինքն ապրիլի 9-ի «վաղն» է մեկնում, այլ 11-ին, այսինքն «վաղը չէ մյուս օրը»: Հավանաբար մեկ օրն անհրաժեշտ էր Ռուսաստանից հավանություն ստանալու համար՝ կընդունեն, թե ոչ: Եվ եթե ապրիլի 9-ի «վաղը չէ մյուս օրը» Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է Ռուսաստան, երեւի թե այնտեղից ասել են՝ «թող գա»:

Թե ինչ մակարդակով են ընդունելու Ժառանգության առաջնորդին, պարզ չէ: Հայաստանի ընդդիմության առաջնորդների մոսկովյան ընդունելության մակարդակը սովորաբար բարձր չի լինում: Իսկ Մոսկվա այցեր սովորաբար լինում էին: Օրինակ, 2008 թվականի ընտրությունից առաջ Մոսկվա էր այցելել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հակասական տեղեկություններ տարածվեցին ՌԴ այն ժամանակի վարչապետ, նախագահի թեկնածու Մեդվեդեւի հետ հանդիպման մասին: Տեր-Պետրոսյանի թեւից «անանուն աղբյուրները» նշում էին, որ եղել է Մեդվեդեւի հետ հանդիպում, սակայն պաշտոնապես դա չհաստատվեց:

Տեր-Պետրոսյանից հետո, այդ ընդդիմությունը հաճախ Մոսկվա էր գործուղում համակարգող Լեւոն Զուրաբյանին, բայց կրկին՝ հանդիպումների մակարդակը նշանակալից բարձրության վրա չէր, ինչպես օրինակ Վրաստանի դեպքում, երբ ընդդիմադիր Բուրջանաձեն հանդիպեց անգամ Պուտինին: Թեեւ դա իհարկե ավելի շատ պայմանավորված էր ոչ թե նրանով, որ Կրեմլը Հայաստանի ընդդիմությանն ավելի քիչ էր սիրում, քան Վրաստանի այդ ժամանակի ընդդիմությանը, այլ երեւի որովհետեւ Վրաստանի իշխանությանը ընդհանրապես չէր սիրում, ի տարբերություն Հայաստանի իշխանության հանդեպ ունեցած վերաբերմունքի:

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը կմեկներ Մոսկվա, դրանից մի քանի ժամ առաջ՝ ապրիլի 10-ի երեկոյան Հայաստանում ստորագրվեց գործակցության հուշագիր՝ Հայաստանի կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ: Ստորագրեցին վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ու Եվրասիական միության տնտեսական կոլեգիայի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն:

Րաֆֆի Հովհաննիսյանը հետընտրական հանրահավաքներում հայտարարել էր՝ ոչ Մաքսային միությանը, ոչ Եվրասիական միությանը: Միեւնույն ժամանակ, այցելելով Մոսկվա, նա փաստացի ճանաչում է Ռուսաստանի «գերակայությունը», թեեւ հայտարարել է, որ պատրաստ է այցելել նաեւ ԱՄՆ, Եվրոպա, անգամ Չինաստան:

Միայն թե պարզ չէ, թե արդյոք այդ մայրաքաղաքներում պատրաստ կլինեն ընդունել նրան, հատկապես Ռուսաստան կատարած այցից հետո: Իսկ գուցե Րաֆֆի Հովհաննիսյանի խնդիրը հենց Ռուսաստանի հետ էր, եւ դրա համար էլ նա մեկնում է Մոսկվա, այնտեղ հավաստիացնելու համար, որ ամենեւին չունի հակառուսական գործունեության նպատակ:

Հնարավոր է սակայն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Ռուսաստանում չունի ծրագրված որեւէ էական հանդիպում, այլ մասնավոր այցով մեկնում է Մոսկվա, այդպիսով ինտրիգ առաջացնելով ապրիլի 12-ին հրավիրած հանրահավաքից առաջ:

Հայաստանն անկախության 20 տարիների ընթացքում հայտնվել է բավական հետաքրքրական վիճակում: Իշխող համակարգի հանցավոր գործունեության հետեւանքով Հայաստանը միակողմանի գերկախվածության մեջ է հայտնվել Ռուսաստանից, միեւնույն ժամանակ կանգնել այդ իրավիճակից բխող խորը ճգնաժամի առաջ, երբ անգամ այդ համակարգն է սկսել հստակ գիտակցել, որ անհրաժեշտ է արտաքին տնտեսական ու քաղաքական դիվերսիֆիկացիա, այլապես Հայաստանը կարող է հայտնվել համաշխարհային զարգացումների լուսանցքում՝ ընդ որում, որպես Ռուսաստանի բալաստ:

Եվ ներկայում Հայաստանի քաղաքական գրեթե ամբողջ «էլիտան» հայտնվել է երկփեղկված վիճակում՝ մի կողմից կախվածություն Ռուսաստանից, Ռուսաստանի գերիշխանություն, որն անհնար է հաշվի չառնել, մյուս կողմից ժամանակի հրամայական, որն անտեսելը ոչ պակաս սպառնալիք է, եւ տարբերությունն ընդամենը ժամկետի մեջ է:

Այդ խնդիրն իսկապես բարդ խնդիր է, իսկ ներկայիս իշխող կամ ընդդիմադիր «էլիտաների» դեպքում, գործնականում անլուծելի, եթե անգամ նրանց ներկայացուցիչներից ոմանք անկեղծորեն ուզում են լուծել խնդիրը ոչ թե իրենց անձնական, այլ պետական շահից ելնելով: Այդ ծանր առաքելությունն անլուծելի է ներկայիս կամ այսպես ասած քսանամյակի «էլիտայի» համար: Դրա գոյության շարունակականության դեպքում, անկախ անուններից, խնդիրը շարունակելու է մնալ եւ մաշել Հայաստանը: Լուծում հնարավոր է միայն նոր եւ առանց չակերտների էլիտայի դեպքում:

Հակոբ Բադալյան

Լուսանկարը eMedia.am

www.lragir.am