Չկա օրենք, չկա ապահովություն. սպանդանոցների բացակայության դեպքում մսավաճառությունը` վտանգ

Չկա օրենք, չկա ապահովություն. սպանդանոցների բացակայության դեպքում մսավաճառությունը` վտանգ
Չկա օրենք, չկա ապահովություն. սպանդանոցների բացակայության դեպքում մսավաճառությունը` վտանգ

Քանի դեռ սպանդանոցներ կառուցելու և քաղաքակիրթ ու անվտանգ պայմաններում մսավաճառություն իրականացնելու պետական ծրագիրն իրական փուլ չի մտել, Հայաստանում միս գնողները ստիպված են իրենց կյանքն ու առողջությունը վստահել մսավաճառի ազնիվ խոսքին:
Մսավաճառ Գեղամը 21 տարի շարունակ առավոտյան ժամը 4:00-ից մինչև վաճառվող մսի վերջանալը շուկայում է անցկացնում իր օրը: Գումի շուկայի ամենահայտնի մսավաճառը հավաստիացնում է, որ հմտացած աչքի ու փորձառության շնորհիվ ինքը միշտ լավ միս է գնում ու վերավաճառում:

Թեպետ վերջին ամսում մսավաճառության անվտանգության խիստ հսկողություն է սկսվել, միակ խնդիրը, որ Գեղամն է տեսնում` շուկայի ներսում մսի վաճառակետերի սանիտարահիգիենիկ պայմանների պահպանումն է:

Մայիսի 31-ին սննդի պետական տեսչության կողմից Գումի շուկայի հարակից տարածքում իրականացված սանիտարահիգիենիկ պայմանների վերջին ստուգայցի ժամանակ փակվեցին մսի վաճառքով զբաղվող մի քանի կետեր: Հետագա ստուգումները ցույց էին տվել, որ վաճառվող մսի մեջ առկա են աղիքային ցուպիկի մանրէներ, մեզոֆիլ աերոբներ, ֆակուլտատիվ անաերոբներ և մարդու առողջության համար վնասակար մի շարք այլ տարրեր:

Ստուգումները նաև պարզել էին, որի մսավաճառներն առևտուրը կազմակերպել են հակահիգիենիկ պայմաններում, չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, այդ թվում` անասնաբույժի կողմից տրվող հավաստագրեր:

Այս ստուգումներն ու խիստ մոտեցումը որոշակի բարելավում են արձանագրել, քանի որ մի շարք վաճառակետեր, որոնք փակվել էին տեսչության այցի ժամանակ, այժմ համալրվում են սառնարաններով, ինչպես նաև փորձում են լուծել մշտական հոսող ջրի հարցը: Սակայն, ըստ փորձագետների, սա խնդրի հիմնական լուծում չէ, քանի որ միսը կարող է արդեն վարակված հասնել շուկա:

Գումի շուկայի գլխավոր բժիշկ Աշոտ Ղևոնդյանն ամեն առավոտ ժամը 4:00-ից սկսում է մսի վերաստուգումը ու որևէ խնդիր չարձանագրելու դեպքում տրամադրում «Միսը վաճառքի համար պիտանի է» գրառումը:

Բժիշկը նշում է, որ սպանդանոցների բացակայությունը, անշուշտ, հղի է վտանգներով, սակայն տարիներ շարունակ իրենց համար մսի որակի «վստահելի» երաշխիք է «ռայոնի բժշկի գրությունը, որը մսի հետ շուկա է ուղարկվում»:

Գյուղատնտեսության հարցերով փորձագետ Գառնիկ Պետրոսյանի գնահատմամբ, սակայն, խնդիրը շատ լուրջ է, քանի որ նույն այդ «ռայոնի բժիշկները» հաճախ են կարգը խախտում:

«Ավելին ասեմ. եթե գիշերն են միսը բերում, մեքենայի թափքից գնում, որտե՞ղ և ինչպե՞ս պետք է հասցնել միսը ստուգել: Օրինակ` սիբիրախտի պատվաստումից հետո 14 օր արգելվում է կենդանու սպանդը, իսկ տեղում արդեն սպանդի ենթարկված կենդանու մսի ստուգման դեպքում բժիշկը չի կարող ախտորոշել` տվյալ կենդանին պատվաստվե՞լ է, թե՞ ոչ»,- նշում է Պետրոսյանը:

65-ամյա Վեներա Գրիգորյանը թոռնիկի համար 6 ամիս շարունակ միս է գնում Գումի շուկայից` վախը սրտում. «Խորհրդային տարիներին գոնե գիտեիր̀ մսի կոմբինատ կա, անասնամորթ են անում այնտեղ, հետո ստուգում, նոր վաճառում միսը, իսկ հիմա չգիտես` ո´ւմ վստահես: Այն է, որ ում հարցնես, ասում է̀ ամենալավ միսը ես եմ վաճառում»:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության փորձագետ Վիկտոր Աբրահամյանն ասում է` հայ սպառողը կապահովագրվի անորակ մսից, եթե հանրապետությունում գործի սպանդանոցային ցանցը:

«Բակային մորթը հղի է տարատեսակ վտանգներով, կենդանին չի ջերմաչափվում, փորձաքննություն չի իրականացվում, մեքենայի թափքում դնում են մորթված կենդանին ու հասցնում Երևան: Սպառողի իրավունքները խստորեն ոտնահարվում են, փաստորեն սպառողը չի կարող իմանալ` ի´նչ միս է գնում»,- ասում է փորձագետը:

Գումի շուկայից զատ, փորձագետին մտահոգում է նաև Կոմիտասի շուկան, որտեղ թեև կան մսի վաճառքի համար նախատեսված բոլոր պայմանները, սակայն մարդիկ մի քանի հարյուր դրամ պակաս վճարելու համար միս են վաճառում ոչ թե ներսում, այլ դրսում` փողոցում:

Փորձագետ Գառնիկ Պետրոսյանի խոսքով` սայլը տեղից չի շարժվի, քանի օրենքը թերի է, քանի չեն գործում սպանդանոցներ, որոնք որոշակի դոտացիաներ կստանան պետությունից, և չկան շահագրգռող պայմաններ, որպեսզի գյուղացիները նախընտրեն սպանդն իրականացնել սպանդանոցներում` նորմալ պայմաններում, քան բակերում:

Հայաստանում սպանդանոցների խնդիրը կարգավորվում է «Անասնապահության մասին» ՀՀ օրենքով, որում ասվում է. «Անասնաբուժության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝ այդ բնագավառում պետական քաղաքականության իրականացման ապահովումը, սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգի սահմանումը»:

Կառավարությունն իր հերթին որոշում է կայացրել «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը սահմանելու մասին», որում հստակորեն ամրագրված են, թե ո´ր կենդանիներին ո´ր ժամանակահատվածում պետք է ենթարկել սպանդի, ի´նչ սանիտարահիգիենիկ պայմաններ պետք է գործեն սպանդանոցներում, ինչպե´ս կառուցել ու շահագործել սպանդանոց, սակայն պարտադիր սպանդանոց ունենալու կամ կենդանիների սպանդը դրանցում իրականացնելու մասին որևէ օրենսդրական նորմ չկա:

Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից հետո սպանդանոցները վերացան: Այսօր մեր երկրում կենդանիների մորթ կատարվում է մոտ 10 մասնավոր սպանդանոցներում, որոնք աշխատում են ոչ պարբերաբար և միայն պաշտպանության նախարարության հետ կնքած պայմանագրի շրջանակում:

Գյուղացիներից կենդանիներ են հավաքում, սպանդի ենթարկվում և միսը մատակարարում ՀՀ պաշտպանության նախարարություն` բանակի կարիքները հոգալու համար:

Արդեն մի քանի տարի` գյուղնախարարությունը խոստանում է տարվա ընթացքում նոր սպանդանոցներ կառուցել, սակայն ամեն անգամ ծրագիրը հետաձգվում է: Վիճակը շտկելու և կանոնակարգելու նպատակով այս տարի ևս Հայաստանի գրեթե բոլոր մարզերում նախատեսվում է սպանդանոցներ կառուցել: Այս անգամ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի շրջանակում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է 10 սպանդանոց կառուցել գյուղական այն համայնքներում, որոնք գտնվում են մեծ խաչմերուկներում: Սպանդանոցները լինելու են մասնավոր, սակայն պետությունն աջակցելու է նրանց, տրամադրելու է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի շրջանակում ներկրված համապատասխան ժամանակակից սարքավորումներ, պարբերաբար ստուգայցեր է իրականացնելու:

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական բաժնի ղեկավար Բաբկեն Պիպոյանը նշում է, որ սպանդանոցները վերազինելու ծրագիրն ընթացքի մեջ է:

Ծրագրի իրականացման անդամներից է նաև Վիկտոր Աբրահամյանը, ով նշում է, որ փոքր սպանդանոցներ կառուցելու փորձերը վերջին տարիներին մնում են թղթի վրա:

«Բանն այն է, որ դոնոր երկրները գումար են հատկացնում կառուցված սպանդանոցում սարքավորումներ տեղադրելու համար: Ծրագիրը դեռևս փորձաքննական փուլում է, հայկական կողմը պետք է տրամադրի շենքը, իսկ դոնոր երկիրը կտրամադրի սարքավորումը: Խնդիրն այն է, որ ամեն մեկն իր ստից գոմը ներկայացնում է որպես սպանդանոցի շենք, դոնոր երկրի ստուգող հանձնաժողովը գնում, ստուգում է և մերժում այդ շինությունները որպես սպանդանոց օգտագործելը»,- բացատրում է Աբրահամյանը:

Իսկ եթե ծրագիրը, այնուամենայնիվ, իրականացվի, մեկ այլ խնդիր կառաջանա, որին արդեն, ըստ փորձագետի, պետք է օրենսդրական լուծում տրվի. «Սպանդանոցի տերը պետք է հասկանա, որ գյուղացին երբեք չի գնա սպանդանոց, սպանդանոցի տերն ինքը պետք է գնա գյուղացու մոտ, պայմանագիր կնքի սպանդի իրականացման համար, գնային ճկուն քաղաքականություն վարի, որպեսզի գյուղացին ի վիճակի լինի օգտվել սպանդանոցի առաջարկած ծառայություններից»:

Մսավաճառ Գեղամը, սակայն, համոզված չէ, որ գյուղացին կօգտվի սպանդանոցներից, քանի որ դա «ձեռնտու» չի լինի. «Սակայն եթե լինի օրենք, լինի խստություն, ու պարտադրեն մորթը կատարել սպանդանոցներում, բոլորն էլ կտանեն, և գուցե ավելի մաքուր միս հասնի գնորդին, իսկ քանի չկա օրենք, չկա խստություն, մենք ենք ընտրում միսը»:

Փառանձեմ Հովհաննիսյան

Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի

© Medialab.am