Բակո Սահակյանը շնորհավորել է Լեւոն Տեր-Պետրոսյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Լեւոն Հակոբի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում Դուք մեծ ավանդ եք ունեցել Հայաստանի եւ Արցախի կայացման, զարգացման ու զորացման գործում:

Դուք անձնվիրաբար ծառայել եք հայրենիքին, եղել եք հարազատ ժողովրդի կողքին, պայքարել եք նրա նվիրական իղձերի իրականացման, ազատության ու անկախության համար, Ձեր անգնահատելի մասնակցությունն եք բերել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը եւ ազատամարտի կազմակերպմանը:

Այս հիշարժան օրը մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին»: