«Մարդիկ մտածում են առօրյա խնդիրները լուծելու, մի նորմալ երկիր արտագաղթելու մասին, այն բազան, որը փորձում է մոբիլիզացնել քաղաքական գործիչը, չկա». քաղտեխնոլոգ

«Մարդիկ մտածում են առօրյա խնդիրները լուծելու, մի նորմալ երկիր արտագաղթելու մասին, այն բազան, որը փորձում է մոբիլիզացնել քաղաքական գործիչը, չկա». քաղտեխնոլոգ
«Մարդիկ մտածում են առօրյա խնդիրները լուծելու, մի նորմալ երկիր արտագաղթելու մասին, այն բազան, որը փորձում է մոբիլիզացնել քաղաքական գործիչը, չկա». քաղտեխնոլոգ

«Ելք» դաշինքում այս փուլում պառակտում դեռ չկա, բայց լուրջ հակասություններ են նկատվում, չի բացառվում, որ դաշինքը հետագայում կմասնատվի: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` անդրադառնալով դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի հեռակա բանավեճին:

«Հակասությունը պայքարի մեթոդաբանության շուրջ է, մի կողմն ասում է՝ պետք է խորհրդարանում մնալ և պաշտոններ ուզել իշխանությունից, մյուսն ասում է՝ ո՛չ, պետք է դուրս գալ և բնակչությանը ոտքի հանել: Սա պառակտում չէ, հակասություն է: Իսկ թե ինչի՛ կհանգեցնի այս հակասությունը՝ այս պահին դժվար է ասել»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Հիշեցնենք, որ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Գյումրիից քայլերթ է սկսել:

Նրանք 14-օրյա քայլերթով անցնելու են մի քանի քաղաքներով՝ ապրիլի 13-ին հասնելով Երևանի Ազատության հրապարակ, որտեղ մեծ հանրահավաք է նախատեսվում: Նիկոլ Փաշինյանը հասարակության կոչ է անում վարչապետի իր թեկնածուին առաջադրել:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու, մեկ շաբաթ այլևս ոչ մի լիազորություն չի ունենալու, «իշխանությունը հրապարակում գցած է լինելու», ժողովրդին մնում է գնալ ու վերցնել այն:

«Ելքի» մյուս ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները, դեմ են փողոցային պայքարին: «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը հրապարակային քննադատել է Նիկոլ Փաշինյանի այդ քայլը:

Արմեն Բադալյանի խոսքով՝ քանի որ «Ելք» դաշինքի մոտ չկան ապագայի տեսլական, ընդհանուր զարգացման վեկտոր, այդ պատճառով էլ այսօր նման իրավիճակի ենք ականատես լինում: Նա նշում է, որ այս իրավիճակն ինչ-որ չափով կանխատեսելի էր:

«Նախանցյալ տարվա դեկտեմբերին, երբ «Ելք» դաշինքը ձևավորվում էր, պարզ էր, որ դրա մեջ մտնող երկու ուժերը՝ «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանը», գոնե առերևույթ արևմտամետ ուղղվածություն ունեցող կուսակցություններ են: Իսկ երբ «Քաղաքացիական պայմանագիրը» միացավ իրենց ու դաշինք ստեղծեց, այդ արևմտամետությունը, փաստորեն, որպես հեռավոր տեսլական դուրս եկավ: Իսկ եթե տեսլական չկա, զարգացման վեկտոր չկա, տվյալ կառույցի մեջ սկսվում է անկանոն շարժում»,- հավելեց մասնագետը:

Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե այդ անկանոն շարժումն ինչի՛ կհանգեցնի, կարող է այնքան անկանոն լինել, որ դաշինքը բաժանվի մասերի, յուրաքանչյուրն իր ճանապարհով գնա:

«Ի դեպ, չմոռանանք, որ նրանք նախկինում խոսում էին մեկ կուսակցություն ձևավորելու մասին, բայց այսօր այդ մասին խոսակցություններ այլևս չկան: Այսինքն՝ սա ապագայի տեսլական չունենալու հետևանքն է»,- նշեց նա:

Բադալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի 14-օրյա քայլերթը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, արդյունք չի ունենա, քանի որ դրա համար մի շարք պատճառներ կան:

«Երբ մենք ուսումնասիրում ենք տվյալ քաղաքական գործընթացը, տեսնում ենք, որ քաղաքական այս գործընթացում բացակայում են բոլոր անհրաժեշտ գործոնները: Իսկ այդ պայմաններում խիստ կասկածելի է, որ այդ քաղաքական գործընթացն արդյունք ունենա»,- ասում է նա:

Արմեն Բադալյանը թվարկում է այն պատճառները, որոնցով պայմանավորված՝ Նիկոլ Փաշինյանի գործողություններն արդյունք չեն ունենա:

Նրա խոսքով՝ երբ մարդ քաղաքական գործընթաց է սկսում, պետք է որոշակի հանգամանքներ հաշվի առնի: Դրանցից առաջինն այն է, թե արդյոք տվյալ երկրում բնակվող բնակչությունը պատրա՞ստ է արդյոք մոբիլիզացվելու և, քո նպատակից ելնելով, գործողություններ իրականացնելու:

«Այդ կետի կապակցությամբ կարող ենք ասել, որ 2017 թվականի ապրիլի 2-ից Հայաստանում հասարակությունը որակական փոփոխությունների ենթարկվեց և վերածվեց բնակչության: Իսկ բնակչությունը չի մոբիլիզացվում, բնակչության խնդիրներն ուրիշ են: Եթե հասարակությունը մտածում է երկրում նորմալ իրավիճակ ստեղծելու և այդ նորմալ իրավիճակում զարգանալու մասին, ապա բնակչությունն ուրիշ խնդիրներ ունի: Մարդիկ մտածում են առօրյա խնդիրներ լուծելու, մի նորմալ երկիր արտագաղթելու մասին, այն բազան, որը փորձում է մոբիլիզացնել քաղաքական գործիչը, չկա»,- ասում է Արմեն Բադալյանը:

Մասնագետի խոսքով՝ երկրորդ պատճառն այն է, որ բնակչությանը մոբիլիզացնել կարողանալու համար բավական երկար ժամանակ է պետք: Եթե հասարակությանը մոբիլիզացնելու համար ամիսներ են պետք, ապա բնակչությանը մոբիլիզացնելու համար շատ ավելի մեծ ժամանակ է պետք: 14 օրն այդ աշխատանքների համար հաստատ բավարար չէ: Այսինքն՝ երկրորդ կարևոր ռեսուրսն էլ է բացակայում՝ ժամանակի ռեսուրսը:

«Երրորդ՝ ժամանակի ռեսուրսի բացակայությունը փոխհատուցելու համար պետք է որ բոլոր լրատվամիջոցները քո գործողությունները 24-ժամյա ռեժիմով լուսաբանեն: Իսկ քաղաքական այդ ուժը, բնականաբար, չի տիրապետում հեռուստաընկերություններին, որպեսզի բոլոր հեռուստաընկերությունները առավոտից իրիկուն միայն իրեն գովազդեն, որպեսզի նա կարողանա հասարակությանը մոբիլիզացնել: Իհարկե, կա իրեն աջակցող թերթ, բայց դա չի փոխարինում հեռուստաընկերություններին:

Չորրորդ պատճառը հետևյալն է՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի ինքնիշխանությունը շատ ցածր մակարդակի վրա է: Այստեղ շատ հարցեր լուծվում են Ռուսաստանի կամ Արևմուտքի կողմից: Մենք չենք տեսնում այդ գործոնը քաղաքական այդ ուժի թիկունքին»,- հավելեց նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ տեսանելի չէ, որ Ռուսաստանը կամ Արևմուտքը աջակցում է Նիկոլ Փաշինյանի գործողություններին: Իսկ առանց այդ երկրների աջակցության Հայաստանում որևէ քաղաքական գործընթաց դրական արդյունք չի ունենա: Եվ մյուս կարևոր պատճառն այն է, որ, ըստ մասնագետի, այս քայլի մեջ բովանդակություն չկա:

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հաշվի չի՞ առել այս հանգամանքները, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ կարծում է՝ նա գիտի այդ մասին:

«Ուղղակի 14 օր շարունակ լրատվական դաշտը նրան անընդհատ կպահի ուշադրության կենտրոնում, և նա, օգտագործելով այդ առիթը, կկարողանա իր անձնական քաղաքական PR-ն անել, ինչը շատ նորմալ է»,- նշեց նա:

Անդրադառնալով այսօր ստեղծված իրավիճակին, երբ ՀՀԿ-ն լուրջ մրցակից չունի, իսկ քաղաքական այլ ուժերը գրեթե չեն կարողանում որևէ խնդիր լուծել, մասնագետը նշում է, որ այս իրավիճակն սկսվեց 1995 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կեղծումով: «Այդ ժամանակից սկսեցին հասարակությանը ճնշել, ջարդել:

Սկզբում հասարակությունը դիմադրում էր ընտրատեղամասերում, կռիվ էր տալիս ձայնի համար, հետո կամաց-կամաց սկսեց այդ դիմադրությունը թուլանալ: Փոխարենն սկսվեցին ընտրազանգվածի գնման գոծողությունները, արտագաղթը, սոցիալ-տնտեսական վատ վիճակը: Այսինքն՝ բազմաթիվ գործոններ միավորվեցին, արդյունքում մենք տեսանք, որ 2017 թվականի ապրիլի 2-ից հետո, ինչպես գրում էին միջազգային կառույցներն ու դիտորդները, Հայաստանում ֆինանսական դրդապատճառով քվեարկողների թիվը գերազանցեց քաղաքական դրդապատճառով քվեարկողների թվին: Այսինքն՝ Հայաստանի հասարակությունը դադարեց գոյություն ունենալուց»,- նշեց նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ իշխանությունները հիմար չեն, հասկանալով, որ իրենց դեմ ուժ չկա, գործող նախագահը որոշեց անել այն, ինչ ինքը նպատակահարմար է գտնում: Նրա խոսքով՝ մենք տեսնում ենք, որ ընդդիմադիր ուժերը գնալով ավելի ու ավելի են թուլանում: Իսկ դա հասարակության թուլացման նշան է: Ինչքան հասարակությունը թուլանում է, այնքան ընդդիմությունն ավելի է թուլանում: Իսկ հաջորդ ընդդիմությունը շատ ավելի թույլ է լինելու, եթե հասարակության մեջ արմատական փոփոխություններ չիրականացվեն:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am