COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի. թարմ տվյալներ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 722 հազար 306-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 104 հազարը: Ապաքինվել է ավելի քան 389 հազար մարդ:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 503 հազար 177 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 18 հազար 761 է: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 161 հազար 852: Մեկ օրում 3 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Մահացության ցուցանիշը 16 հազար 353 է:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 147 հազար 577 է: Վարակից մահացել է 18 հազար 849 մարդ. այս ցուցանիշով Իտալիան աշխարհում առաջինն է։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Ֆրանսիան է. եվրոպական այդ երկրում գրանցվել է 124 հազար 869 հաստատված դեպք, մահացել է 13 հազար 197 մարդ: Վարակվածության ցուցանիշով Ֆրանսիային հաջոդում է Գերմանիան, որտեղ 122 հազար 530 հաստատված դեպք կա, մահացել է 2 հազար 736 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 81 հազար 953 ընդհանուր, 46 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 3 հազար 339 մարդ։ Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 78 հազար 991 է։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 70 հազար 29: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 հազար 357 մարդ: Թուրքիայում վարակվածների թիվը 47 հազար 29 է, Բելգիայում՝ 28 հազար 18 է, Շվեյցարիայում՝ 24 հազար 900 է:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 234 դեպք կա, Ռուսաստանում` 13 հազար 584: ՌԴ-ում մահացել է 106 մարդ:

Արաբական երկրներից Միացյալ Էմիրություններում վարակվածների թիվը կազմում է 3 հազար 736, այստեղ գրանցվել է մահացության 20 դեպք: Կատարում կորոնավիրուսով վարակվել է 2 հազար 728 մարդ: Վարակից մահվան 6 դեպք է արձանագրվել: Արաբական վերը նշված երկրների համեմատ մահացության ցուցանիշը բարձր է Եգիպտոսում, այստեղ 135 մարդ է մահացել, սակայն ցածր է վարակվածության թիվը: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը կազմում է 1794: Իրաքում վարակվածների թիվը 1279 է, մահացության ցուցանիշը 70 է:

Քուվեյթում գրանցվել է մահացության 1 դեպք, վարակվածության՝ 1154:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է, բայց իշխանությունները մտադիր են իրականացնել Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսը

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով բիժշկների հսկողության տակ է մոտ 159 հազար քաղաքացի։Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Ռուսաստանում կորոնավիրուսի մասին տեղեկատվության պաշտոնական կայքին։

««Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալներով` ապրիլի 11-ի դրությամբ` բժշկական հսկողության տակ է գտնվում մոտ 159 հազար մարդ։ Իրականացվել է կորոնավիրուսի 1,18 մլն լաբորատոր հետազոտություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Ուրբաթ օրը «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտնել էր, որ բժշկական հսկողության տակ է մոտ 162 հազար մարդ։ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 հազար 917-ի։ Հիվանդությունից ապաքինվել է 795, մահացել` 94 մարդ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մայիսի 9-ին կկայանան Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսն ու միջոցառումները։

Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2,9 տոկոսի. վարակվել է հայ համայնքի 4 ներկայացուցիչ

Ուկրաինայում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը հասել է 2,9 տոկոսի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Ուկրաինայի գլխավոր համաճարակաբան, Առողջապահության նախարարի տեղակալ Վիկտոր Լյաշկոյի հայտարարությանը։

«Ընդհանուր առմամբ հոսպիտալացվել է 1017 մարդ, որոնցից 42-ը` երեխա։ Այս պահին ծանր վիճակում է 45 հոգի։ 100 հազար մարդու հաշվարկով վարակվածության ցուցանիշը 6.0 է, իսկ մահացության ցուցանիշը 2.9 տոկոս»,- նշել է Լյաշկոն։

Ուկրաինայի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով` կորոնավիրուսից վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 308-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը 251 է, հիվանդությունից ապաքինվել է 79 մարդ, մահացել` 73-ը։

Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը AnalitikaUA.net-ին տեղեկացրել է, որ Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով:

Իրանում կորոնավիրուսից 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 6482 մարդ

Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 70 հազարը։ IRINN հեռուստաընկերության եթերում այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կիյանուշ Ջահանպուրը։

«Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 70 հազար 29-ի։ Ցավոք, վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1837-ով, մահացել է 125 մարդ։ Մահացածների ընդանուր թիվը 4357 է։ Ծանր վիճակում գտնվում է 3987 անձ»,- ասել է Ջահանպուրը։

Իրանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 6482 մարդ։ Ապաքինվածների թիվը հասել է 41 հազար 947-ի։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ երկրում այս պահի դրությամբ իրականացվել է կորոնավիրուսի 251 հազար 703 թեստավորում։