Հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ մենք ճիշտ ենք գնահատել միջազգային իրադրությունը․ Ռուբեն Ռուբինյան

Հեղինակ MediaLab

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի պնդմամբ 2020 թվականի հուլիսյան մարտերը ցույց են տվել՝ ՀՀ-ի հռչակած արժեքներն անցան թեստը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ռուբինյանն ասաց Ազգային անվտանգության ռազմավարության նվիրված հանրային քննարկման ժամանակ։

«Այս ռազմավարությունն իր մեջ պարունակում է այն դիրքորոշումներն ու արժեքները, որոնք մենք արտահայտել ենք առնվազն վերջին 2 տարում։ Ռազնավարության մեջ կա անդրադարձ Թուրքիայի ապակառուցողական դերին և Հայաստանի համար այդ երկրի վտանգին, ինչպես նաև Ադրբեջանի՝ համար 1 սպառնալիքը լինելուն։ Այնտեղ անդրադարձ կա նաև մեր արժեքային կոմպոնենտներին, այսինքն՝ ինքնիշխանությանը, համահայկականությանը»,- նշեց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ բոլոր այս վտանգները, շահերը, համատեքստերն արտահայտվեցին։

«Հուլիսյան հաղթական մարտերը ցույց տվեցին, որ մեր հռչակած արժեքները, առաջնահերթությունները անցան այդ թեստը և պարզվեց, որ պրակտիկ առումով սա է ճիշտ ճանապարհը։ Հուլիսյան այս դեպքերը ցույց տվեցին, որ հնարավոր է միաժամանակ կառուցել ժողովրդավարություն, հզորացնել բանակը, գիտակցել սեփական ինքնիշխանությունը։ Վերջինը կարող ենք ներդնել մեր շահերը պաշտպանելու գործում»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանը ճիշտ է գնահատել միջազգային իրադրությունը։

Նրա խոսքով՝ Հայաստանը շանս ունի նոր մակարդակի բարձրանալ տարածաշրջանային քաղաքական առումով և ըստ Ռուբինյանի՝ վերջին օրերին դրա նախադրյալներն առավել քան ակնհայտ էին։