«Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու առավելագույն կարիք ունենք, հատկապես որ, Իրանի կողմից էլ կա այդ ցանկությունը». Գարիկ Միսակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

– Պարո՛ն Միսակյան, խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր։ Ինչպե՞ս եք գնահատում այցը, իրանական կողմում ի՞նչ արձագանքներ են։

– Բարձր մակարդակով ցանկացած հայ-իրանական բանակցություն ու նաև դրանց առարկայական բնույթ տալը բավականին դրական երևույթ են։ Վերջին այցի մասով, եթե իրանական մամուլի արձագանքները նայենք, բավականին լավ են անդրադարձները, այսինքն՝ գրեթե բոլոր կայքերում գրել էին, դրական արձագանք կար։

Հանդիպումների մասով էլ էր այցը հագեցած, հանդիպում եղավ և՛ երկրի նախագահի, և՛ խորհրդարանի նախագահի հետ, այլ հանդիպումներ ևս եղան, բայց կարևորներն այդ երկուսն էին, որոնք բավականին բարձր մակարդակի հանդիպում կարելի է գնահատել ու նաև կարելի է գնահատել ցուցիչ առ այն, որ Իրանը միտված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը և մեծ ցանկություն ունի, երբ ՀՀ ԱԺ նախագահին ընդունում է նախագահը, և բավականին բովանդակային զրույց են ունենում։

Իրանի նախագահն իր խոսքում բազմաթիվ ոլորտների անդրադարձավ, որոնք մշտապես շեշտվել են, բայց իրանական կողմը նախ խոսեց տնտեսական ու քաղաքական զարգացման կարևորության մասին, խոսեց տարածաշրջանային զարգացումների մասին՝ նշելով նույն Իրանի բազմաթիվ անգամներ արած տարածքային ամբողջականության սկզբունքի և սահմանների չխախտման վերաբերյալ հայտարարությունը, ինչը կարելի է գնահատել Իրանի նախագահի հիմնական քաղաքական սկզբունքներից մեկը։

Մյուս կողմից՝ հատկապես կարևոր էր Իրանի խորհրդարանի նախագահի հայտարարությունը, որ տնտեսական հարաբերությունների զարգացմանը խթան է անհրաժեշտ։ Իրանի խորհրդարանի նախագահը նաև շեշտեց, որ երկու պետություններում առկա բյուրոկրատական խնդիրները խանգարում են Հյուսիս-հարավ շինարարության ավարտին կամ գոնե դրա արագ մեկնարկին։

Այսինքն՝ իրանական կողմից հնչեց հստակ մեսիջային արտահայտություն, որ պետք է, ի վերջո, գոնե մեկնարկեն շինարարական աշխատանքները, հատկապես Գորիս-Կապան ճանապարհի մեր հատվածում թշնամական անցակետի տեղադրումից հետո մյուս այլընտրանքային ճանապարհի շինարարության տարողունակությունը պետք է բարձրացվի, որն արդեն այլընտրանքային չէ, միակն է դարձել։

Այսինքն՝ իրանական կողմում կան և՛ հստակ պահանջ, և՛ ցանկություն, որ սկսվի այդ հատվածի ու, ընդհանրապես, Հյուսիս-հարավի շինարարությունը։ Տնտեսական բազմաթիվ հարցերի վերաբերյալ են եղել խոսակցություններ, որոնք հատկապես այս փուլում կարևոր են Հայաստանի համար։

– Ձեր տպավորությամբ՝ այդ ուղղություններով գործնական աշխատանքներ տարվո՞ւմ են։ Հայկական կողմի դիրքորոշումը ո՞րն է։

– Չեմ կարող ասել՝ արվում է, թե չէ, որովհետև իրականում խնդիրը բյուրոկրատական է, բայց փաստ է, որ շինարարական աշխատանքներ դեռևս չեն իրականացվում, իսկ, մյուս կողմից, սա պարտադիր է այս փուլում և՛ մեզ, և՛ Իրանի համար, եթե մասնավորեցնենք՝ Սյունիքի համար է բավականին մեծ նշանակությունը։

Հայկական կողմի դիրքորոշումը պետք է լինի Իրանի հետ հարաբերությունների զարգացում, քանի որ նախ՝ այլընտրանք չկա, մենք չունենք բարիդրացիական հարաբերություններ, ու որքան էլ խոսվի խաղաղության մասին, այս փուլում դրա համար դեռևս որևէ նախադրյալ չկա։

Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու առավելագույն կարիք ունենք, հատկապես որ, Իրանի կողմից էլ կա այդ ցանկությունը։ Իսկ երկու կողմում էլ առկա բյուրոկրատական խնդիրները, որոնց մասին խոսում է Իրանը, պետք է հաղթահարվեն երկուստեք։ Պետք է նաև ընթացք տրվի գործողությունների, ու առարկայական որևէ օրակարգ առաջարկվի։

– Պարո՛ն Միսակյան, իսկ ի՞նչ բյուրոկրատական խնդիրների մասին է խոսում իրանական կողմը։

– Չի մանրամասնել, ու դժվար է հասկանալ, թե ինչ խնդիրների մասին է խոսքը, որովհետև իրանական կողմը մշտապես սովորություն ունեն կոդերի լեզվով խոսել, բայց կարելի է ենթադրել, որ վարչական ինչ-որ խնդիրներ են։ Հավանաբար նկատի ունեն, որ բազմաթիվ հայտարարություններ են լինում, հուշագրեր են կնքվում, բայց առարկայական լուրջ գործողություններ դեռևս չեն իրականացվում։

– Իրանական կողմը շահագրգռվա՞ծ է տարածաշրջանում կոմունիկացիաների բացմամբ։

– Նրանք մշտապես նախ հանդես են գալիս խաղաղության վերաբերյալ հայտարարություններով, տարածաշրջանային համագործակցության զարգացման վերաբերյալ հայտարարությամբ։ Կտրականապես դեմ չի արտահայտվում որևէ կոմունիկացիայի բացման վերաբերյալ ու նույնիսկ բարձր է գնահատում որոշ դեպքերում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, բայց մշտապես շեշտում են նախ՝ տարածքային ամբողջականության խնդիրը, երկրորդ՝ շեշտվում է Զանգեզուրի միջանցքի ծրագրի անիրականանալի լինելը։

Այսինքն՝ պիտի նախ հասկացվի, թե ինչ նկատի ունենք կոմունիկացիաների բացում ասելով, և նաև իրանական կողմում, եթե նույնիսկ միայն լրատվական-վերլուծական հատվածը դիտարկենք, դեռևս վերջնական վստահություն չկա՝ նույն «Զանգեզուրի միջանցք» ծրագիր կա, թե չէ, կամ այդ կոմունիկացիաների հաղորդակցություն ասելով ի՛նչ է հասկացվում։

– Անգամ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո՞ էլ իրանական կողմը վստահ չէ, որ միջանցք չի լինելու, պարո՛ն Միսակյան։

– Իրանական կողմում կարծիքները հակասական են։ Շատ լավ գիտենք, որ մեր թշնամական պետություն Ադրբեջանն իրանական կողմում շատ լավ է աշխատում, նաև տնտեսական շատ լավ համագործակցություն է առաջարկում Իրանին, ու այնտեղ բավական հարցեր են առաջանում, օրինակ՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների հռետորաբանության, ծավալապաշտական նկրտումների հետ կապված։ Ալիևի հայտարարությունները իրանական կողմում բավականին հարցեր են առաջացնում, ու նույնիսկ եթե մենք ամենաբարձր մակարդակում հերքում ենք դրանք։

– Պարո՛ն Միսակյան, իսկ իրանական կողմին ձեռնտու է, որ տարածաշրջանում ռուսակա՞ն ազդեցությունը մնա, թե՞ այդ հավասարակշռությունը փոխվի։

– Դժվար է հստակ ասել, որովհետև Իրանը նաև առանձին համագործակցություն ունի Ռուսաստանի հետ և՛ տարածաշրջանային, և՛ համաշխարհային խնդիրների վերաբերյալ, բայց նաև՝ մրցակցություն։ Իրանի համար միանշանակ բացասական է թուրքական ազդեցությունը, նաև Իրանը քաղաքականություն է վարում տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար ու իր սեփական քաղաքականությունն է վարում՝ իր շահերից ելնելով, որը ենթադրում է հենց իրանական ազդեցության մեծացում տարածաշրջանում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am