«Երեկվա դրությամբ ունեցել ենք մինչև օրս արձանագարված կորոնավիրուսի դեպքերի ամենամեծ թիվը՝ 697 դեպք։ Ընդհանուր դեպքերի թիվը հատել է 11000-ի շեմը և դարձել է 11221։ Արձանագրվել է, դժբախտաբար, նաև վեց մահվան դեպք՝ մահերի գումարային թիվը հասնելով 176»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նախարարը նշեց, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մոտավորապես նույն շրջանակներում է․ «Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի և թոքերի օդափոխության սարքերին միացված՝ 15 հոգի»։
Նախարարի խոսքով՝ կա մի վտանգավոր տենդենց, որ նորից լինում են դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում։ «Մեր իսկ փորձը ցույց է տալիս, որ դրանից հետո հնարավոր է մեծ բռնկում։ Շատ կարևոր է հենց արտադրական ձեռնարկություններում բոլոր կանոնների պահպանումը՝ սկսած աշխատակիցների գործի վայր ժամանելուց, աշխատանքի վայրում բոլոր կանոնների պահպանելուց նույնիսկ մինչև տուն գնալը»։
Նախարարը ընդգծեց, որ լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը։ «Որպես օրինակ բերեմ՝ այս արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալիզացիայի։ Եվ մենք ամենօրյա ռեժիմով գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա։ Եվ շատ կարևոր է, որ թվերի էական անկում արձանագրենք, որպեսզի կարողանանք այդ պրոցեսը , ինչպես մինչև օրս արել ենք, այսինքն՝ որևէ մեկին չենք թողել առանց բուժօգնության, շարունակենք այդպես։ Հակառակ պարագայում շատ դժվար է լինելու այդ ամենը ապահովել»,- նշեց Թորոսյանը։