«Ռուսական կողմի արձագանքը շատ բնական ու օրինաչափ է. բոլորն իրենց շահն ունեն». Սուրեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը երկու տարի ժամկետով մեծ հույսեր ու սպասումներ է առաջացրել ներհայաստանյան շրջանակների մոտ։ Դիտորդների տեղակայման փաստին արձագանքել է ՌԴ արտգործնախարարությունը՝ մասնավորապես նշելով, որ «Բրյուսելը շահագրգռված չէ Անդրկովկասում խաղաղությամբ, ցանկանում է դիտորդական առաքելության միջոցով իր դիրքերն ամրապնդել Հայաստանում և ճնշել ՌԴ միջնորդական ջանքերը»։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրողությունները։

– Հույսերի մասով․ բնականաբար, դրանք սին են, իրականում այդ հանգամանքը գլոբալ առումով չի կարող որևէ բան նշանակել, թեպետ մենք այնպիսի անօգնական վիճակում ենք, որ կարող է ձևական քայլն անգամ մեր մեջ հույսեր արթնացնել, բայց չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք։ 

Որևիցե մեկն այստեղ չի եկել Հայաստանի կամ նրա քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելու համար, պատմության մեջ երբեք չի եղել նման բան ու, բնականաբար, չի էլ լինելու։ 

Իսկ ռուսական կողմի արձագանքը շատ բնական ու օրինաչափ է, որովհետև, ինչպես ասացի՝ բոլոր կողմերն էլ իրենց շահն ունեն ու իրենց շահերի համար են անում այս կամ այն քայլը, ոչ թե Հայաստանի շահերից ելնելով, նույնն էլ ռուսական կողմն է։ 

Ռուսաստանն այստեղ ունի իր պետական ու ազգային հստակ շահերը, ու իր խնդիրն է իր ազդեցության մեծացումը տարածաշրջանում, բնականաբար, ինքը չի կարող հանդուրժել, որ այստեղ մրցակցություն լինի, որքան էլ ինքը թուլացած է։ Ազդեցության գոտու վիճարկման հարցն արդեն խնդրահարույց է իր համար։ 

Մենք պետք է ֆիքսենք, որ ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ռուսաստանն իրենց «կուրծքը չեն ծեծում», թե ով պետք է ավելի շատ պաշտպանի Հայաստանը, ուղղակի Հայաստանը վերածվել է մի տարածքի, որտեղ յուրաքանչյուրը փորձում է սեփական ազդեցությունը ընդլայնել՝ բացահայտորեն հաշվի չառնելով մեր նվազագույն պահանջներն անգամ։ Հետևաբար, ոչ մի կողմի խոսք, հայտարարություն մեզ մոտ էյֆորիայի տեղիք չպետք է տան, որովհետև այդ ամենի հիմքում որևէ կերպ ընկած չէ Հայաստանի պահանջը կամ շահը, մենք այս գործընթացի մեջ որևէ դերակատարում չունենք։ 

Գործող իշխանության միակ ակնկալիքը կարող է այն լինել, որ ինչ-որ մի գերտերության կամ բևեռներից մեկի գործողության արդյունքում, ուղղակի պատահականորեն, Հայաստանի շահ սպասարկվի։ 

– Ռուսական կողմը բազմիցս, նաև այդ հայտարարությամբ ընդգծել է, որ «ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները տրամաբանական ավարտին չհասցնելով՝ Երևանում գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե ​​հայ դաշնակիցների շահագրգռվածություն կա՝ օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է օպերատիվ կերպով տեղակայվել Հայաստանում»։ Եթե այս պնդումը ճիշտ է, որովհետև հայկական կողմն էլ հերքում է, թե նման առաջարկից իրենք հրաժարվել են, ապա, ըստ ձեզ, ինչո՞ւ։

– Ամենակարևորն այն է, որ մենք հասկանանք՝ որ գործողությունը ինչից է բխում․ ռուսական կողմի ցանկացած հայտարարություն, բնական է, բխում է սեփական շահից, որտեղ Հայաստանի շահը որևէ կերպ արտահայտված չէ, ու դա շատ օրինաչափ է։ Հայաստանի իշխանության վարքագիծը բխում է միայն սեփական իշխանությունը պահպանելու ցանկությունից։ 

Այս երկու իրողությունը շատ հստակ պետք է կարողանանք ֆիքսել, այս պարագայում ստեղծված իրավիճակի համար պատասխանատուներ միշտ պետք է գտնվեն, ու տվյալ դեպքում «թշնամու» կերպարում պետք է լինի Ռուսաստանը։ Սրան էլ գումարում ենք խորքային հակառուսական գեներացվող օրակարգերը, ու ամեն ինչ շատ պարզ է դառնում։ 

Մեզ մոտ թշնամու կերպարի հետևողական փոփոխություն է տեղի ունեցել․ 2018-ից հետո արտաքին թշնամին փոխարինվեց ներքինով՝ դրանք նախկիններն էին, որոնց սպառելուց հետո ներքին թշնամին փոխվեց արտաքինով, բայց այս անգամ այդ թշնամին Ադրբեջանը կամ Թուրքիան չէ, արդեն Ռուսաստանն է, որն ինչ-որ ձևով, անկախ նրանից՝ թուղթ կա, թե չէ, շատ ավելի պարտավորված է մեր անվտանգությունը երաշխավորելու, քան մենք ինքներս։ Հետագա տապալումների համար պետք է ձևավորվի այն բևեռը, որը դրա համար պատասխանատու կլինի, նախկիններն այլևս դրա համար պատասխանատու չեն, սպառել են իրենց, հիմա պատասխանատուն պետք է լինի Ռուսաստանը։

– Պարո՛ն Պետրոսյան, ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ սպառնալիքի տարր կա՞ր։

– Ե՛վ սպառնալիք, և՛ զգուշացում կային, որ հետագա գործողությունների համար պատասխանատվությունը դուք եք կրելու։ Դա նաև ուղղված էր հանրությանը։

– Համաձա՞յն եք այն տեսակետներին, որ Հայաստանի իշխանությանը «հաջողվեց» վերջնականապես տարածաշրջան, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստան տեղափոխել Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակամարտությունը։

– Դա տեղի է ունեցել հենց 2020 թվականին, որովհետև մեր կարևոր ու հիմնական խնդիրը Արևմուտքի ու ընդհանրապես Արևելքի բախումը Հայաստան չտեղափոխելն էր, բայց մենք դա «շատ հմտորեն» բերեցինք Հայաստան ու ավելի ենք խորացնում, այն աստիճան, որ այդ բախման գոտին լինելու է Հայաստանը՝ այս անգամ արդեն Իրանի հետ կապված, Իրան-Արևմուտք հակամարտությունն ենք հիմա ջանում տեղափոխել Հայաստան։ Այս ամենի հետևանքներն իրականում կարող են կործանարար լինել, Սիրիայի օրինակը տեսեք։ 

Մեզ միշտ թվում է, թե այդ ամենը հնարավոր է լինի բոլորի, բայց ոչ երբեք մեզ հետ։ Տեսեք՝ Ուկրաինայում ինչ է կատարվում, բայց մեզ թվում է, թե մենք ինչ-որ կերպ դրանից խուսափելու ենք, չի՛ լինելու այդպիսի բան։ Մենք չենք կարող ուղղակի ինքներս այդ ամենը մոտեցնել մեզ ու վերջում դրա հետևանքներից կարողանանք խուսափել։ Ցավոք, եթե այսպես շարունակվի, Հայաստանը դառնալու է ռազմական տարբեր մակարդակների բախումների գոտի, ինչը բխում է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից, նրանք ուղղակիորեն օգտվելու են դրանից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am