Դմիտրի Մեդվեդև. Ծաղրածուն

Դմիտրի Մեդվեդև. Ծաղրածուն
Դմիտրի Մեդվեդև. Ծաղրածուն

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի երեկվա պահվածքը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ թեմա է դարձել: Հայաստանի վարչապետը նիստի վերջնամասում, երբ հարցերի մի մասի քննարկումն ավարտվել է, ռուսերեն ասել է՝ եթե հարցեր չկան, ապա կարող ենք անցնել  համաձայնեցված փաստաթղթերի ստորագրմանը, Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է կատակով՝ ասելով. «Нет! Перейти куда?»: Ու սկսել է ծիծաղել:

Մարդկանց մի հոծ հատված կարծում է, թե Մեդվեդևը ծաղրել է Հայաստանի վարչապետի ռուսերենը: Մեկ այլ հատված էլ կա, որը համոզված է, թե Նիկոլը չի սխալվում: Դա փաստ է: Բայց դու ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս ծիծաղել, երբ մարդն իր երկրում քեզ հետ խոսում է ռուսերեն: Ինձ հետաքրքիր չէ, որ այդ մարդը՝ Մեդվեդևը, իր երկրում իսկական ձեռառնելիք է:

Թեպետ հենց դա է պատճառը, որ ինքը փնտրում է թույլ օղակ: Ինքն ուզում է իրեն հաղթահարել: Հասկանո՞ւմ եք, էդ դրվագում մարդ չկա, կա զոհ, որն ուզում է գլուխը բարձրացնել և ասել, որ ինքը նույնպես կարող է իր դիմացինին դարձնել ծիծաղի առարկա: Իր ներսում աշխարհ չունեցող մարդու ագրեսիա էր, ուրիշ ոչինչ: Էդ մարդը ուզում է զբաղեցնել տարածքներ, որոնք իր գրեթե ցարական դիրքերից չեն երևում: Նրան պետք է հասկանալ: Բայց արդյունքն այլ է ստացվել:

Ինքը, իհարկե, ըստ էության ոչինչ չի արել, միայն նրա ծիծաղն է մտահոգիչ, անառիթ ծիծաղը: Հենց այդտեղ է խայտառակությունը, որովհետև Նիկոլը չի սխալվել լեզվի մեջ: Ու եթե սխալվեր էլ, դարձյալ ծիծաղի առիթ չպետք է դառնար նրա սխալը, որովհետև դա սխալ է հարգալից լինելու ջանքից: Ես չեմ հասկանում, թե ինչու են նախկին իշխանությունների կողմնակիցներն այդքան ոգևորվել Մեդվեդևի այդ «հաղթական» արարքից:

Նիկոլը պարտավո՞ր էր ռուսերեն խոսել: Ո՛չ: Բայց ինքը հյուր է ընդունել և էդ հյուրերին լեզվով է «պատվել»: Ճիշտ է արել, թե սխալ, կդատենք այլ առիթով: Բայց երանի «ղժժացողներին», եթե հասկացել են, թե ինչի՛ վրա են ղժժում: Որովհետև վաղը Նիկոլը կարող է ուղղակի ռուսերեն չխոսել, կարող է խոսել Մեդվեդևից լավ, կարող է նույնիսկ խոսել նրա փոխարեն, բայց Ռուսաստանի վարչապետը մի օր կհեռանա էդ պաշտոնից և կհիշի էս դրվագը:

Ինչպե՞ս է բացատրելու՝ ինքը երկրի պատի՞վ էր փրկում մի պետության մեջ, որտեղ հարգանքն ընդգծվում է նախ լեզվով: Որովհետև չի հայհոյել, չէ՞:

Մեր վարչապետը այդպիսի բան թույլ կտա՞ր իրեն: Մեր վարչապետը Մոսկվայում կհուսա՞ր, որ Մեդվեդևը կխոսի ամենատգեղ հայերենով: Չի հուսա: Ուրեմն Մեդվեդևը Նիկոլի լեզուն չի դարձրել ծիծաղի թեմա, նա պարզապես իրավիճակն է դարձրել հումորային, առիթը որսացել է: Պարզապես մեր վարչապետն այդ առիթը տվել է, որովհետև խոսել է ռուսերեն, իսկ նա «մեծի» (գերտերության առումով՝ մեծի) իրավունքով «որսացել» է ծիծաղ կորզելու հնարավորությունը:

Քաղաքական ոչինչ չկա այս ամենի հիմքում, սակայն այն կարող է վերածվել քաղաքականի այն իմաստով, որ հայ-ռուսական հարաբերություններն այնպիսին չեն, որ կողմերից մեկն իրեն թույլ տա մյուսի համեմատ ավելի բարձրացնել գլուխը: Մրցությունը մտել է այսպիսի դաշտ: Մեդվեդևն այդ մրցության հետ կապ չունի: Իրենը հումոր անելն էր, արեց, իրենը ծաղրածու լինելն էր:

Մհեր Արշակյան

MediaLab.am