«Ֆեյքելու ենք»․ Քոչարյանի վիրտուալ դաշինքը․ FIP.am

Ավարտին է մոտենում 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այս քարոզարշավում իրենց ուրույն դերն ունեն սոցիալական ցանցերում գործող «ֆեյքային ֆաբրիկաները», որոնք փորձում են այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ հասարակական մեծ աջակցության, վստահության տպավորություն ստեղծել և զբաղվում են տարատեսակ քարոզչության տարածմամբ՝ փորձելով այդպիսով ազդել հանրային կարծիքի վրա։

Այս տարվա փետրվարի 6-ին երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը «Սպուտնիկ Արմենիայի» հետ հարցազրույցում, խոսելով գործող իշխանությունների մասին, հայտարարել էր, որ «նրանք մարդիկ են, որոնց հիմնական մտահոգությունը Ֆեյսբուքում լայքերի քանակն է և նրանց համար հայրենիքը վիրտուալ իրողություններն ու սոցիալական ցանցերն են»։

«Փաստերի ստուգման հարթակի» հետաքննության արդյունքում, սակայն, բացահայտվել է Ֆեյսբուքում Քոչարյանին և «Հայաստան» դաշինքի օգտին քարոզչություն իրականացնող շուրջ 200 օգտահաշվից բաղկացած «ֆեյքերի բանակ», ինչպես նաև բազմաթիվ ֆեյսբուքյան էջեր, ուսումնասիրվել են դրանց գործելաոճն ու գործունեության նմանությունները։

Հետազոտության շրջանակում բացահայտված ֆեյքերի ցուցակը վերջնական չէ, և հավանական է, որ դրանց թիվը շատ ավելի մեծ է։ Ցուցակում ներառված են միայն ներկա շրջանում ակտիվորեն և համակարգված գործող օգտահաշիվները։

200 ֆեյք՝ Քոչարյանի համար

Ֆեյքերի այս խումբը գործունեություն է ծավալում տարբեր հարթակներում՝ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, խոշոր լրատվականների և տարատեսակ էջերի մեկնաբանություններում։ Գործունեության հիմնական ուղղությունը երկրորդ նախագահին և նրա ղեկավարած դաշինքը գովաբանելն է, ինչպես նաև ներկա իշխանություններին պետական դավաճանության մեջ մեղադրելը։

Ֆեյքերը զերծ չեն մնում նաև ատելություն խոսքից՝ մեկնաբանություններում պարսավանքի ենթարկելով այլակարծիք քաղաքացիներին։

Բացի մեկնաբանելուց, ֆեյքերն իրենց օգտահաշիվներում և տարբեր ֆեյսբուքյան բաց խմբերում զբաղված են նաև քարոզչական հրապարակումների և տեսանյութերի տարածումով։

Ուշադրություն դարձրեք օգտահաշիվների անուններին և գրառումների ժամերին։

Միևնույն գրառումը ֆեյքերը տարածում (share) են նույն ժամանակահատվածում՝ րոպեների, իսկ որոշ դեպքերում նաև վարկյանների տարբերությամբ։ Փոխվում են հաշիվների անուններն ու նկարները, սակայն դրանց բովանդակությունն ամբողջապես նույն է։

«Փաստերի ստուգման հարթակը» արդեն իսկ անդրադարձել էր այս կեղծիքին

Oգտահաշիվների գերակշիռ մասը ստեղծվել է 2020 թ. ամռանը և 2021 թ. մայիսին, չնայած՝ ցուցակում կան նաև ֆեյք օգտահաշիվներ, որոնք ստեղծվել են դեռ տարիներ առաջ։ Սակայն ֆեյքերի գերակշիռ մասն ունի կարևոր ընդհանրություն․ նրանց գլխավոր նկարները և հետնանկարները թարմացվել են մայիսի 17-ից 19-ն ընկած ժամանակահատվածում՝ «Հայաստան» դաշինքի շրջանակով։

Քոչարյանի օգտին աշխատող ֆեյքերի մեկնաբանություններն ունեն գրելաձևի և շարահյուսության հստակ նմանություններ․ դրանցում հաճախ կարելի է հանդիպել նույնանման ուղղագրական և կետադրական սխալներ։

Հատված «168 ժամի» Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հրապարակման մեկնաբանություններից, որտեղ ֆեյքերը կրկին գովաբանում են Ռոբերտ Քոչարյանին՝ միաժամանակ վատաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Կեղծ օգտահաշիվներում՝ կեղծ նկարներ
Օգտահաշիվներում օգտագործվող «անձնական» նկարները վերցված են այլ անձանց հաշիվներից, սակայն բավականին դժվար է հայտնաբերել դրանց իրական տերերին։ Պատճառը նկարների ձևափոխումն է՝ դրանց վրա «ֆիլտրերի» տեղադրումը, ինչի արդյունքում որոնողական համակարգերը դժվարությամբ են նույնականացնում և հայտնաբերում նկարում պատկերված իրական օգտատերերին։

Բացի դրանից, ի տարբերություն մեր կողմից նախկինում բացահայտված՝ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների օգտին գործող ֆեյքերի ֆաբրիկաների՝ այս կեղծ օգտահաշիվներում օգտագործվող նկարներն ավելի բնական են և վստահություն ներշնչող։ Օգտահաշիվներում տեղադրվում են նաև անհաջող (չստացված) նկարներ, և շատ հաճախ դժվար է միանգամից հասկանալ դրանց կեղծ լինելը։ Այնուամենայնիվ, նկարները հիմնականում վերցված են ազգությամբ հայ, ռուս և վրացի իրական օգտատերերի սոցկայքերի էջերից՝ առավելապես Odnoklassniki և Instagram հարթակներից։ Սակայն այստեղ էլ ֆեյքերին մատնում է նկարների տակ մեկնաբանությունների բացակայությունը։

Օրինակ՝ այս դեպքում ֆեյքերը օգտագործել են ռուս աղջիկների նկարները՝ նրանցից մեկին նույնիսկ որպես մահացած ներկայացնելով։

Իհարկե, ռուսաստանաբնակ Елена Иванова-ն որևէ կապ չունի Հայաստանի, առավել ևս՝ Ռոբերտ Քոչարյանի համակիրների հետ։

Օգտահաշիվը կեղծ է, անունը՝ ոչ
Ֆեյքերը, բարեբախտաբար, ընտրություններին ձայնի իրավունք չունեն, սակայն այս փաստը չի խանգարել օգտահաշիվների ստեղծման գործում կատարել մեծածավալ աշխատանք․ դրանցից շատերի անուններն իրական են և միակը՝ ընտրողների ռեգիստրում։ Շատ դեպքերում համընկնում են թե՛ անունն ու ազգանունը և թե՛ բնակության վայրը։ Այսինքն, արվել է ամեն ինչ՝ իրական օգտատիրոջ տպավորություն թողնելու համար։

Քողարկված քարոզչական էջեր
«Փաստերի ստուգման հարթակը», կեղծ օգտահաշիվներից բացի, հայտնաբերել է նաև նախկին նախագահ Քոչարյանի օգտին գովազդով զբաղված մեկուկես տասնյակ քողարկված քարոզչական էջեր։

Ֆեյսբուքում նմանատիպ էջերը սկսել են գործել 2020 թվականի օգոստոսից՝ այն բանից հետո, երբ օգոստոսի 13-ին Մարտի 1-ի գործի շրջանակներում փոփոխվեց Քոչարյանի խափանման միջոցը և վերջինս ազատ արձակվեց։

Օգոստոսի 19-ին բացվեց «Նախագահ Քոչարյանի Աջակիցների Դաշինք» էջը։ Սրանից հետո բացվեց առնվազն 15 էջ, որոնք այս կամ այն կերպ առաջ են մղում Քոչարյանի քաղաքական գիծը և քննադատում նրա հակառակորդներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Էջերը Քոչարյանին ներկայացնում են որպես հզոր ղեկավար և անձ, պարբերաբար հիշեցնում նրա նախագահության տարիների իրական կամ թվացյալ ձեռքբերումները` գազի ցածր սակագին, մեծաթիվ օտարերկրյա ներդրումներ, Սելիմի և Դիլիջան-Վանաձոր ճանապարհներ, Հայաստան-Իրան գազամուղ, ծայրահեղ աղքատության նվազում, ներգաղթ, տնտեսական աճի բարձր տեմպ, ամենաքիչ սահմանային միջադեպեր և այլն։ Մեկ խոսքով՝ Քոչարյանի նախագահությունը նկարագրվում է որպես «վերելքի տասնամյակ»։

Էջերում անընդհատ համեմատականներ են տարվում Քոչարյանի և Փաշինյանի միջև, մասնավորապես՝ նրանց ձեռքբերումները, կեցվածքը արցախյան բանակցություններում, մարտական ուղիները, կառուցած թունելները, օդանավակայանները, պողոտաները, ճանապարհների երկարությունը և կառուցված կամուրջների քանակը։

Քոչարյանը բնութագրվում է որպես հաղթող և հայրենիք ազատագրող, իսկ Փաշինյանը՝ պարտված և հայրենիք ծախող։ Մեկ այլ էջ Քոչարյանին նկարագրում է որպես Հայաստանի «թիվ 1 անվտանգության երաշխավոր», իսկ Փաշինյանին՝ «թիվ 1 լաչառ»։ Երեք էջ կիսվել են նմանատիպ նկարներով, որում Քոչարյանը ներկայացվում է որպես «ուժեղ մարդ», որը «լավ ժամանակներ» է ստեղծել, իսկ Փաշինյանը՝ «թույլ մարդ», որը «վատ ժամանակներ» է ստեղծել։

Այսպես, փաստացի դեռ 2018-ից սկսած այս էջերն առաջ են մղել Քոչարյանի քաղաքական գիծը, հաճախ ոչ բացահայտ կերպով՝ ներկայանալով որպես անկողմնակալ հարթակներ։

Դեռ հունիսի 20-ին կայանալիք ընտրություններից շատ առաջ այս էջերն առցանց քարոզարշավ էին իրականացնում Քոչարյանի օգտին, իսկ արդեն ընտրությունների նշանակումից հետո էջերը բացահայտ և անթաքույց կերպով են լծվել այդ գործին։

Էջերի կապվածությունը
Քոչարյանին գովաբանող էջերը, որոնք դիտարկվել են Fip.am-ի կողմից, հետևյալն են՝

Անուն Ստեղծման օր Լայքեր (01.07.2021) Ադմիններ (Հայաստանից)

1 Armenian Presidents 2018 օգոստոսի 21 4,646 5
2 Լյուստրացիա 2018 օգոստոսի 21 9,312 4
3 Ճիշտը մեկնա 2018 օգոստոսի 22 11,589 4
4 Armenia 1998-2008 2018 սեպտեմբերի 10 37,041 6
5 ՀՀ սթափ քաղաքացի 2018 սեպտեմբերի 18 7,736 4
6 Paradox Media 2018 սեպտեմբերի 24 4,393 16
7 Digital News 2018 սեպտեմբերի 24 2,210 13
8 Global News Armenia 2018 սեպտեմբերի 24 4,809 15
9 Արի ասեմ իմացի 2018 դեկտեմբերի 6 7,085 13
10 New way 2019 հունվարի 7 698 13
11 Ալիք 99 2019 հունվարի 7 658 13
12 Իրարանցում 2019 հունվարի 7 1,104 13
13 Վերադարձ 2019 հունվարի 7 850 13
14 Դառը ճշմարտություն 2019 հունվարի 10 20,216 12
15 Think Different 2019 փետրվարի 19 11,874 5
Այս 15 էջերը, ընդհանուր առմամբ, ունեն գրեթե 125,000 հավանում։ Բոլոր էջերի վարողները («ադմինները») Հայաստանից են։ Էջերի մեծ մասը՝ ինը, ունեն 10-ից ավել վարող, որը բավականին մեծ թիվ է, և կարելի է ենթադրել, որ առնվազն այդքան մարդ է ներգրավված այդ էջերի շարունակական աշխատանքի ապահովման գործում։

Ինչպես երևում է վերը բերված օրինակներից, էջերի հրապարակումների միջև կան բազմաթիվ նմանություններ։ Նրանցից շատերը հրապարակում էին գրեթե նույն կամ շատ նման բովանադակությամբ նկարներ։

Էջերի ստեղծման ամսաթվերից ևս պարզ է դառնում, որ դրանց միջև կա որոշակի կապ և դրանք, ենթադրաբար, կառավարվում են մեկ կենտրոնից կամ, առնվազն, փոխկապակցված կենտրոններից, որոնց միավորում է Քոչարյանը։

Այսպես, «Armenian Presidents» և «Լյուստրացիա» էջերը ստեղծվել են նույն օրը՝ 2018-ի օգոստոսի 21-ին, իսկ «Ճիշտը մեկնա» էջը՝ հաջորդ օրը՝ օգոստոսի 22-ին։ Հաջորդ «խմբաքանակը», որի մեջ են մտնում երեք էջ՝ «Paradox Media», «Digital News» և «Global News Armenia», ստեղծվել են 2018 թ. սեպտեմբերի 24-ին։ Իսկ արդեն 2019 թ. հունվարի 7-ին ստեղծվել է միանգամից չորս էջ՝ «New way», «Ալիք 99», «Իրարանցում» և «Վերադարձ»։

Այսպիսով, փաստենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործում է շուրջ 200 կեղծ օգտահաշիվներից կազմված «ֆեյքերի ֆաբրիկա», որը փորձում է հանրային աջակցության իմիտացիա ստեղծել Ռոբերտ Քոչարյանի և նրա գլխավորած «Հայաստան» դաշինքի համար։ Բացի այդ, բացվել են նաև էջեր, որոնք շարունակական քարոզչություն են իրականացնում երկրորդ նախագահի օգտին։

 «Փաստերի ստուգման հարթակ»