Հաց հանապազօրյա. Ով եւ ինչ քանակությամբ է հաց ու հացամթերք օգտագործում. Դավիթ Պիպոյան

Լուսանկարը՝ Դավիթ Պիպոյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանում օրական ընդհուպ 650 գրամ հաց օգտագործող սպառողներ կան, ամեն օր հաց օգտագործում է ՀՀ սպառողների 98 տոկոսը։ Այս տվյալները ստացել են ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի մասնագետները՝ իրականացրած հետազոտությունների միջոցով։ 

«Մեդիալաբի» հետ զրույցում էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն ասում է, որ իրենց հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում հացն ու հացամթերքը հասարակության սննդակարգում շատ կարևոր տեղ են զբաղեցնում։

«Համաձայն հետազոտությունների՝ ալրային հենքով մթերքները ՀՀ-ում մարդկանց սննդակարգում կարևոր դեր ու նշանակություն ունեն։ ՀՀ սպառողների սննդակարգի 47 տոկոսը կազմում են ալրային հենքով մթերքները։ Դրա մեջ մտնում են նաև մակարոնեղենը, բոլոր այն մթերքները, որոնք պատրասվում են ալյուրով. հացն ու լավաշը բարձր տոկոս են կազմում այս թվում»,- ասում է մասնագետը։

Այստեղ կա կարևոր գործոն՝ հացաթխման գործընթացում օգտագործվող ալյուր։ Դավիթ Պիպոյանն ասում է, որ Հայաստանում ամենատարածվածը ցորենի բարձ տեսակից պատրաստվող հացերն են։ 

«Եվ քննարկումները, որ ֆոլաթթվով կամ երկաթով հարստացնենք, ինչի՞ց են առաջ գալիս՝ երբ ազգաբնակչությունը շատ է օգտագործում բարձր տեսակի ալյուր, որտեղից այդ նյութերը դուրս են գալիս։ Դրա համար մենք շատ ենք խոսում այն մասին, որ շատ կարևոր է ամբողջահատիկ ցորենից կամ ցորենի առաջին, երկրորդ սորտից ստացված ալյուրի օգտագործումը, որպեսզի սպառողն ունենա ազատ ընտրության իրավունք»,- ասում է մասնագետը։

Վերջին տարիներին իրականացվող հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ մարզերում ու Երևանում հացի ու հացամթերքի սպառման ծավալներն էական տարբերվում են։

«Երևանում կան նոր միտումներ, մասնավորապես, երիտասարդների շրջանում ավելի սահմանափակ է օգտագործվող հացի քանակը, մարդիկ մարզասրահներ են այցելում, հետևում քաշին։ Վերջին 8 տարիների մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Երևան քաղաքում հացի սպառման ծավալները պայմանավորված են նաև այս հանգամանքով, որ մայրաքաղաքում մարդիկ փորձում են հնարավորինս կրճատել օգտագործվող հացի ծավալը կամ ավելի շատ լավաշ օգտագործել»,- ասում է Պիպոյանը։

2018 թվականի հետազոտությունների համաձայն՝ շաբաթական կտրվածքով ամեն օր հաց օգտագործում է ՀՀ սպառողների 98 տոկոսը։ 

«Շատ հազվադեպ կգտնենք որևէ մթերքը, որը բոլորն ամեն օր օգտագործում են։ Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ ծորակի ջուր օգտագործողների թիվը ավելի ցածր տոկոս է կազմում, քան հացի սպառումը»։

Հանրապետության կտրվածքով հացի սպառման միջին թվերը օրական մեկ անձի հաշվով կազմում են 319 գրամ, ինչը, ըստ մասնագետի, բավական մեծ թիվ է։ Եվ այս թվում 82,4 տոկոսը բաժին է ընկնում ցորենի բարձր տեսակի ալյուրից պատրաստվող հացին, իսկ 16,9 տոկոսը՝ լավաշին։ Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ Հայաստանում մակարոնեղենի օրական սպառման ծավալը կազմում է 19,34 գրամ, իսկ վերմիշելինը՝ 8,5 գրամ։ 

2019 թվականին հետազոտությունները միայն Երևան քաղաքում են անցկացվել։

«Երևան քաղաքում վերջին տարիներին, ինչպես նշեցի, ոչ միայն քանակի նվազում է նկատվում, այլև կան մարդիկ, որոնք հացը փոխարինում են լավաշով, կան մարդիկ, որոնք հաց ընդհանրապես չեն օգտագործում։ 

Մեր հետազոտությունների համար օգտագործվող հարցաթերթիկները նաև ներառում են սպառողների ֆինանսական վիճակի վերաբերյալ հարցեր։ Մենք ունենք տարբեր խմբեր, որոնք տարբեր չափաքանակի հաց են սպառում։ 

Երեք կլաստեր է տարանջատվել՝ կլաստեր համար մեկ՝ նրանք այն մարդիկ են, որոնք օգտագործում են օրական 100-150 գրամ հաց, կլաստեր երկուսում հիմնականում այն մարդիկ են, որոնք օգտագործում են 250-350 գրամ հաց, և կլաստեր համար երեքում գտնվում են այն մարդիկ, որոնք օգտագործում են 500 և ավելի գրամ հաց։ Մենք դեպքեր են ունեցել, որ ընդհուպ 600 և 650 գրամ հաց են մարդիկ օգտագործում»,- նշում է նա։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ հաց են օգտագործում հիմնականում այն ընտանիքները, որոնք ունեն ցածր եկամուտներ, և նրանց սննդակարգը բազմազան չէ։ 

«Երևանում մենք ունենք մոտ 20 տոկոս աղքատ և 1 տոկոս ծայրահեղ աղքատ բնակչություն։ Եվ մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի բարձր որակի ալրային հենքով մթերքի սպառումը ունենում ենք առավելապես ցածր եկամուտներ ունեցող խմբերում։ Մենք դեպքեր ենք ունեցել, որ մարդու սննդակարգի 75 տոկոսն ու ավելին բաղկացած է եղել միայն ածխաջրերից և բազմազան չէ»,- նշում է Պիպոյանը։

Ալրային հենքով մթերքների մեծ քանակությամբ օգտագործումը Հայաստանի բնակչության շրջանում բազմաթիվ հիվանդությունների պատճառ է հանդիսանում։ 

«Այս խմբերում կան մարդիկ, ովքեր ունեն ավելորդ քաշ, բայց թերսնված են։ Այսինքն՝ հացի միջոցով օրգանիզմն էժան կալորիաներ է ստանում։ Բայց մարդու սննդակարգը պետք է բազմազան լինի՝ բաղկացած ճարպերից, սպիտակուցներից, ավելին, և ածխաջրերը, և սպիտակուցները և ճարպերը մենք պետք է տարբեր աղբյուրներից ստանանք՝ և բուսական, և կենդանական մթերքներից, և հատիկեղենից, և լոբազգիներից։ 

Ինչո՞ւ եմ այս ամենը շեշտում, որովհետև հիմա ամբողջ աշխարհում իրականացվող հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե մարդկանց սննդակարգը մեծ մասամբ բաղկացած է պարզ ածխաջրերից, մասնավորապես, բարձր տեսակի ցորենի ալյուրից, շաքարներից, դրա հետևանքով մարդկանց մոտ առաջանում են տարբեր հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ։

Եվ դրա հետևանքով այսօր կորոնավիրուսի պայմաններում ունենում ենք ցածր դիմադրողականություն ունեցող մարդիկ։ Հենց դրա համար ենք մշտապես ասում, որ սնուցումը և մարդկանց սննդային սովորույթները հանրային առողջապահական գերխնդիրներ են»,- ասում է մասնագետը։

Դավիթ Պիպոյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանը կորոնավիրուսով վարակվածության ու մահացության առումով տարածաշրջանում առաջատար դիրք է զբաղեցնում։ Սննդակարգը, դրանից բխող մարդկանց առողջական վիճակն ու քրոնիկական հիվանդություններն այս հարցում մեծ դերակատարում ունեն։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am