«Օմիկրոնը շատ ավելի արագ է տարածվում, և կրկնավարակի հավանականությունը տասնապատիկ ավելի մեծ է, քան դելտայի պարագայում». Դավիթ Մելիք-Նուբարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի պետական բժշկական համալսարանի հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը

Պարո՛ն Մելիք-Նուբարյան, Հայաստանը ևս անմասն չմնաց քովիդի նոր շտամից, և արդեն արձանագրվել է օմիկրոն շտամով վարակվածության 2 դեպք: Կխնդրեմ ասեք՝ որքանո՞վ է վտանգավոր այս շտամը, և, ընդհանրապես, ի՞նչ առանձնահատկություններ ունի այն:

– Որ օմիկրոնը Հայաստանը չէր շրջանցելու, պարզ էր, դրա մասին միշտ խոսել ենք: Եվրոպական տարածաշրջանի երկրների 50%-ում այն դոմինանտ շտամ է համարվում, իսկ որոշ երկրներում՝ Բելգիա, Իռլանդիա, Դանիա, դեպքերի 90 և ավելի տոկոսը օմիկրոն է:

Նախնական տվյալները, որ ունենք, օրինակ՝ Միացյալ Թագավորությունից, վկայում են այն մասին, որ օմիկրոնի պարագայում հոսպիտալացման վտանգը մոտ 50%-ով ավելի ցածր է, քան՝ դելտայի, այսինքն՝ կարող ենք ասել, որ այս շտամի ընթացքն ավելի թեթև է: Բացի այս, օմիկրոնն ավելի քիչ է ախտահարում ստորին շնչուղիները, այսինքն՝ թոքերը, ինչը նշանակում է, որ պացիենտներն ավելի քիչ են կարիք ունենում օքսիգենոթերապիայի, և, ընդհանուր առմամբ, ելքն ավելի բարենպաստ է: Այս շտամի դեպքում նաև բուժման միջին տևողությունն է ավելի կարճ՝ 3-4 օր, իսկ դելտայի դեպքում միջինում 7 օր էր:

Այս ամենով հանդերձ՝ օմիկրոնն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք վտանգավոր են դարձնում վիրուսը, օրինակ՝ կրկնավարակի հավանականությունը տասնապատիկ ավելի մեծ է, քան դելտայի դեպքում: Ու նաև հայտնի է բոլորին, որ այս շտամն ավելի արագ է տարածվում, այսինքն՝ կարողանում է ավելի շատ մարդու վարակել:

Թեև այս շտամն ունի թեթև ընթացք, բայց ամբողջ աշխարհը խոսում է սրա մասին, որովհետև եթե մեծ թվով մարդիկ վարակվեն, այդ վարակված մարդկանց ինչ-որ մի տոկոս, այսպես թե այնպես, հոսպիտալացման կարիք կունենա, ու եթե վարակվածների ընդհանուր թիվը մեծ լինի, կարող է նաև հոսպիտալացման ենթակա մարդկանց թիվն էլ մեծ լինել, ինչն էլ կառաջացնի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածություն, այս շտամի հիմնական խնդիրն այս է:

Անհատի մակարդակով՝ կոնկրետ օմիկրոնով վարակվելու դրական ելքի հավանականությունը մեծ է, բայց հանրության տեսանկյունից մեծ վտանգ կա, որ դեպքերի թիվն այնքան մեծ կլինի, որ կառավարելը շատ դժվար կլինի:

Իսկ ճի՞շտ են լուրերը, որ այս շտամը նաև ավելի շատ տարածվում է երեխաների շրջանում, քան նախորդող շտամներն են:

– Նման տեղեկության չեմ տիրապետում, անկեղծ ասած, այդ մասին որևէ տեղ որևէ նյութ չեմ կարդացել:

Պարո՛ն Մելիք-Նուբարյան, ստացվում է, որ եթե մարդը պատվաստման երկու դեղաչափն էլ ստացած լինի, ապա օմիկրոնով վարակվելու դեպքում հիվանդության ընթացքն առավել թեթև՞ է լինելու:

– Միանշանակ, մենք դա պնդել ենք դեռ այն ժամանակ, երբ օմիկրոնով վարակվածության դեպքերի թիվ նշված չէր: Քանի որ գործ ունենք նույն վիրուսի հետ, պատվաստված մարդը լինելու է ավելի պաշտպանված, ու մեր պնդումն արդեն ունի նաև թվային արտացոլում, մասնավորապես, երկու դեղաչափով պատվաստված մարդկանց մոտ 65% պաշտպանություն կա հիվանդության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքից, իսկ այն մարդկանց մոտ, որոնք ստացել են նաև խթանիչ երրորդ պատվաստումը, պաշտպանվածությունը կազմում է շուրջ 81%:

Մեզ մոտ ամբողջական պատվաստված մարդկանց 74%-ի մոտ 3 ամիսը դեռ չի անցել, հետևաբար այդ մարդկանց հակամարմինների պաշտպանիչ մակարդակը պետք է բարձր լինի:

Երրորդ դեղաչափը ե՞րբ է պետք ստանալ, ու արդյոք դրան պե՞տք է հաջորդի նաև չորրորդ դեղաչափը:

– Չորրորդ դեղաչափի մասով դեռ Եվրամիության երկրներում մոտեցում չկա: Խորհուրդ են տալիս երրորդ դեղաչափը ստանալ առնվազն երեք ամիս հետո, բայց երկրների մեծամասնությունը 6 ամիս է խորհուրդ տալիս, վերջին տարբերակը գործում է նաև Հայաստանում: Ես ևս կարծում եմ, որ պետք է 6 ամիս հետո մտածել երրորդ խթանիչ դեղաչափի մասին:

Կորոնավիրուսով վարակվածության դեպքերը կրկին կարծես թե աճում են, ինչո՞վ եք բացատրում այդ աճը:

– Հայաստանում որպես այդպիսին քովիդը զարգանում է իր բնական ընթացքի համաձայն, ու այն, ինչ հիմա կատարվում է, նույն տրամաբանության մեջ է: Քովիդի ալիքների միջև 8-10 շաբաթ ժամանակահատված է ընկած, հիմա այդ ժամանակահատվածի կեսն անցել է, ու մենք աստիճանաբար գնում ենք դեպի վարակվողների ավելացման փուլ:

Դա, առաջինը՝ պայմանավորված է նրանով, որ վիրուսի հանդեպ ընկալող բնակչություն է ձևավորվում և նպաստավոր պայմաններ է ստեղծում, որ վիրուսը տարածվի:

Երկրորդ պատճառը եղանակն է, գործոններից է նաև, որ պատվաստումները դեռ մեր ուզած մակարդակին չեն հասել՝ ամբողջ բնակչության մոտ 30%-ն է երկու դեղաչափն ստացել: Մնացած 4-6 շաբաթը, եթե լավ օգտագործենք ու կարողանանք լրացուցիչ խթան հաղորդել պատվաստումային գործընթացին, հինգերորդ ալիքը գոնե մահերի տեսանկյունից այսքան ծանր չի լինի:

Հունվարի 22-ից գործող նոր սահմանափակումը կլինի՞ այդ խթանը, պարո՛ն Մելիք-Նուբարյան:

– Դժվարանում եմ ասել. որոշման տրամաբանությունը հասկանալի է՝ խթանել պատվաստումային գործընթացը, պաշտպանել մարդկանց, բայց այս ժամանակահատվածը շատ կարևոր է օգտագործել ուսումնասիրություններ անելու, հասկանալու համար, թե իրական կյանքում այդ որոշումն արդյոք կհաջողվի՞ իրագործել, թե՞ ոչ: Եթե պետական կառավարման մարմիններն օրը մի որոշում են ընդունում, բայց քաղաքացին տեսնում է, որ իրական կյանքում դա չի աշխատում, ապա նրա մեջ առաջանում է անվստահություն պետական մարմինների նկատմամբ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am