ԱԺ նախագահն ընդունել է Լաչինի միջանցքի ճգնաժամին տեղում ծանոթանալու նպատակով մեր երկիր ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 17-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին և Բորիանա Աբերգին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նրանց այցը, որի նպատակն է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին ծանոթանալը:

Նա ընդգծել է համազեկուցողների կողմից նախատեսվող սահմանամերձ մարզեր այցելության և Հայաստանում հանգրվանած արցախցիների հետ հանդիպման անհրաժեշտությունը:

«Բարձր ենք գնահատում Վեհաժողովի և ձեր՝ որպես համազեկուցողների աշխատանքը և ներգրավվածությունը: Տեղյակ եմ, որ Լաչինի շրջափակման հենց առաջին օրերին հայտարարությամբ եք հանդես եկել»,- նշել է ԱԺ խոսնակը՝ արժևորելով Վեհաժողովի միգրացիայի հանձնաժողովի կողմից նախապատրաստվող «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ զեկույցը:

Հանդիպմանը մանրամասներ են ներկայացվել Լաչինի միջանցքի ճգնաժամի և դրա հետևանքների մասին: