Լեւոն Տեր-Պետրոսյան. Ապրիլի 28-ը պետք է դառնա կամ երկխոսության սկզբնավորման, կամ էլ` իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր

Լեւոն Տեր-Պետրոսյան. Ապրիլի 28-ը պետք է դառնա կամ երկխոսության սկզբնավորման, կամ էլ` իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր
Հնարավոր է` ապրիլի 28-ը դառնա իշխանությունների հետ երկխոսության սկզբնավորման, կամ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր: Այդ մասին ապրիլի 8-ին Ազատության հրապարակի իր ելույթում հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Հանրահավաքը մեկնարկել է Մատենադարանին հարող տարածքում, ապա ոստիկանների հետ բանակցությունների արդյունքում տեղափոխվել Ազատության հրապարակ: Ինչպես եւ նախկինում ընդդիմությունն ու ոստիկանությունը հանրահավաքի մասնակիցների վերաբերյալ տարբեր թվեր են հաղորդել:

Եթե ընդդիմության ներկայացուցիչները հանրահավաքի ժամանակ ունեցած իրենց ելույթներում խոսել են հարյուր հազարավոր մասնակիցների մասին, ապա ոստիկանությունը հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի ընդդիմության հանրահավաքին մասնակցել է ութ հազար հինգ հարյուր մարդ:

Եթե ընդդիմության ներկայացուցիչները հանրահավաքի ժամանակ ունեցած իրենց ելույթներում խոսել են հարյուր հազարավոր մասնակիցների մասին, ապա ոստիկանությունը հրապարակել է պաշտոնական հաղորդագրություն, ըստ որի ընդդիմության հանրահավաքին մասնակցել է ութ հազար հինգ հարյուր մարդ:

Ելույթ ունենալով հանրահավաքում ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշակիացրել է ընդդիմության առաջիկա անելիքները` շեշտելով, թե  մինչ հաջորդ ապրիլի 28-ի հանրահավաքը իրենց կողմից առաջ քաշված նվազագույն պահանջները իշխանությւան կողմից չկատարելու դեպքում իրենք հարկադրված կլինեն կտրուկ փոխելու «մարտավարությունն ու գործողությունների բնույթը»:

«Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա  Կոնգրեսը` սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը»,- հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա նշել է, թե  ընդդիմությունը դեռեւս հակված չէ իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց «ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի»։

«Ապրիլի 28-ը պետք է դառնա կամ երկխոսության սկզբնավորման, կամ էլ` իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ի դեպ, հանրահավաքից առաջ ընդդիմությունը նորից ահազանգել է մարզերից Երեւան ճանապարհային խոչընդոտների, ինչպես նաեւ մարզերից մայրաքաղաք ոստիկանական խիստ վերահսկողության մասին:

Չնայած նման խոչընդոտներին եւ ընդդիմության ահազանգերին, իշխանական թեւը ակտիվորեն կանխատեսումներ է անում  այն մասին, որ ընդդիմության հանրահավաքները գնալով մարելու են:

«Ամենօրյա դարձած հանրահավաքները շուտով կմարեն, քանի որ ժողովուրդը կզգա, որ ընդդիմության առաջարկած քայլերի մեջ լուրջ առաջընթաց, լուրջ պտուղներ չկան»,- ապրիլի ութին լրագրողներին ասել էր ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Ընդդիմությունը, սակայն իր հերթին հայտարարել է, թե կոշտացնելու է իր ռազմավարությունը:

Մասնավորապես, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը Մատենադարանի մոտ մեկնարկած հանրահավաքում ասել է, որ թեեւ սկզբնական շրջանում իշխանության կողմից կային երկխոսության ընդդիմության հրապարակային առաջարկը ընդունելու որոշ նշաններ, ապա վերջին շաբաթներից զգացվում է, որ իշխանությունները չեն շտապում կատարել պահանջվող քայլերը:

«Նրանք կամ փորձում են ժամանակ շահել` համաժողովրդական շարժման թափը կոտրելու նպատակով, կամ ուղղակի չեն գիտակցում իրավիճակի լրջությունը և ժողովրդի կուտակված դժգոհության չափը»,– ասել է Զուրաբյանը` հավելելով, թե երկու դեպքում էլ ժողովրդին այլ ելք չի մնում, քան վճռական գործողություններով սթափեցնել իշխանություններին:

«Ուստի` կոչ ենք անում ժողովրդին այսօրվանից սկսել համազգային նախապատրաստությունը ամբողջ Հայաստանում քաղաքացիական անհնազանդության ծավալման համար»,- ասել է Կոնգրեսի համակարգողը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am