Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում կայացել է «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում կայացել է «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան, որի հիմքում Աննա Պետրոսյանի «Աճյունասափորը» պիեսն է։ Բեմադրիչը Սերգեյ Եղիկյանն է։

Ներկայացումը պատմում է Հայաստանից ԱՄՆ արտագաղթած ընտանիքի մասին։ Ընտանիքի հայրը հիվանդանում է և մահից առաջ հայտնում իր վերջին ցանկությունը՝ թաղվել Հայաստանում։

Նրա մահից հետո մայրն ու որդին հայտնվում են հակադիր դիրքերում․ մայրը ցանկանում է ամուսնու աճյունը տեղափոխել Հայաստան, իսկ որդին դեմ է այդ որոշմանը։ Այդ հակադրության միջոցով ներկայացումը անդրադառնում է արտագաղթի, հայրենիքի հետ կապի, ընտանեկան հիշողության և կորստի թեմաներին։

Պրեմիերային ներկա են եղել պիեսի հեղինակ Աննա Պետրոսյանի դուստրը՝ Նարինե Թուխիկյանը, թատրոնի ներկայացուցիչներ և հանդիսատես։