Արա Զոհրաբյանն ընդդեմ սեռական կրթության. ինչ մանիպուլյատիվ պնդումներ է անում Փաստաբանների պալատի նախագահը. Fip.am

Հայաստանում «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացումից հետո դրա քննարկումները չեն դադարում:

Կոնվենցիան, որն առավել հայտնի է «Լանսարոտե» անվամբ, Ազգային ժողովը վավերացրել է մայիսի 11-ին։ 

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումների և լրատվամիջոցներին տված հարցազրույցների միջոցով պարբերաբար հանդես է գալիս կոնվենցիայի՝ սեռական կրթության մասին հոդվածը քննադատող հայտարարություններով:

Մասնավորապես, նա մտահոգություն է հայտնում, թե կոնվենցիայի հիմքով Հայաստանում կարող են կիրառվել սեռական կրթության եվրոպական ստանդարտները: «5-րդ ալիքին» տված հարցազրույցում նա նշել է, որ կոնվենցիայի վավերացումից հետո կոնվենցիայի մարմինը պետք է ստուգի, թե արդյո՞ք Հայաստանը կատարում է իր պարտավորությունները և, բնականաբար, դա անելու համար պետք  է համեմատի եվրոպական ստանդարտների հետ:

Զոհրաբյանի խոսքով՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական ռեգիոնալ կառույցը և գերմանական առողջապահական ոլորտում Լուսավորության դաշնային կենտրոնը 2010 թվականին ընդունել են «Սեռական կրթության ստանդարտները Եվրոպայում» փաստաթուղթը։ Այն նախատեսված է  տարիքային 6 խմբի համար՝ 0-4, 4-6, 6-9, 9-12, 12-15, 15-ից բարձր. «0-4 տարեկան երեխաներին պետք է տեղեկացնել հղիության, ծննդաբերության, սեփական մարմնի հետազոտության մասին, վաղ տարիքում մաստուրբացիայի մասին, գենդերային ինքնությունը հետազոտելու մասին..»,- պնդում է Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ նմանատիպ տեղեկություններ պետք է ստանան նաև տարիքային մյուս խմբերը: Այսպես, 4-6 տարեկան երեխաները պետք է դասեր ստանան սեփական մարմնին դիպչելու հաճույքի և ուրախության, մաստուրբացիայի մասին և այլն։ 

Զոհրաբյանը շեշտել է, որ եթե այդ չափանիշները ներմուծվեն Հայաստանի կրթական համակարգ, լուրջ խնդիր է առաջանալու: 

Հետագայում Զոհրաբյանն այս նույն կետերը մի քանի անգամ կրկնել է ֆեյսբուքյան գրառումների և ուղիղ եթերների ընթացքում: 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կոնվենցիայի՝ կրթությանը վերաբերող հոդվածը և ԱՀԿ-ի «Սեռական կրթության ստանդարտները Եվրոպայում» ուղեցույցը՝ հասկանալու, թե արդյո՞ք Արա Զոհրաբյանի փաստարկները հիմնավոր են, թե՞ ոչ:

Ի՞նչ է ասվում կոնվենցիայում սեռական կրթության վերաբերյալ 

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածում նշվում է, որ փաստաթուղթը վավերացնող յուրաքանչյուր պետություն պետք է ձեռնարկի միջոցառումներ` ապահովելու, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթություն ստանալու ժամանակ տեղեկանան սեռական շահագործման և սեռական բռնության հետ կապված վտանգի հետ, ինչպես նաև իրենց պաշտպանելու միջոցների մասին՝ համաձայն իրենց կարողությունների:

Կոնվենցիայի բացատրական զեկույցում կան մանրամասն պարզաբանումներ այս դրույթի վերաբերյալ:

Մասնավորապես, 58-րդ կետում նշվում է, որ երեխաներին ընդհանրապես սեռական բնույթի հարցերի և սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների վերաբերյալ կրթելը նախ և առաջ ծնողների պարտականությունն է: Այնուամենայնիվ, կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ ծնողներն ի վիճակի չեն կամ չեն ուզում դա անել։ Օրինակ՝ երբ ծնողը ներգրավված է երեխայի նկատմամբ բռնության գործընթացում կամ երբ համայնքի մշակութային ավանդույթները թույլ չեն տալիս այդպիսի հարցերը բացահայտ կերպով քննարկել: Ավելին՝ երբեմն երեխաներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում այն ամենին, ինչ իրենց բացատրվում է այլ միջավայրում, քան տանը՝ հատկապես դպրոցում, որտեղ համապատասխան տեղեկություններ իրենց տրամադրում են մասնագետները (օրինակ՝ ուսուցիչները, բժիշկները, հոգեբանները)։ 

60-րդ կետում անդրադարձ է կատարվում կոնվենցիայի այն հատվածին, համաձայն որի՝ այդ տեղեկությունները պետք է տրամադրվեն տարրական և միջնակարգ կրթության ընթացքում: «Դպրոցական կրթությունը չի հիշատակվում, քանի որ որոշ երեխաներ կրթություն են ստանում տանը, իսկ դրույթը վերաբերում է նաև այդ երեխաներին: Նշված տեղեկությունները պարտադիր չէ, որ դասավանդման ծրագրի մաս կազմեն, այլ կարող են տրամադրվել ոչ պաշտոնական կրթական համատեքստում: Այդ առումով դպրոցը, միանշանակ, կարևոր դեր ունի, սակայն «անհրաժեշտության դեպքում» պահանջվում է նաև ծնողների համագործակցությունը»: 

61-րդ կետում շեշտվում է, որ կարևոր է, որ երեխաներն այդ տեղեկությունները ստանան իրենց կյանքի հնարավորինս վաղ փուլերում և որ ցանկացած տեղեկություն նրանց հասանելի դարձվի «իրենց զարգացող կարողություններին հարմարեցված» ձևով, այսինքն՝ իրենց տարիքին և հասունությանը համապատասխան:

Փաստացի՝ կոնվենցիան հստակեցնում է, որ սեռական բռնության վտանգների մասին երեխաներին տեղեկացնելն առաջին հերթին ծնողների պարտավորությունն է: Ավելին՝ պարտադիր չէ, որ այդ տեղեկությունները դառնան ֆորմալ կրթության բաղադրիչ: Հետևաբար, Արա Զոհրաբյանի պնդումները և մտահոգությունները՝ եվրոպական ստանդարտների սեռական դաստիարակություն ներմուծելու մասին, անհիմն են և աղերս չունեն Լանսարոտեի կոնվենցիայի հետ:

Սեռական կրթության ստանդարտները Եվրոպայում 

Ինչ վերաբերում է Փաստաբանների պալատի ղեկավարի հիշատակած՝ «Սեռական կրթության ստանդարտները Եվրոպայում» ձեռնարկին, ապա այն իսկապես ԱՀԿ-ի կողմից հաստատված ուղեցույց է, որը նախատեսված է քաղաքականություն մշակողների, առողջապահական համակարգի ղեկավարների և առողջապահական ու կրթական ոլորտների մասնագետների համար: Այն որևէ իրավական ուժ չունի, այլ ունի խորհրդատվական նպատակ: 

Ավելին՝ սա ԱՀԿ-ի միակ ուղեցույցը չէ: ԱՀԿ-ի պաշտոնական կայքում առկա է այս թեմայով մեկ փաստաթուղթ ևս, որի հեղինակը ՅՈւՆԵՍԿՕ-ն է: Այն կոչվում է «Միջազգային տեխնիկական ուղեցույց՝ սեռական կրթության համար» և նպատակ ունի օգնել կառավարություններին կազմակերպել սեռական կրթությունը դպրոցներում և դրանցից դուրս: 

Չնայած այս երկու փաստաթղթերի առկայությանը՝ եվրոպական երկրներից յուրաքանչյուրում կա սեռական կրթության քաղաքականության ազգային ռազմավարություն: Օրինակ՝ Գերմանիայում սեռական կրթությունը մշակում և իրականացնում է Առողջապահական կրթության դաշնային կենտրոնը՝ 16 դաշնային նահանգների ղեկավարների հետ համագործակցությամբ: Գործընթացն իրականացվում է ընտանիքների խորհրդատվական ինստիտուտների և դաշտում գործունեություն ծավալող այլ մասնագետների հետ: Տրամադրված կրթության արդյունքում Գերմանիայում դեռահասների շրջանում հղիության դեպքերի քանակն անկում է ապրել՝ 2004 թվականին լինելով 15,000, իսկ 2013-ին ՝ արդեն 7500:

Շվեդիայում սեռական կրթությունը պարտադիր է 1955 թվականից: Այստեղ այս թեմայով դասաժամերը սկսում են անցկացնել դպրոց հաճախելու 5-րդ տարում, սակայն կրթական համակարգը կարող է տարբեր լինել դպրոցից դպրոց: Քաղաքականությունը մշակում է երկրի կառավարությունը:

Այսպիսով՝ սեռական կրթություն իրականացնելու առումով Եվրոպայում չկա որևէ միասնական չափանիշ: Ամեն պետություն ունի իր ազգային քաղաքականությունը: ԱՀԿ-ն էլ, իր հերթին, ունի մի քանի ուղեցույց՝ որպես խորհրդատվություն տարբեր երկրների համար, սակայն դրանք պարտադիր բնույթ չեն կրում:

Սեռական դաստիարակությունը Հայաստանում

Արա Զոհրաբյանի հերթական գրառումը վերաբերում է Լանսարոտեի կոնվենցիայի բացատրական զեկույցի 62-րդ կետին:

Մեջբերելով հոդվածի այն գաղափարը, որ սեռական բռնության ռիսկերի մասին տեղեկությունն անհրաժեշտ է մատուցել սեռական կրթության համատեքստում՝ Զոհրաբյանը եզրակացրել է, որ դա տեղի է ունենալու եվրոպական ստանդարտներին համապատասխան.

«…Պարզ գրված է, այդ տեղեկությունը պետք է տրամադրել սեռական կրթության համատեքստում, ոչ թե դրանից առանձին։ Իսկ թե ինչ է սեռական կրթությունը 6-12 տարեկան երեխաների համար Եվրոպայում, արդեն մեր հանրությանը հայտնի է», — գրել է Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում: 

Նման կետ իսկապես առկա է բացատրական զեկույցում, ըստ որի՝ սեռական կրթության ընդհանուր սովորական համատեքստից դուրս սեռական շահագործման կամ սեռական բռնությունների վերաբերյալ մասնակի տեղեկությունների տրամադրումը կարող է վնաս հասցնել երեխաներին: «Հետևաբար, սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների վերաբերյալ տրամադրվելիք տեղեկությունները պետք է ներկայացվեն սեռական դաստիարակության ընդհանուր համատեքստում»,- նշված է զեկույցում:

Հեղինակների համոզմամբ՝ պետք է աշխատել, որ այդ տեղեկության արդյունքում մեծահասակները չկորցնեն իրենց հեղինակությունը երեխաների աչքում. կարևոր է, որ երեխաները նաև կարողանան վստահել չափահաս անձանց:

Այս համատեքստում պետք է հիշատակել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որի համաձայն՝ դեռահասներն իրավունք ունեն իրազեկ լինել սեռական հասունացման, սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերին, ունենալ անհրաժեշտ գիտելիքներ հղիության արհեստական ընդհատման, սեռավարակների, այդ թվում՝ մարդու իմունային անբավարարության վարակի (ՄԻԱՎ) կանխարգելման ժամանակակից միջոցների վերաբերյալ: 

Ավելին՝ 2009 թվականից 8-11-րդ դասարաններում Ֆիզկուլտուրայի դասաժամի ընթացքում աշակերտներն անցնում են «Առողջ ապրելակերպ» առարկան: Դրա շրջանակում երեխաները ծանոթանում են գենդերային դերերի հարցերին, ՄԻԱՎ-ի կանխարգելման միջոցներին, ծխելու և ալկոհոլի վնասակարությանը, վերարտադրողական առողջության խնդիրներին: 

Հետևաբար, սեռական դաստիարակության համատեքստում սեռական շահագործման մասին տեղեկությունների տրամադրումը սկզբունքորեն չի հակասում Հայաստանում արդեն իսկ հաստատված նորմերին:

Այսպիսով՝ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը պարբերաբար ներկայացնում է Լանսարոտեի կոնվենցիայի սեռական կրթության բաղադրիչին վերաբերող խեղաթյուրող և մանիպուլյատիվ պնդումներ: 

Հատկանշական է նաև, որ ժամանակին Արա Զոհրաբյանը մտահոգիչ էր համարում նաև ընտանեկան բռնության դեմ օրենքի ընդունումը: Նա նաև մանիպուլյատիվ և խեղաթյուրող պնդումներ էր արել «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ, որին Fip.am-ն առանձին անդրադարձել էր։ 

Լուսինե Ոսկանյան

www.Fip.am