«Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է Արևմուտքի վստահությունը վայելող անձ լինի, Սերժ Սարգսյանը չի տեղավորվում այդ չափորոշիչների մեջ». Արմեն Բադալյան

«Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է Արևմուտքի վստահությունը վայելող անձ լինի, Սերժ Սարգսյանը չի տեղավորվում այդ չափորոշիչների մեջ». Արմեն Բադալյան
«Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է Արևմուտքի վստահությունը վայելող անձ լինի, Սերժ Սարգսյանը չի տեղավորվում այդ չափորոշիչների մեջ». Արմեն Բադալյան

2018 թվականին Հայաստանի համար ամենակարևոր հարցը վարչապետի ընտրության հարցն է լինելու: Եվ կախված նրանից, թե ով կլինի երկրի վարչապետը, Հայաստանի զարգացումը կարող է էապես փոխվել:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով հաջորդ տարվա սպասումներին:

«Եթե գործող նախագահը վարչապետ դառնա, Հայաստանը կշարունակի մնալ այն վիճակում, որում կա՝ կոսմետիկ փոփոխություններով: Եթե վարչապետ է դառնում լրիվ ուրիշ անձնավորություն, թեկուզև իշխող քաղաքական համակարգից, ով ցանկություն ունի արմատական փոփոխությունների ենթարկել Հայաստանի քաղաքական, տնտեսական, դատաիրավական և այլ համակարգերը և ստանալ Արևմուտքի աջակցությունը, բնականաբար, երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին կյանքում 180 աստիճանի փոփոխություններ կարող ենք ունենալ»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ այսինքն՝ անձը շատ մեծ նշանակություն ունի այս հարցում: Նա բերում է Վրաստանի օրինակը, նշելով, որ Սաակաշվիլիի կառավարման օրոք բոլորովին այլ Վրաստան դարձավ:

Դատելով այսօրվա զարգացումներից, ըստ Արմեն Բադալյանի, հնարավոր չէ ասել, թե ո՛վ է վարչապետի հավանական թեկնածուն: Վարչապետ կարող է լինել և՛ գործող նախագահը, և՛ բոլորովին այլ անձ, ով կվայելի Արևմուտքի աջակցությունը: Այսօր հիմնականում շոշափվում են երեք հավանական թեկնածուների անուններ՝ Սերժ Սարգսյանի, գործող վարչապետ Կարեն Կարապետյանի և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի: Այնինչ, Արմեն Բադալյանի խոսքով` «վարչապետի թեկնածուն կարող է բոլորովին այլ անձ լինել»:

Հայաստանի ապագա վարչապետի ընտրության հարցում մասնագետը կարևորում է հատկապես Արևմուտքի դերը: Իսկ թե ինչո՛ւ՝ նա մի քանի պատճառներ է նշում:

«Հաջորդ տարվանից Հայաստանը պետք է Արևմուտքին պարտքեր վճարի, իսկ այդքան գումար Հայաստանը չունի: Հիմա հարց է առաջանում. Արևմուտքը կհամաձայնի՞ հետաձգել տոկոսների վճարման գործընթացը, թե՞ դա կքաղաքականացնի՝ կապելով իր համար ցանկալի վարչապետի թեկնածու նշանակելու հարցի հետ: Երկրորդ՝ նոյեմբերի 24-ին կնքված Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրն իրականություն դարձնելու համար պետք է լուրջ բարեփոխումներ կատարվեն: Իսկ ցանկացած բարեփոխում պետք է ֆինանսական աջակցություն ունենա: Ռուսաստանն այդ ֆինանսական աջակցությունը չի ցուցաբերելու: Իսկ Արևմուտքը, եթե ցանկանում է, որ համաձայնագրի բոլոր կետերը կյանքի կոչվեն, և իրական արդյունքներ լինեն, կհամաձայնի ֆինանսավորել: Բայց Արևմուտքը կհամաձայնի ֆինանսավորել միայն այն դեպքում, երբ իմանա, որ վարչապետն իրականում այդ փոփոխությունն իրականացնելու է, ոչ թե իմիտացիա է անելու»,- նշում է նա: Ըստ Բադալյանի՝ դա նշանակում է, որ Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է Արևմուտքի վստահությունը վայելող անձ լինի: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը չի տեղավորվում այդ չափորոշիչների մեջ:

Երրորդ պատճառը, թե ինչո՛ւ պետք է Արևմուտքը որոշի Հայաստանի հետագա վարչապետին, մասնագետի խոսքով, այն է, որ Հայաստանի զարգացման համար անհրաժեշտ է տնտեսության մեջ բավական լուրջ ներդրումներ կատարել: Իսկ այդ ներդրումները կարող է կատարել միայն Արևմուտքը, ոչ թե Ռուսաստանը: Այդ իսկ պատճառով Արևմուտքի ազդեցությունը Հայաստանի քաղաքական համակարգի վրա և վարչապետի ընտրության հարցում բավական կարևոր է:

Չորրորդ պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքական և տնտեսական ոլորտում ղեկավար բոլոր գործիչներն իրենց կապիտալը պահում են արևմտյան ֆինանսական կառույցներում՝ լինի օֆշորային տարածք, թե այլ երկրներ: Եվ Արևմուտքը, այդ կապիտալի հարցն օգտագործելով, ավելի շատ կարող է ազդել Հայաստանի վարչապետի նշանակման գործընթացի վրա, քան Ռուսաստանը: Հայաստանի քաղաքական դաշտի վրա Ռուսաստանն այլևս ազդեցություն չունի, դա կապված է գործող նախագահի հետ: Կա գործող նախագահը՝ կա Ռուսաստանի ազդեցությունը, չկա գործող նախագահը՝ ՌԴ ազդեցությունը մեր քաղաքական համակարգի վրա վերանում է:

«Այո՛, Ռուսաստանն ազդեցություն ունի կապի, էներգետիկ ոլորտներում, բայց դրանք ընդամենը շենքեր ու շինություններ են, բիզնես է, այդ բիզնեսն այսօր գնում են, վաղը վաճառում: Այսինքն՝ դա էական ազդեցության ոլորտ չէ: Իսկ քաղաքական համակարգի վրա այդ երկիրն այլևս ազդեցություն չունի, իշխող վերնախավի վրա էլ ազդեցություն չունի: Այդ պատճառով Արևմուտքի կողմից վարչապետի նշանակման գործընթացը շատ ավելի հեշտ է, եթե Արևմուտքը դա ցանկանա»,- ասում է Արմեն Բադալյանը:

Պարզապես, ըստ մասնագետի, այստեղ մի խնդիր կա՝ Արևմուտքը վերջնականապես որոշե՞լ է, որ հենց հաջորդ տարվա ապրիլին պետք է «վերցնի» Հայաստանը և հենց ապրիլի՞ն պետք է իր վարչապետին նշանակի, թե՞ ոչ:

«Այսինքն՝ հարցն այն է, թե հենց ապրիլի՞ն Արևմուտքը կստիպի, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը հանձնեն այն մարդուն, ում իրենք վստահում ու աջակցում են: Դա լինելու է, ուղղակի ժամկետների հարցը չենք կարող հստակեցնել՝ դա ապրիլի՞ն է լինելու, թե՞ ավելի ուշ»,- հավելեց մասնագետը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am