Խաղաղապահ առաքելության ջանքերի գործնական արդյունքները կարելի է տեսնել արդեն այսօր. ՌԴ դեսպան

Ռուսական կողմը շատ է կարևորում այն, որ բարեկամ Հայաստանի քաղաքացիները հնարավորինս արագ հաղթահարեն պատերազմի պատճառով առաջացած սթրեսը և վստահություն ձեռք բերեն ապագայի նկատմամբ։ 

«Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին նշել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 13-ին Երևանում մեկնարկած «Նոր սերունդ 2021» ֆորումի շրջանակներում՝ պատասխանելով երիտասարդների հարցերին:

«Ռուսաստանը, հավատարիմ լինելով իր պարտավորություններին, լուրջ ջանքեր է գործադրում կայունություն ապահովելու, մեր խաղաղապահ զորախմբի գործողության գոտում խաղաղ կյանքը վերականգնելու, Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար:

Միևնույն ժամանակ, մարդասիրական բաղադրիչն ակնհայտորեն առաջնահերթություններից է: Կարծում եմ, որ այս ուղղությամբ հաջորդող նախաձեռնությունները, անկասկած, արժանի են ուշադրության» ,- նշել է դեսպանը:

Ներկաներից հարց է հնչել այն մասին, թե Մոսկվան ինչ քայլեր կարող է ձեռնարկել, եթե հինգ տարի հետո Ադրբեջանը պահանջի դուրս բերել ռուս խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղից:  Հարցին ի պատասխան դեսպանը նշել է, որ այսօր իրենց նպատակն է կենտրոնանալ հիմնական խնդիրների լուծման վրա։

« Պատմությունը, ինչպես գիտեք, չի սիրում եթե-ներ և մեզ սովորեցնում է գործել փաստերով։ Այդ իսկ պատճառով ես չէի ցանկանա այդքան էական հարցի շուրջ տրվել երկար և հիպոթետիկ մտորումների։ Այսօր մեր նպատակն է կենտրոնանալ հիմնական խնդիրների լուծման վրա:

Դրանք են՝  խաղաղ բնակիչների և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովումը, ռազմական գործողությունների վերսկսման անթույլատրելիությունը և բնականոն կյանքի հաստատումը։ Կարևոր է, որ մարդիկ իրենց հանգիստ և ապահով զգան։

Ակնհայտ է, որ հենց այս խնդիրների լույսի ներքո ապագայում կլուծվի խաղաղապահների հարցը, ընդ որում ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ներգրավված բոլոր մասնակիցների կողմից»,-ավելացրել է դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինն ընդգծել է, որ խաղաղապահ առաքելության ջանքերի գործնական արդյունքները կարելի է տեսնել այսօր: Շարունակվում են ականազերծման աշխատանքները. արդեն հայտնաբերվել է մոտ 26 հազար պայթուցիկ առարկա, մաքրվել է մոտ 2,3 հազար հեկտար տարածք, ստուգվել է մոտ 2 հազար շինություն և 680 կմ ճանապարհային ցանց։ Մեծ ծավալի աշխատանք է կատարվել քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ: