Փափուկ բարձ` ՏՏ ոլորտին. Կառավարության խորամանկ որոշումն՝ ընդդեմ «Դեմ եմ» շարժման

Փափուկ բարձ` ՏՏ ոլորտին. Կառավարության խորամանկ որոշումն՝ ընդդեմ «Դեմ եմ» շարժման
Փափուկ բարձ` ՏՏ ոլորտին. Կառավարության խորամանկ որոշումն՝ ընդդեմ «Դեմ եմ» շարժման

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին հարկային արտոնություններ տրամադրելու որոշմամբ կառավարությունը փորձում է մեղմել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ առաջացած դիմադրությունը, որի հիմնական կորիզը հենց ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ են: ՏՏ ոլորտում նախատեսվող քայլերն, ըստ ոլորտի ներկայացուցիչների ու վերլուծաբանների, ուղղակիորեն առնչվում են հասարակական դժգոհության ալիքի հետ:

«Հայաստանում ստեղծված այս լարված մթնոլորտից զգուշանալու նպատակով իշխանությունը փորձում է ինչ-որ քայլերով մեղմել մարդկանց ընդվզումը: Դա զուտ իրենց պայքարի ձեւն է ընդվզող մարդկանց դեմ»,- «Մեդիալաբին» ասում է  «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Հայկ Ավետիսյանը, ով ՏՏ ոլորտի ներկայացուցիչ է:

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում կառավարությունը հավանություն էր տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին:

Այս եւ «Շահութահարկի մասին» ու «Եկամտային հարկի մասին» օրենքներում նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով ՏՏ ոլորտի սկսնակ (IT start-ups) ձեռնարկությունները որոնք ունեն ոչ ավելի, քան 15 աշխատող, կազատվեն պետական շահութահարկից, իսկ եկամտահարկի ֆիքսված դրույքաչափը նրանց համար  կկազմի 10 տոկոս: Նախատեսվում է նաեւ ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկություններին դրամաշնորհներ ու տեխնիկական աջակցություն տրամադրել:

«Եթե անգամ նման օրենք ընդունվի, ապա  որեւէ երեշխիք չկա, որ այն նույն ձեւով չի կարող  հետ կանչվել»,-«Մեդիալաբին» ասում է Հայկ Ավետիսյանը:

Ակտիվիստի խոսքով, կառավարության այս նախաձեռնությունը ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի շարժման ռազմավարությունն ու պահանջները չի փոխի: 

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը, որով, 1974 թվականի հունվարի 1-ից հետո բոլոր ծնվածները պարտավոր են  աշխատավարձի 5-10%-ը փոխանցել կուտակային ֆոնդերին, որը տարիներ անց կվճարվի նրանց որպես կենսաթոշակ:

Նոր համակարգը բուռն դժգոհություն առաջացրեց հասարակության տարբեր շերտերի ու ոչ իշխանական քաղաքական ուժերի մոտ: Ընդդեմ պարտադիր կուտակային համակարգի շարժումն սկիզբ առավ ՏՏ ոլորտի աշխատակիցների բողոքով, այնուհետեւ դարձավ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնություն, որն ընդգրկեց տարբեր ոլորտների տասնյակ հազարավոր ներկայացուցիչների:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար ՍտյոպաՍաֆարյանի կարծիքով կառավարությունն այս որոշումն ընդունելիս լուրջ հաշվարկ է կատարել:

Ըստ Սաֆարյանի , սրանով, փաստորեն , կառավարությունը լուծում է գործատուների դժգոհության հարցը:

«Քանի որ գործատուները պետք է փոխանցեն աշխատավարձից մասհանումները, հիմա ասում են՝ այ գործատուներ, դուք հարկեր չեք վճարի, հետեւաբար համարեք , որ սա այն փոխհատուցումն է, որը դուք կստանաք կենսաթոշակային կուտակային պարտադիր  բաղադրիչի դիմաց»,-«Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը: Նրա բնորոշմամբ, այս որոշումը կարելի է անվանել կուտակայինի դիմադրությանը կոմպենսացիայի որոշում:

Մասնագիտությամբ ինժեներ Հայկ Ավետիսյանը չի բացառում, որ այս որոշմամբ կառավարությունը նաեւ խորամանկել է` նպատակ հետապնդելով թուլացնել շարժումը:

«Թե որն է գլխավոր նպատակը, դժվարանում եմ հասկանալ, ամեն դեպքում, մարդիկ երկուսն էլ կարող են հասկանալ, եւ որ կառավարությունը զիջման է գնում, եւ , որ փորձում է շարժումը մասնատել: Այսօր Հայաստանի կառավարության նկատմամբ այնպիսի վերաբերմունք կա, որ մարդիկ մինչեւ հիմա իրենց ունեցած  տպավորություններով  կարող են հասկանալ, որ սա շատ խորամանկ քայլ է», -նշում է նա:

«Դեմ եմ»  քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստը պատահական չի համարում այս որոշման կայացումը հենց տվյալ ժամանակահատվածում:

«Եթե չեմ սխալվում, իրենք տասը տուրուց ավելի է, ասում են, որ ՏՏ-ն գերակա ճյուղ է,  եթե այդ շահագրգռվածությամբ են մտածել, այն ժամանակ կարող էին դա անել»,-«Մեդիալաբին» ասում է Հայկ Ավետիսյանն ու հավելում, որ միայն այս ոլորտով առկա խնդիրները լուծել հնարավոր չէ:

«Հայաստանում միայն ՏՏ ոլորտը չէ, Հայաստանում ընդհանուր տնտեսության խնդիր կա, Հայաստանում արտագաղթ կա, միայն  ինչ-որ մի ոլորտի սահմանափակ  քանակությամբ աշխատողներով ընկերության համար հարկերը նվազեցնելը Հայաստանի Հանրապետության տնտեսության  վրա ընդհանուր առմամբ մեծ ազդեցություն չի կարող ունենալ, ողջունելի որոշում է, բայց ամեն դեպքում, դա բացարձակապես շարժման տեմպի վրա չի ազդի» ,-նշում է նա:

Ըստ նրա, գուցե սահմանափակ թվով մարդիկ, որոնց վրա նախատեսվող օրինագիծն անմիջականորեն կազդի, սա կհամարեն հաղթանակ, բայց դրանից շարժամն օրակարգը չի փոխվի:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարի դուրս ելած քաղաքացիները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը, որը պետք է որոշի «Կուտակային կեսնաթոշակային պարտադիր համակարգի մասին» օրենքի պարտադիր բաղադրիչ սահմանադրականության հարցը:

Ստեփան  Սաֆարյանի կարծիքով, անկախ ամեն ինչից,  ՍԴ-ն օրենքը կճանաչի Սահմանադրությանը համապատասխանող:

«Սահմանադրական դատարանը դրանով հարցն իրավական հարթության մեջ կփակի»,-վստահ է նա:

Էմմա Քալաշյան

© Medialab.am