«Կապանի վեց գյուղերում կյանքը մնում է կայուն». այսօրվանից կգործի Կապան-Ճակատեն և Ճակատեն-Մեղրի հասարակական տրանսպորտը

Կապան-Ճակատեն ճանապարհի փակ լինելու պատճառով Կապան խոշորացված համայնքի վեց գյուղ՝ Ճակատենը, Շիկահողը, Սրաշենը, Ներքին Հանդը, Ծավը և Շիշկերտը, ինչպես հայտնի է, զրկվել են հիմնական ճանապարհից: Այսինքն՝ այս գյուղեր հասնելու համար հիմա նախ Մեղրի պետք է գնալ: Եթե նախկինում Կապանից Ճակատեն գնալու համար առավելագույնը 20 րոպե էր պահանջվում, ապա այժմ ավելի քան 3 ժամ է պետք՝ շուրջ 150 կմ ճանապարհն անցնելու համար:

Ինչ վերաբերում է Ճակատեն ու մյուս գյուղեր հասնելու այլընտրանք համարվող ճանապարհին, ապա այն այժմ խճապատվել է և հասանելի է միայն ամենագնացներին:

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը ադրբեջանցիների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհը փակելուց և այնտեղ մաքսակետ տեղադրելուց հետո շրջում է Կապանի գյուղերում ու փորձում հասկանալ՝ ինչ խնդիր ունեն մարզկենտրոնի հետ ուղիղ կապը կորցրած գյուղացիները: Նրանք շուրջ 250 ընտանիք են, որոնք մշտապես բնակվում են տեղում:

«Բնականաբար ասել, թե ոչ մի խնդիր չկա, անհնար է, իհարկե դժվարություններ կան, բայց բոլոր խնդիրներին օպերատիվ լուծում ենք տալիս: Ճանապարհների հետ կապված մեծ արագությամբ աշխատանքներ են իրականացվում: Այս պահին ամենագնացները կարող են հանգիստ երթևեկել»,- «Մեդիալաբին» ասում է Ռոբերտ Ղուկասյանը:

Ավելին, նոյեմբերի 23-ից Ճակատեն-Գեղանուշ-Կապան ուղղությամբ հանրային տրանսպորտ կաշխատի՝ օրը մի քանի անգամ և Ճակատեն-Մեղրի ուղղությամբ՝ օրը մեկ անգամ: Մեկ շաբաթ առաջ Ճակատեն-Գեղանուշ-Կապան ճանապարհը խնդրահարույց էր, բայց հիմա խճապատված է և ամենագնացների համար խնդիր չի առաջացնի:

«Ճանապարհին տեխնիկան աշխատում է: Ես ինքս էլ օրական մի քանի անգամ երթևեկում եմ այդ ճանապարհով, և ամենագնացները հեշտությամբ երթևեկում են այդ ճանապարհով: Միանգամայն նոր մեքենաներ ենք գնել և մարզպետարանի հետ համատեղ բերել ենք նոր տրանսպորտ ու հավելյալ երթուղային գծեր ենք բացում, որպեսզի կարողանանք հարմարավետությունը մաքսիմալ ապահովել»,- նշում է Ղուկասյանը:

Գյուղերում գործող մթերքի խանութներին պարենամթերքի առաքումը, ըստ նրա, իրականացվում է, և պարենի խնդիր գյուղերը չունեն: Վարչապետի խորհրդականը վստահեցնում է, որ սոցիալ-տնտեսական բոլոր խնդիրներին արձագանքում են, եթե որևէ խնդիր առաջանում է, տեղում լուծում է տրվում դրանց:

դիզելային վառելիք է տրամադրվում գյուղացիներին

«Շատ արագ կազմակերպել ենք, որ գյուղատնտեսական աշնանային աշխատանքները շատ արագ ավարտին հասցվեն, վառելափայտի խնդիրն ենք լուծել, տեղերում հացի փուռ է գործում»,- նշում է նա:

Առողջապահական համակարգը ևս, նրա խոսքով՝ հասանելի է բնակչությանը. շտապօգնության մեքենան ու անհրաժեշտ դեղորայքը հասցվել են գյուղեր:

«Ամենակարևորը, որ նկատել եմ, բնակչության շրջանում խուճապ չկա, մարդիկ ապրում են իրենց կյանքով: Ես այս օրերին այնտեղ եմ, շրջում եմ գյուղերում, կյանքը մնում է կայուն: Բոլորն էլ շատ լավ հասկանում են ստեղծված իրավիճակը և միասնական են»,- ասում է Ռոբերտ Ղուկասյանը:

MediaLab.am