Այսօր՝ հունիսի 4-ին, Հայաստանի դպրոցների 12-րդ դասարանցիների համար կհնչի «Վերջին զանգը»։ Կազմակերպվող միջոցառումները կանցկացվեն բացօթյա։
Ավելի վաղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերականով դիմել էր Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին միջոցառման մասնակիցների թիվը հնարավորինս սահմանափակել՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանի պահանջները:
Նախարարությունը կոչ էր արել նաև բացառել որևէ դրամահավաք։
Իր հերթին հայտարարություն էր տարածել նաև Ճանապարհային ոստիկանությունը՝ տեղեկացնելով, որ «Վերջին զանգի» միջոցառումներով պայմանավորված հունիսի 4-ին իրականացնելու է ուժեղացված ծառայություն:
Ճանապարհային ոստիկանությունը հայտնել էր, որ միջոցառումների շրջանակներում ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես և ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։