«Հաճախ էր երգում «Տեղս պահեք բլուրում» երգը, երևի զգում էր…». կամավոր Գոռը չվերադարձավ մարդի դաշտից

Կարինեն հուզմունքով է հիշում, թե ինչպես էր 23-ամյա եղբայրը մինչև 44-օրյա պատերազմը քթի տակ հաճախ երգում «Տեղս պահեք բլուրում» երգը։ Քույրն ասում է՝ մայրը բարկանում էր Գոռի վրա, սակայն նա շարունակում էր լսել ու երգել այդ երգը։

«Մաման ասում էր՝ Գոռ ջան, հերիք ա էդ երգը երգես, բայց ինքը երգում էր… Երևի զգում էր՝ ինչ ա լինելու իրա հետ»,- պատմում է ու հուզվում 32-ամյա քույրը։

Կարինեի եղբայրը՝ 23-ամյա Գոռ Սողոմոնյանը, կամավոր է մեկնել պատերազմ։ Քույրը պատմում է, որ եղբայրը չի սպասել, որ ծանուցագիր գա, կամ ջոկատ կազմվի, միայնակ շտապել է առաջնագիծ։

«Գոռը Քառօրյային էլ ա մասնակցել, ինքը հենց լսել ա պատերազմի մասին, առաջին օրն էլ ուզեցել ա գնա, չի ստացվել, հաջորդ օրը իրա կամքով գնացել ա։ Մայրս փորձել է հետ պահել, մաման աշխատանքի ա եղել, զանգել ա՝ մամ, ես գնում եմ, մաման ասել ա՝ սպասի, էլի գնա, բայց՝ ջոկատի հետ, ծանուցագիր գա, նոր գնա: Գոռն էլի չի սպասել, մամայից թաքուն հասել ա Վարդենիս, էնտեղից զանգել, որ գնում ա Ղարաբաղ»,- պատմում է Կարինեն։

Գոռ Սողոմոնյանը պատերազմական գործողություններին մասնակցել է Մարտակերտում՝ Հաթերքում։ Նույն օրն էլ գանգուղեղային ծանր վիրավորում է ստացել, սակայն հիվանդանոց են տեղափոխել հաջորդ օրը։

Գոռին Երևան տեղափոխելուց հետո են ընտանիքի անդամները իմացել նրա հետ կատարված դեպքի մասին։ Կարինեն պատմում է, որ սեպտեմբերի 29-ին մայրը գնացել է հիվանդանոց, տեսել որդուն, որը կոմայի մեջ է եղել։ Նույն օրն էլ եղբայրը մահացել է։

Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել Գոռի հուղարկավորությունը ծննդավայրում՝ Հրազդանում։

Գոռ Սողոմոնյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Կարինեն ասում է՝ իրենց կյանքն էլ երբեք լիարժեք չի կարող լինել:

«Ահավոր դաժան է, Գոռը մեր միակն էր, մենք երկու քույր, մեկ եղբայր էինք։ Երկու քույրերով ամուսնացած ենք, հիմա տունը դատարկվել է, ծնողներս մենակ են մնացել՝ իրենց մտածմունքներով, համ մեր համար ա դժվար, համ իրանց»,- ցավով ասում է Կարինեն։

Գոռի մասին պատմելիս քույրն ասում է՝ լռակյաց էր, հանգիստ, չէր սիրում որևէ խնդրի մասին պատմել, սիրում ինքնուրույն հարթել դրանք, ընկերասեր էր, օգնող։ 

Տարբեր աշխատանքներ էր կատարում, ընտանիքին օգնում, որոշել էր ընտանիք կազմել, սիրած աղջիկ ուներ, ցանկանում էր ամուսնանալ, երեխաներ ունենալ։ Քույրն ասում է՝ եղբայրը սիրում էր երեխաներ, ու քույրերի երեխաների հետ շատ ժամանակ էր անցկացնում։

«Մեր երեխեքով էր ապրում, երեխեքին հավաքում էր, երկուսը ես ունեմ, երեքը՝ քույրս, տանում էր սենյակ, միասին խաղում էին, ինքն էլ՝ ոնց որ փոքր երեխա, տանում էր զբոսանքի, ման էր տալիս։ Չհասցրեց իրենն ունենալ»,- հուզմունքով ասում է Կարինեն։

Քույրն ասում է՝ եղբայրը մեծ ոգևորությամբ գնաց պատերազմ՝ հավանաբար այն հույսով, որ հաղթանակած վերադառնալու է:

«Գոռը Քառօրյայի ժամանակ էլ մի այլ կարգի ոգևորությամբ է մասնակցել, էս պատերազմի ժամանակ էլ էլի մեծ ոգևորությամբ գնաց։ Մտածում էր՝ անպարտ ենք, գնալու ենք, հաղթելու ենք, գալու ենք։ Ինքն էլի հաղթած է մեր համար․․․»- ասում է ու հուզվում քույրը։

Կարինեն ասում է՝ հաճախ է մտովի խոսում եղբոր հետ, Աստծո հետ ու միշտ «խի սենց եղավ» հարցն է իրեն տանջում։ 

«Ու ոչ միայն մեր համար եմ ասում, այլ ընդհանուր՝ մեր ազգի համար, բոլորն էլ մերն են, ցավ ես ապրում։ Էս վերջին պատերազմին էլ՝ սեպտեմբերի 13-ին, մեր հարևանի երեխեն էր զոհվել, կրկնակի նորից ցավս թարմացավ»,- ասում է Կարինեն։

Արփինե Արզումանյան

MediaLab.am