Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Հաստատվեց․ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի երկու դուստրերն ու հայրը հրավիրվել են КГБ, ներեցեք ԱԱԾ «զրույցի»։ Միայն օրենքի շրջանակներում գործող, ժողովրդի իրավապահ մարմինները ուսումնասիրում են Հրայր Թովմասյանի հայրական տան տանիքը։
Հավանաբար նրանց սուր, մասնագիտական աչքից չեն վրիպի այն հսկայական չարաշահումները, որ կատարվել է տանիքի կառուցման ժամանակ։ Եվ , հավանաբար շուտով կլսենք ԱԱԾ հաղորդագրությունը․ «Հրայր Թովմասյանը․․․․առևերույթ հանցագործություն ․․․և այլն»։
Այսպիսի պատմություններ երեխա ժամանակ լսել եմ իմ ծնողներից, հեռավոր ստալինյան 37թ․ ժամանակների մասին և չէի պատկերացնի , որ 21-րդ դարի Հայաստանում ինքս դրան ականատես կլինեմ։
Նման անհեթեթ պատմություններ էին ներկայացվում և ժողովուրդը հավատում էր․ «Ա՛յ, ա՛յ, ա՛յ։ Նստեցնել, գնդակահարել ժողովրդի թշնամիներին»։ Առավել «լոյալները»․ «Դե՛․ մի բան արած կլինի, հո՛ հենց էնպես չէին բռնի»։ Իհարկե , 1937 թ․ բոլշևիկյան տեռորն, իր մասշտաբներով չես համեմատի 2019թ․ «ժողովրդավարական» Հայաստանի գավառական տեռորի հետ։ Բայց մտածողությունն ու մեթոդները նույնն են։ Եվ ովքեր ողջունում են սույն գործողությունները կամ լռում են, պատասխանատու են Հայաստանի ապագայի համար, անկախ կուսակցական պատկանելիությունից, Հրայր Թովմասյանի նկատմամբ վերաբերմունքից»։