Ահմադինեժադին սպասելիս. միջուկային ծրագիրն ու պատժամիջոցները հայ-իրանական համագործակցությանը «վնաս չեն»

Ահմադինեժադին սպասելիս. միջուկային ծրագիրն ու պատժամիջոցները հայ-իրանական համագործակցությանը «վնաս չեն»
Ահմադինեժադին սպասելիս. միջուկային ծրագիրն ու պատժամիջոցները հայ-իրանական համագործակցությանը «վնաս չեն»

Մինչ Արևմուտքում մտածում են Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին, Հայաստանում սպասում են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցին:
Իրանի նախագահի տարեվերջյան սպասվող այցը լուրջ իրադարձություն է տարածաշրջանային քաղաքականության մեջ: Արևմուտքի համար դա կարմիր լույս է, որը հուշում է` Իրանի ազդեցությունը տարածաշրջանում շարունակում է աճել: Մինչդեռ Հայաստանի համար հանդիպումը տնտեսաքաղաքական համագործակցության նոր փուլ է խոստանում:

«Չկա որևէ հարց, որ Հայաստանը խուսափի քննարկել Իրանի հետ,քանի որ Հայաստանն Իրանի նկատմամբ վարում է բաց արտաքին քաղաքականություն և հստակ հայտարարում է, որ ցանկանում է զարգացնել իր հարաբերությունները արևմտյան գերտերությունների հետ, միևնույն ժամանակ չի անտեսում Իրանի դերը տարածաշրջանային գործընթացներում»,- «Մեդիալաբին» ասում է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Մինչ Իրանի նախագահը կժամանի Հայաստան, Երևանում հասարակական քննարկումների կենտրոնում է հայ-իրանական տնտեսական հերթական հարցը: Մամուլում տեղեկատվություն է շրջանառվել, որ Երևանի կենտրոնում իրանական բարձրահարկ բիզնես կենտրոն կկառուցվի:

Այս լուրը, սակայն, քաղաքապետարանից շտապեցին հերքել` նշելով, որ այս հարցն անգամ քննարկման չի դրվել:

«Դա պարզապես առաջարկություն է պարսկական կիսապետական ընկերության կողմից, նախագիծն արել է Եվրոպայում աշխատող պարսիկ ճարտարապետը: Կարծում եմ, որ երևի թե այս մակարդակով էլ մենք խոսակցությունը կավարտենք, որովհետև որևիցե մեկս ներկայացված առաջարկն այդքան լուրջ չենք ընդունում»,- ասում է Երևանի քաղաքապետարանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը:

Նրա խոսքով` այսպես կոչված «Պարսկական աշտարակը» չպետք է կառուցվի «Մոսկվա» կինոթատրոնի կողքը, քանի որ կխաթարի Երևան քաղաքի ճարտարապետական տեսքը: Ինչ վերաբերում է խնդրի տնտեսական բաղադրիչին, փորձագետների կարծիքով` Երևանում իրանական բիզնես կենտրոնի կառուցումը ամենևին էլ վատ միտք չէ:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով` ցանկացած բիզնես նախագծի պետք է ընդառաջել, պետք է հնարավորություն տալ Երևանում կամ Հայաստանում իրականացնել բիզնես ծրագրեր, որովհետև Հայաստանը դրա կարիքն ունի: Ինչ վերաբերում է «Պարսկական աշտարակին», տնտեսագետի կարծիքով` այս նախագիծը «ինչ-որ մեկի» ագահության արդյունքն է:

«Ես համոզված եմ, որ ինչ-որ մեկը խոսք է տվել պարսիկներին, որ ինքն այնպես կանի, որ նրանք բարձրահարկ շենք կառուցեն: Իսկ դա ի սկզբանե անիրականանալի ծրագիր էր»,- «Մեդիալաբին» ասում է Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի կարծիքով, սակայն, օրենքի սահմաններում յուրաքանչյուր հայ-իրանական տնտեսական ծրագիր պետք է ողջունել:

Դժվար է ասել` կքննարկե՞ն արդյոք Հայաստանի և Իրանի նախագահները բիզնես կենտրոնի և փոքր ու միջին բիզնեսի այլ խնդիրներ: Մի բան, սակայն, ակնհայտ է. չնայած որոշ մարդկանց մտավախություններին, թե Իրանի ազդեցությունը Հայաստանում անթույլատրելի սահմանների է հասնում, հայ-իրանական տնտեսական համագործակցությունը շարունակելու է աճել: Փորձագետները նշում են` Հայաստանը պարզապես այլընտրանք չունի: Նույնը կարելի է ասել նաև Իրանի մասին, եթե հարցը դիտարկենք այդ երկրի տարածաշրջանային ազդեցության տեսանկյունից:

Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրներն իրականացրել են մի շարք խոշոր տնտեսական նախագծեր: Դրանցից ամենակարևորը, թերևս, Իրան-Հայաստան գազատարի շինարարությունն էր:

Արմեն Իսրայելյանը հիշեցնում է` այժմ երկու երկրների աշխատանքային օրակարգում է Իրան-Հայաստան երկաթգծի, նավթամուղի, Արաքս գետի վրա էլեկտրակայանի կառուցումը: Հայաստանն Իրանից ներմուծում է գազ, փոխարենը` Իրան է արտահանում էլեկտրաէներգիա: Այսպիսով` երրորդ էլեկտրահաղորդման գծի շահագործումը հնարավորություն կընձեռի առավել մեծ ծավալների էլեկտրաէներգիա արտահանել Իրան:

«Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` Երևան կատարելիք այցի ընթացքում կքննարկվի նաև Ասիական զարգացման բանկի տրամադրած վարկով կառուցվելիք «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղին, որի միջոցով իրանական ապրանքները հնարավոր կլինի Հայաստանի տարածքով արտահանել Վրաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա»,- «Մեդիալաբին» ասում է Ա. Իսրայելյանը:

Իրանագետի կարծիքով` Թեհրանի հետ Երևանի սերտ կապերը նպաստում են նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Օրինակ` Իրանը, լինելով «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ և մեծ ազդեցություն ունենալով այդ կազմակերպությունում, ԼՂ հակամարտության նկատմամբ վարում է հավասարակշռված քաղաքականություն, ինչն էլ մի շարք իսլամական երկրների համար նախադեպ է ստեղծում, որպեսզի չենթարկվեն Ադրբեջանի սադրանքներին և ԼՂ հակամարտության նկատմամբ չեզոք դիրքորոշում ունենան:

Հաշվի առնելով հայ-իրանական տնտեսական և քաղաքական համագործակցության այս բոլոր առավելությունները` դժվար թե Արևմուտքի պատժամիջոցները կամ Իրանի աճող ազդեցության մասին մտավախությունը կարողանան խոչընդոտել երկու երկրների կապերի սերտացումը:

«Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը գլոբալ առումով չի կարող խոչընդոտել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը: Այսինքն` քանի դեռ Արևմուտքը հստակ ճանապարհներ չի նախանշել, թե Հայաստանը, իր չորս հարևաններից երկուսի կողմից փաստացի գտնվելով շրջափակման մեջ, ի՞նչ ճանապարհով պետք է իրականացնի իր արտաքին առևտրի զգալի մասը, չի կարող խոչընդոտել հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը»,- «Մեդիալաբին» ասում է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Լիաննա Խաչատրյան

© Medialab.am