Դատավորներին, ոստիկանությանը, դատախազությանը բարձր աշխատավարձեր տալը հետին միտք ունի ու բոլորովին այլ նպատակով է արվում. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

Տիկի՛ն Կարապետյանց, գործադիրի այսօրվա նիստում հայտարարվեց, որ Հայաստանում առաջին ատյանի դատարանի 206 դատավորի աշխատավարձ շուրջ 60 տոկոսով կբարձրանա: Նիկոլ Փաշինյանն էլ շեշտեց, որ դատավորների և առհասարակ պաշտոնյաների աշխատավարձն առաջին հերթին բարձրացնում են քաղաքացիների համար. «Քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից: Եվ դատական համակարգում աշխատավարձի բարձրացումը մեր շարունակական քաղաքականությունն է»: Որոշումն ու գործադիրի ղեկավարի այս հիմնավորումն ինչպե՞ս եք գնահատում:

– Ես սկզբունքորեն երբեք դեմ չեմ եղել դատավորների բարձր աշխատավարձերին, որովհետև ես էլ եմ կարծում, որ դա երաշխիքներից մեկն է, որը հնարավորություն կտա մինիմալիզացնել կոռուպցիան ու մաքսիմում հնարավորություն ստեղծել, որպեսզի դատավորը դատական նիստի ժամանակ ամբողջությամբ ներգրավված լինի գործընթացի մեջ և չմտածի, ասենք, թե ինչո՛վ է վճարելու երեխաների ուսման վարձը կամ գայթակղություն ունենա մեծ ֆինանսական ճանապարհներից օգտվել:

Սկզբունքորեն դեմ եմ, որ լյուստրացիա չանցած դատավորները բարձր վարձատրություն ստանան, որովհետև այսօր դատական համակարգում շարունակում են պաշտոնավարել մարդիկ, որոնք բառացիորեն հանցագործներ են, ու այդ հանցագործությունների բնույթը ոչ թե, օրինակ՝ կարմիր լույսի տակով անցնելը կամ սխալ տեղում կայանելն է, այլ նրանք արդարադատության ոլորտում հանցագործություններ են կատարել, ու դրանք ավելի քան հիմնավորված ու ապացուցված են, որոնց համար առանձին դատական ակտեր էլ անհրաժեշտ չեն:

Հետևաբար, ես տրամաբանությունը չեմ հասկանում, թե ինչո՛ւ պետք է ՀՀ քաղաքացին հարկեր վճարի, որոնց հաշվին կբարձրանան տարբեր դատավորների աշխատավարձեր, որոնք չեն իրականացրել արդարադատություն ու հիմա էլ շատ դեպքերում չեն իրականացնում:

– Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առանց բովանդակային փոփոխությունների կառավարությունն ուղղակի աշխատավարձի բարձրացում չի անելու, այսինքն՝ ֆինանսական բարձրացումը պետք է ենթադրի բովանդակային փոփոխություն: Մինչ այս արված բարձրացումներից հետո դուք նկատե՞լ եք բովանդակային այդ փոփոխությունը:

– Բերվում է այսպիսի հիմնավորում, որ եթե աշխատավարձերը բարձր լինեն, լավ մասնագետները կգան կմտնեն համակարգ, ու ինչ-որ փուլում համակարգն ինքնըստինքյան կբարեփոխվի: Սա, իմ կարծիքով, հիմնավորում չէ, որովհետև դատական համակարգը, այդ թվում՝ նաև վարչապետի ելույթների, խոսույթների, բառամթերքի, առհասարակ իշխանության տարբեր ներկայացուցիչների, մասնավորապես, Արսեն Թորոսյանի ու մյուսների վարքագծով և հայտարարություններով այնքան է վարկաբեկվել, արժեզրկվել, որ շատ մարդիկ չեն էլ ուզում մտնել այդ համակարգ:

Ամենակարևորը՝ այդպես էլ փոփոխություններ չապրած համակարգը իսկապես ունի լրջագույն խնդիրներ, ու շատ ու շատ մարդիկ, որ կարող էին դառնալ լավ մասնագետներ, սկզբունքային ու ազնիվ դատավորներ, չեն ուզում դառնալ այդ հանցավոր համակարգի մաս: Հետևաբար, չեմ կարծում, թե ֆինանսական բարձրացումը համակարգում կբերի բովանդակային փոփոխությունների:

Այո՛, մենք ունենք փոքր թվով երիտասարդ կադրերի ներգրավում, բայց նրանց մի մասը պարբերաբար համակարգից թողնում դուրս է գալիս, ինչպես դատախազությունից, այնպես էլ քննչական մարմիններից: Երկու տարբերակ կա. կա՛մ իսկապես ազնիվ, պարկեշտ դատավորի ստատուսը հասկացող մարդիկ չեն մնալու համակարգում, կա՛մ արդեն կայացած ու չբարեփոխված համակարգը ուղղակի խժռելու է այդ մարդկանց ու դարձնելու այնպիսին, ինչպիսին եղել է համակարգը տարիներ շարունակ: Այնպես որ, սա հարցի լուծում չի լինելու, թեպետ սկզբունքորեն դեմ չեմ բարձր աշխատավարձերի:

– Տիկի՛ն Կարապետյանց, եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, քաղաքացիները նաև օգտվում են այլ մասնագետների՝ բժիշկների, մանկավարժների և այլոց ծառայություններից ևս, այդպես չէ՞: Այս պարագայում ինչո՞ւ կառավարությունը նախ չի բարձրացնում այս շերտի աշխատավարձերը, այլ առաջնային պլանում են նախարարները, պատգամավորներն ու դատավորները:

– Մասնավորապես ինձ համար արդարադատության ամբողջ համակարգը, ոչ միայն դատարանները, այլ նաև քննչական մարմինները, դատախազությունը, ոստիկանությունը այն կարևորագույն կառույցներն են, որոնք պետք է զսպիչ դեր իրականացնեն մնացած մարմինների մասով:

Կոռուպցիայի դեմ պայքարը, օրինակ, կառավարության գործառույթը չէ, բժիշկներինը կամ մանկավարժներինը չէ, դա հենց արդարադատության համակարգի գործառույթն է, հետևաբար ինչքան ուժեղ և կայացած լինի այդ համակարգը, այնքան ավելի արդյունավետ է լինելու մեր բոլորի մնացյալ գործառույթները:

Բայց, համոզված եմ, որ այս ոլորտին, մասնավորապես դատավորներին, ոստիկանությանը, դատախազությանը բարձր աշխատավարձեր տալը հետին միտք ունի ու բոլորովին այլ նպատակով է արվում: Դա արվում է բացառապես մի բանի համար, որպեսզի այդ համակարգի ներկայացուցիչները մաքսիմում լոյալ լինեն իշխանություններին, այսպես արվել է նախկինում, արվում է հիմա:

Եթե իսկապես նպատակ լիներ մեծ իմաստով փոփոխությունների գնալ համակարգում, դրա բաղադրիչ մասը միայն աշխատավարձի բարձրացումը չէ, որովհետև մեր խնդիրը երբեք չի եղել միայն աշխատավարձը: Մեր խնդիրը եղել է այն, որ համակարգում աշխատել են մարդիկ, որոնք խորապես թքած են ունեցել օրենքների, իրավունքների, արդարադատության ու մնացած ամեն ինչի վրա, սպասարկել են գործող իշխանություններին: Հիմա էլ կան դատավորներ, որոնք իրենց պաշտոնները շարունակում են պահել կամ ավելի բարձր պաշտոնների նշանակվել ոչ թե որ լավ մասնագետ են, այլ որովհետև մաքսիմում լոյալ են գործող իշխանություններին:

– Կարծում եք, որ դատավորին, որը սովոր է նաև զարտուղի ճանապարհով գումարներ վաստակել, կաշառքի միջոցով վճիռներ կայացնել, աշխատավարձի բարձրացումը կստիպի՞ հետ կանգնել այդ ճանապարհից, այսինքն՝ որքանո՞վ է արդյունավետ լինելու այս մեթոդը:

– Չեմ կարծում, որովհետև շատ շատերի ախորժակն այնպես է բացվել կաշառքներով, որ դժվար թե սա հետ պահի նրանց: Եթե բացեք Կարեն Անդրեասյանի զեկույցը, կտեսնեք, թե ինչքան գումարներ էին վճարում դատավոր դառնալու համար, կամ որ գործը որքան արժեր: Ես չգիտեմ՝ աշխարհում կա՞ այդպիսի պետություն, որն ի վիճակի է դատավորների ախորժակը բավարարելու:

Հիմա նախկին պատգամավորների, պաշտոնյաների դղյակներն են փնտրում, գտնում, իսկ եթե փնտրեն ու գտնեն դատավորների, նրանց զավակների, երբեք չաշխատած կանանց, զոքանչների և այլոց անուններով եղած դղյակները, հավատացեք, շատ, ինչպես ասում են՝ հուզիչ կլինի: Հետևաբար, իհարկե հնարավոր չի լինի այսկերպ կանխել կոռուպցիան, այդ մարդկանց պետք էր վեթինգի ճանապարհով գեղեցիկ ճանապարհել տուն, առնվազն գոնե ճանապարհել տուն, նոր սկսել հարկատուների հաշվին լավություն անել:

Շատ տգեղ հնչող խոսույթ է, երբ վարչապետը հայտարարում է՝ մեր իշխանությունը, կառավարությունը, ՔՊ-ն բարձրացնում է սրա-նրա աշխատավարձը: Այստեղ են ասել՝ գլուխներդ պատով եք տվել, էդ դո՛ւք չեք տալիս, դա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վճարած հարկերից է գոյանում, դա ո՛չ ՔՊ-ինն է, ո՛չ Նիկոլ Փաշինյանինը: Այդ ամենի համար վճարում է ՀՀ քաղաքացին, ու նա էլ պետք է պահանջատեր լինի, թե ում է վճարվում այդ գումարը:

Վերադառնալով հարցին՝ թե ինչո՛ւ հենց դատավորներին, այլ ոչ թե բժշկին կամ ուսուցչին, որովհետև արդարադատություն իրականացնող մարմիններն ու ուժային կառույցները այսօր նրանց՝ իշխանության մնալու համար շատ ավելի կարևոր են, քան մյուս մասնագետները:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am