«Մարտի 8-ը Հայաստանում վերածվել է նվեր վաճառելու օրվա, ինչն աղճատում է օրվա իրական խորհուրդը». Արման Ղարիբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, լրագրող Արման Ղարիբյանը

Պարո՛ն Ղարիբյան, Կանանց միջազգային օրն է այսօր, շնորհավորանքների պակաս չի զգացվում, բայց կխնդրեմ ասեք, թե ո՞րն է օրվա բուն խորհուրդը, և արդյոք Հայաստանում կանանց իրավունքները պաշտպանվա՞ծ են:

– Արձանագրենք, որ տոնը կոչվում է Կանանց միջազգային օր և ուղիղ կապ ունի կանանց իրավունքների հետ, և հենց իրավունքների համար պայքարից է առաջացել այդ օրվա խորհուրդն ու որևէ կերպ կապ չունի ծաղիկների կամ նվերների հետ:

Վերջին տարիներին այս օրը շատ կոմերցիոն բնույթ է ստացել, ու Մարտի 8-ը տարբեր բիզնեսների համար զուտ փող աշխատելու միջոց է դարձել, այսինքն՝ նվեր վաճառելու օրվա է վերածվել, ինչն իրականում աղճատում է Մարտի 8-ի խորհուրդը, քանի որ այն ծագել է դեռևս 19-րդ դարի կեսերին՝ կանանց իրավունքներին վերաբերող երթից, որը հենց նախաձեռնել են աշխատավոր կանայք, բայց հետագայում բազմաթիվ այլ գործողություններ են եղել, ու պայքարել են ոչ միայն աշխատանքային իրավունքների համար, այլ նաև՝ ընտրելու, ընտրվելու և այլնի վերաբերյալ:

Ցավոք, Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ մենք ծաղիկներից, շնորհավորանքներից ու բաժակաճառերից այն կողմ չենք անցնում, օրն օգտագործում ենք ոչ թե կանանց իրավունքների մասին խնդիրները բարձրաձայնելու, այլ ուղղակի գեղեցիկ խոսքեր ենք ասում ու անցնում առաջ: Շարունակում ենք նույն խտրականությունը, բռնությունը ու կարծրատիպերով առաջնորդվել ինչպես ընտանիքում, այնպես էլ ամենուր:

Հայաստանում վերջին տարիներին որոշակի փոփոխություններ չե՞ն եղել կանանց իրավունքների պաշտպանության մասով:

– Կան փոքրիկ դրական տեղաշարժեր ու չէին կարող չլինել, որովհետև այսքան տարիներ բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ ջանքեր են գործադրել, որպեսզի փոփոխություն լինի, հավելած՝ երկրում սերնդափոխություն է եղել, ու այսօրվա աղջիկներն ավելի լավ են հասկանում իրենց իրավունքները, իրենց ազատության սահմանները ու գիտեն դրանց արժեքը:

Բայց, ցավոք սրտի, իրավիճակը դեռ չենք կարող բավարար գնահատել, ու դրա ամենացավոտ օրինակը Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության տարածվածության մակարդակն է ու բռնարարների նկատմամբ կիրառվող մեղմ պատիժների միտումը: Հետևաբար, քանի դեռ Հայաստանում արձանագրվում են ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքեր, իսկ, հավատացեք՝ արձանագրվում են ոչ ամբողջը, իրական դեպքերի մոտ 10%-ն է արձանագրվում, մենք չենք կարող ասել, թե Հայաստանն էական առաջընթաց է արձանագրել կանանց իրավունքների պաշտպանության հարցում:

Իսկ այդ բռնության դեպքերի բնույթը փոխվե՞լ է: Մարդիկ շարունակո՞ւմ են անտարբեր լինել այդ ամենի նկատմամբ:

– Փոփոխությունն այն է, որ ավելի քիչ կանայք են հանդուրժում բռնությունն իրենց նկատմամբ ու դիմում են իրավապահ մարմիններ: Բնույթը, ցավոք, գրեթե չի փոխվել, այսինքն՝ ամենավատ տարբերակը, որ կարող է լինել, խոշտանգումն ու սպանությունն է, իսկ մենք տեսնում ենք, որ տեղի ունենում է նման բան, ու գրեթե նույն թվերն են, այսինքն՝ այս իմաստով էլ նվազում գրեթե չի նկատվում, միջինում տարեկան մոտ 10 կին է իր ընտանիքում սպանվում:

Անտարբերության մասով՝ վիճելի է, և՛ այո, և՛ ոչ: Ունենք դեպքեր, երբ հենց ընտանիքի անդամներն են թաքցնում, կոծկում բռնությունը, բայց կան նաև դեպքեր, երբ մարդիկ փողոցում ականատես են լինում բռնության ու բարձրաձայնում են, փորձում օգնել: Բայց հանդուրժողականությունը բռնության նկատմամբ դեռևս առկա է բավականին լուրջ ծավալներով:

 – Պարո՛ն Ղարիբյան, եթե չեմ սխալվում, դուք ներկա եք լինում կանանց դեմ բռնության գործերով դատական նիստերին, կխնդրեմ մի փոքր մանրամասնեք, ընդհանուր առմամբ, ի՞նչ իրավիճակների եք ականատես լինում:

– Հաճախ ականատես եմ լինում, որ տուժող կինը դատարան է գալիս միայնակ, լավագույն դեպքում՝ փաստաբանի ուղեկցությամբ, բայց ոչ հարազատների ու մտերիմների, իսկ բռնարարները մեծ մասամբ դատարան են գալիս մտերիմների շքախմբով, որոնք երբեմն կարող են իրենց ագրեսիվ վարքագիծ թույլ տալ, օրինակ՝ նիստերից մեկի ժամանակ տղամարդը դատարան էր եկել քրոջ հետ, իսկ քույրը պատրաստ էր տեղում բռնություն կիրառել տուժողի նկատմամբ:

Գլխավոր խնդիրն այն է, որ վաղեմության ժամկետով այդ գործերը հաճախ կարճվում են, այսինքն՝ մեր դատական համակարգի ծանրաբեռնվածությունը ու քննիչների, դատախազների ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով գործի քննությունն այնքան է ձգձգվում, որ հաճախ ուղղակի ժամկետը լրանում է, ու այդ հիմքով գործը կարճվում է, ու դատավորը ոչինչ անել չի կարող:

Իսկ սա կարող է ստեղծել անպատժելիության մթնոլորտ կամ այն, որ տուգանքներ են նշանակվում ծեծի ենթարկելու հոդվածով, իսկ գործերը հիմնականում այս հոդվածով են հարուցվում, և այդ տուգանքը, ըստ օրենքի, 100000 դրամ է: Հաճախ դատավճռով ավելի քիչ տուգանք է սահմանվում, ու ստացվում է, որ կին ծեծելը բարեկեցիկ կյանքով ապրող տղամարդուն այնքան էլ լուրջ խնդիրների առաջ չի կանգնեցնում:

Ձեր ներկայությունը որքանո՞վ է ազդում դատական նիստի մասնակիցների ու դատավորների վարքի վրա: Դատավորների կողմից խտրական վերաբերմունք նկատե՞լ եք:

– Դատավորների կողմից նման վերաբերմունք կանանց նկատմամբ չեմ զգացել, բայց գուցե նրանից է, որ տեսնում են, որ այնտեղ դիտորդ կամ լրագրող կա: Ես նաև զրուցում եմ այն կանանց հետ, որոնց դատական նիստերին ներկա չեմ լինում, և նրանք որոշ նման հանգամանքներ նշում են, որ դատարանի կողմից խտրական վերաբերմունք են զգացել կամ զգացել են, որ դատավորներն ուղղակի հետաքրքրված չեն իրենց գործով:

Ինձ չի հանդիպել անգամ մեկ գործ, երբ կինը մեկ անգամ է բռնության ենթարկվել, բոլորը տարիներ շարունակ ենթարկվել են բռնության, ու դատավորներն այստեղ բավական զգայունություն չեն ցուցաբերում, որպեսզի գոնե լսեն այդ կանանց:

Պարո՛ն Ղարիբյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ եթե իրավապաշտպանների արձագանքը չլիներ այս թեմայով, ապա ավելի վատթար իրավիճակ կունենայինք այսօր:

– Անշուշտ, իհարկե, այսօր նաև այդ օրն է, որ շնորհակալություն հայտնենք կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց և կազմակերպություններին, որովհետև նրանց մի քանի տասնամյակների աշխատանքների շնորհիվ մենք ունենք որոշակի առաջընթաց, որի մասին արդեն ասացի, ինչն իհարկե բավարար չէ, բայց եթե չլիներ այդ հսկող ու աջակցող աչքը՝ շատ ավելի վատ իրավիճակ կունենայինք:

Էլ չեմ ասում, որքան ջանքեր են ներդրել, որպեսզի մենք ունենանք կանանց բռնությունից պաշտպանող օրենսդրական կարգավորում, որը իրավապահներին որոշակի գործիքակազմ է տվել: Այլ հարց է, որ նրանք ջանասիրաբար չեն կատարում օրենքով իրենց վրա դրված լիազորություններն ու պարտավորությունները, այդ իսկ պատճառով իրավիճակը դեռևս հեռու է բավարար լինելուց, և ի հետևանք ունենում ենք մեծ թվով ծեծված ու սպանված կանայք:

Հայաստանում այսօր ի՞նչ մարտահրավերներ ու խնդիրներ են ծառացած կանանց առջև:

– Գրեթե նույն մարտահրավերներն են, ինչ ամբողջ աշխարհում, որովհետև խտրականությունը հիմնված է սեռերի վերաբերյալ մարդկանց ընկալումների, կարծրատիպերի, նախապաշարմունքների վրա, ու այս առումով մենք աշխարհից չենք տարբերվում:

Մի ամբողջ կյանք է պահանջվում, որ մարդը հրաժարվի այս կարծրատիպերից, դրա համար էլ այսքան դանդաղ քայլերով ենք առաջ գնում: Այդ կարծրատիպերը խանգարում են կանանց ամենուր՝ սկսած անձնական կյանքից, վերջացրած հանրային հարաբերություններով: Նրանց նկատմամբ խտրականությունը նաև դրսևորվում է նրանում, որ հաճախ թերագնահատում են կանանց հնարավորությունները:

Մեր երկրում ի՞նչ պետք է փոխվի, որ այս առումով իրավիճակ փոխվի, ու կինն իրեն ավելի պաշտպանված զգա, գնահատված ու ուշադրության կենտրոնում լինի մշտապես և ոչ թե միայն Մարտի 8-ին կամ Ապրիլի 7-ին, պարո՛ն Ղարիբյան:

– Բազմաոլորտ փոփոխությունների կարիք կա, որոնց հիմքում պետք է լինի գիտակցումը, որ Հայաստանում բոլորը հավասար են, ու խտրականությունը իսկապես պետք է վերանա մեր մտածողությունից, ու երբ իշխող ուժը ունենա այդ կամքն ու գիտակցումը, այդ ժամանակ այդ համալիր գործողությունները պատշաճ կիրականացվեն: Իհարկե պետք է սկսել կրթությունից, որովհետև այդ ոլորտում էլ կարծրատիպերի հետ կապված մենք բազմաթիվ խնդիրներ ունենք՝ սկսած նախադպրոցական տարիքից: Եթե իշխանությունը կարողանա փոխել մեր երեխաներին կրթողներին, նրանց միջից հանել խտրականությունն ու կարծրատիպերը, նրանք էլ դա չեն փոխանցի երեխաներին, ու երեխաները չեն մեծանա ու չեն դառնա այնպիսի մարդիկ, որոնք կարդարացնեն գենդերային հիմքով բռնությունը:

Իհարկե, նաև օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն, իսկ հանրային դաշտում, օրինակ՝ մեր քաղաքական ու պետական գործիչները իրենց խոսքը պետք է մաքրեն խտրական արտահայտություններից ու անհանդուրժող լինեն խտրականության նկատմամբ:

Իսկ այս ամենը կլինի այն ժամանակ, երբ կլինի գիտակցումը, որ խտրականությունն ուղղակի սպանում է բառիս բուն իմաստով, խտրականության հիմքով են տեղի ունենում այն բռնությունները, որոնց ժամանակ մենք կորցնում ենք մարդկային կյանքեր: Երբ լինի այդ գիտակցումը, վստահ եմ, որ այդ գործողությունների համալիր շարքն առնվազն կմեկնարկի, ինչը, ցավոք, դեռ չկա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am