Ստեփանակերտում անցորդները աղաբլիթներ և սիրո բարեխոս Սարգիս զորավարի մասին պատմող գրքույկներ են ստացել

Այս տարի Սուրբ Սարգսի՝ սիրահարների հովանավորի տոնը նշվելու է փետրվարի 12-ին: Տոնի նախօրեին՝ այսօր, Ստեփանակերտում տրվել է սիրո խորհրդին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ աղաբլիթներ և սիրո բարեխոս Սարգիս զորավարի մասին պատմող գրքույկներ են ստացել անցորդները նախ Մայր տաճարի բակում, ապա և՝ Ս. Շահումյանի անվան Օղակաձև պուրակում:

Եվ քանի որ Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր, հենց երիտասարդներն էին օրվա հերոսները: Նրանց օրհնել և տոնի ակունքներին անդրադարձել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հովիվ Տեր Մինաս քահանա Մովսիսյանը:

Փոքրիկ բեմադրության միջոցով արցախյան այան ու ապան ներկայացրել են Սարգիս Զորավարի կերպարն ու նրա հիշատակության նշանակությունը: Ներկաները նաև հյուրասիրվել են ավանդական ուտեստներով: