F16-ի խոցումը ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր արվում, քանի որ կար պայմանավորվածություն. Տոնոյան. «Հայկական ժամանակ»

«Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում, երբ Նախիջևանի զորավարժություններում, որը տևել էր հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը, եթե չեմ սխալվում, տեղի ունեցավ F16-ի վերաբազավորումը դեպի Գյանջա, դա մեզ բոլորիս համար՝ և՛ գլխավոր շտաբի, և՛ ինձ համար, հուշում էր, որ F16-երի տեղակայումը վարժանքի նպատակով չէ: Նաև այդ մասին հուշեց իմ՝ ՆԱՏՕ-ի հետ երկարատև համագործակցության փորձը»:Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը:

Այս մասին այսօր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ պատերազմից առաջ հանդիպում է եղել ՌԴ Պաշտպանության նախարար Շոյգուի հետ հետ, ինչպես նաև եղել է ԳՇ պետերի հանդիպում, այդ հանդիպումների ընթացքում քննարկվե՞լ է նաև պատերազմի հավանականությունը մեզ մոտ ու այդ հանդիպումների բերումով մեր դաշնակցի կողմից հնչե՞լ են հավաստացիումներ, որ պատերազմը քիչ հավանական է կամ գրեթե անհավանական:

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ 4-ից 6 ժամ գտնվում էին օդում և մեր սահմաններին էին մոտենում 45-25 կիլոմետր, ժամանակ առ ժամանակ այնպիսի մոտեցումներ էին լինում, որոնք ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացրեց մեր մտահոգությունները: Երբ որ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին, պատկերացնու՞մ եք՝ ինչ է դա նշանակում, դա համարյա թե մշտական ներկայություն էր կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ: Այդ ժամանակաշրջանից սկսած իմ ու ՌԴ նախարարի հանդիպումները եղել են երեքը: Հաշվետվությունները կարող եք ընթերցել:

Կար որոշակի դիմում մեզ՝ չսադրելու և սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից: Ամեն դեպքում F16-ի խոցումը ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ որոշված էր չսադրել իրավիճակը»,- մանրամասնեց Տոնոյանը:

Պաշտպանության նախկին նախարարը նաև պատմեց, որ նախաձեռնել է  հանդիպումներ ինչպես  անդամ երկրների, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ:

«Օրական ունեցել եմ 2-3 հանդիպում, բոլորին տրվել են Թուրքիայի F16-երի օդային դիագրամաները ամենօրյա պարբերականությամբ: Խնդրանքս եղել է՝ չեզոքացնել այդ երկրի ներգրավումը Արցախյան պատերազմի թատերաբեմում: Հանդիպում եմ ունեցել, եթե չեմ սխալվում, 12 անդամ երկրների հետ, ընդ որում՝ որոշների հետ մի քանի անգամ: Կրկնում եմ, մեկ խնդրանք եմ ունեցել՝ կանգնեցրե՛ք Թուրքիայի տեսանելի մասնակցությունը»: