«Մեր երկրում եթե հաշմանդամ ես, ուրեմն` չգիտեմ ինչ ես». սահմանափակ հնարավորություններով երիտասարդների կյանքը` փակ դռների հետևում

«Մեր երկրում եթե հաշմանդամ ես, ուրեմն` չգիտեմ ինչ ես». սահմանափակ հնարավորություններով երիտասարդների կյանքը` փակ դռների հետևում
«Մեր երկրում եթե հաշմանդամ ես, ուրեմն` չգիտեմ ինչ ես». սահմանափակ հնարավորություններով երիտասարդների կյանքը` փակ դռների հետևում

9-րդ դասարանցի Արտակ Դավթյանն իրեն հաջողակ է համարում միայն նրա համար, որ դպրոցն իրենց տնից շատ հեռու չէ, ու ինքը կարողանում է քայլակով տեղ հասնել: 13 տարեկան էր, երբ հրաժարվեց սայլակից, քանի որ չէր կարողանում քաղաքում դրանով տեղաշարժվել: Թեպետ երկու տարի է անցել, տղան դեռևս չի հարմարվել քայլակին:

 

«Քայլակով իմ մի քայլը ընկերներիս 5 քայլին է հավասար, դրա համար հենց հնարավորություն է լինում, սայլակով եմ դուրս գալիս: Իսկ ձմեռը քայլակս ու սայլակս խրվում են ձյան մեջ: Ձմեռը կյանքս մի տեսակ կանգնում է: Աստիճան իջնելուց էլ չեմ խոսում, բռնելու հարմարանք անգամ չկա»:

15-ամյա տղայի համար անհասկանալի է` ինչո՞ւ իր երկրում էլ մյուս` զարգացած երկրների նման չէ, որտեղ սահմանափակ հնարավորություններով մարդիկ հավասար են հասարակության մյուս անդամներին:

«Մեր երկրում եթե հաշմանդամ ես, ուրեմն` չգիտեմ ինչ ես: Եթե ես կարողանայի տրանսպորտ նստել, սայլակով դուրս կգայի տնից, քանի որ քայլակով դժվար է ինձ համար: Բայց սայլակով էլ բորդյուր չեմ կարող բարձրանալ, հարթակներն այնքան թեք ու սխալ են կառուցված, որ անհնար է այդ թեքությունը հաղթահարել: Այսքան փոքր եմ, բայց այնպես եմ ուզում` մեծերից մեկը սայլակ նստի, հետո ասեմ` դե, ավտոբուսով տեղ գնա, մի հատ էլ բորդյուր բարձրացիր»,- ասում է պատանին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից «Մեդիալաբին» ասում են, որ սայլակով հաշմանդամներին տեղափոխելու համար ձեռք է բերվել հատուկ հարմարեցված հարթակով 2 տրոլեյբուս, ինչպես նաև բանակցություններ են ընթանում ավտոբուս արտադրող գործարանի հետ, որպեսզի առաջիկայում ներկրվելիք որոշ ավտոբուսներ նույնպես կահավորվեն հատուկ հարմարեցված հարթակներով։

Մինչդեռ մայրաքաղաքի տրոլեյբուսի պարկի ներկայացուցիչը, ով խուսափեց ներկայանալ, նշում է, որ իրենց պարկում երբևէ նման տրոլեյբուս չեն վարել:

Սակայն, եթե անգամ հարթակով հարմարեցված երկու տրոլեյբուս էլ լինի, այդքանը չի կարող բավարարել հենաշարժական խնդիրներ ունեցող 2500 երևանաբնակներին:

Շաբաթական երեք անգամ Արտակ Դավթյանը լողի է գնում` տաքսիով, քանի որ հասարակական տրանսպորտով լողավազան հասնելու նրա ընտանիքի փորձերն ապարդյուն են անցել.

«Հա, ես տաքիսով եմ գալիս, քանի որ ավտոբուս չկա, բայց ես լիքը մարդ գիտեմ, որ տաքսու փող չեն կարողանում տալ: Իմ հաշմանդամ ընկերներին դուրս չեն հանում տնից, իսկ եթե հանում են, ապա միայն բակ: Ես ընկեր ունեմ, որ եթե իրենք ընտանիքով տեղ են գնում, ընկերոջս մոտ մեկը պետք է մնա, որովհետև տաքսիով չեն կարող տանել հաշմանդամին: Բայց դե ես էլ, ավտոբուսով որ գնամ-գամ, մեր ընտանեկան բյուջեն բավական կծաղկի»,- զայրանում է պատանին, սակայն չի թևաթափվում:

Պարզապես ցավում է, որ գոնե տաքսիները հարմարեցված չեն հենաշարժական խնդիրներ ունեցող մարդկանց. «Արտասահմանում հարմարեցված ավտոբուսների կողքին կան նաև սոցիալական տաքսիներ, իսկ մեզ նման բաները հասու չեն, ու եթե մենք չենք խոսում, բոլորը մտածում են, թե տեղյակ չենք` ո´նց են հաշմանդամները դրսում ապրում»:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի փոխներկայացուցիչ Քրիստինա Ռոչելլան իր գործունեության ընթացքում նույնպես փնտրել ու չի գտել հենաշարժական խնդիրներ ունեցող մարդկանց հարմարեցված տաքսիներ.

«Իհարկե, հեշտ չէ հարմարեցնել մեծ քաղաքը մարդկանց համար, դա մեծ ռեսուրսներ է պահանջում, բայց կան տարրական նորմեր, որոնց արժի հետևել: Նույնիսկ ՄԱԿ-ի շենքը հարմարեցված չէ սայլակով մարդկանց, և շատ այլ տեղերում ևս բացակայում են թեքահարթակները»:

Թեքահարթակների բացակայությունը Փարսյանների ընտանիքի առօրյան շատ է դժվարացնում: 14-ամյա Ռաֆիկ Փարսյանը շաբաթական 3 անգամ տնային ուսուցում է ստանում, շաբաթվա մյուս օրերին հիմնականում համակարգչով է զբաղվում: Տղան երազում է, որ միշտ ամառ լինի, քանի որ տաք եղանակին տատիկն ու մայրիկը նրան բակ են իջեցնում, որտեղ նա կարողանում է զրուցել ընկերների հետ:

«Ռաֆիկն այժմ մեծացել, ծանրացել է, մեծ դժվարությամբ ենք ինը հարկը իջեցնում: Վերելակից բողոք չունենք, բայց ա´յ առաջին հարկում պետք է սայլակը գրկած իջեցնենք, ու հետո երկար ժամանակ մեջքներս ցավում է: Թեկուզ եթե շարժական հարթակ լինի, գոնե երեխային իջեցնելիս տեղադրենք, կիմանանք, որ մեր հաշմանդամն էլ լիովին անտեսված չէ»,- ասում է Ռաֆիկի տատիկը` Անժելա Փարսյանը:

Պատահել է` աստիճաններից իջնելիս մայր ու տղա գլորվել են… իսկ ձմռան ամիսներին չեն համարձակվում Ռաֆիկին իջեցնել սառած աստիճաններով, և մի քանի ամիս տղան միայն պատուհանից է տեսնում բակը, ձնեմարդ պատրաստող ընկերներին:

Իսկ Ռաֆիկը չի զլանում ձմռանը տնային ուսուցման դասերը լավ պարապել, որ գոհացնի ուսուցչուհի Մարիետա Հարությունյանին:

«Արդեն չորս առարկա միասին անցնում ենք, և նկատել եմ` շատ աշխատասեր, պատրաստված երեխա է, սիրում է կարդալ, մեր հայրենի բնությունն է սիրում Ռաֆիկը, բայց ամենակարևորը` ջրի պես անգիր գիտի բազմապատկման աղյուսակը»,- տնային հերթական պարապմունքից հետո ասում է ուսուցչուհի Հարությունյանը:

Ռաֆիկը, սակայն, այլ բաներ է կարևորում. «Ա´յ, որ կարողանայի ընկերներիս պես ավտոբուս նստել, կգնայի ման գալու ուրիշ տեղեր, հետո` կարող է և շատ աղջիկներ տեսնեի, սիրահարվեի»:

Պատանուն լրացնում է տատիկը. «Ռաֆիկին տաքսիով ենք տեղափոխում, սակայն ոչ հաճախ: Չէ՞ որ Ռաֆիկն էլ երեխա է, ամեն ինչ հասկանում է, ուզում է տեղ գնալ: Ամեն օր ասում է` հոգնել է միայն բակ իջնելուց: Մենք էլ չենք ուզում երեխային մեկուսացնել, ուզում ենք տանել-բերել, հետո՞ ինչ, որ չի քայլում, հետո՞ ինչ, որ մի քիչ գուցե լավ չի խոսում, բայց ուզում է դուրս գնալ, շփվել, ավտոբուս նստել, մարդկանց տեսնել»:

Եթե հենաշարժական խնդիրներ ունեցողների կյանքը հարմարավետ չդարձնելը ֆինանսական ռեսուրսների բացակայությամբ է պայմանավորվում, ապա խուլուհամրերի դեպքում գրեթե ռեսուրս չպահանջող տարրական պայմաններն անգամ ապահովված չեն:

Լոգոպեդ Արթուր Մխիթարյանը «Մեդիալաբին» պատմում է, որ իր աշակերտները հաճախ են ուշանում դասերից, քանի որ եթե դպրոցի մոտ ոչ ոք չի իջնում տրանսպորտից, իրենք ստիպված սպասում են, մինչև որևէ կանգառում իջնող լինի, իրենք էլ իջնեն.

«Եթե գոնե երթուղայիններում տեղադրվեն համապատասխան ազդանշան արձակող զանգեր, որպեսզի խուլուհամրերը կարողանան իրենց անհրաժեշտ կանգառում իջնելու համար նախապես վարորդին ազդանշանով հասկացնել, այդ մարդիկ էլ իրենց որոշ չափով ուշադրության արժանացած կզգան»,- ասում է Մխիթարյանը:

Իսկ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից նշում են, որ ազդանշան տեղադրելու հարկ չկա, քանի որ «երթուղայինները պարտադիր կանգնում են բոլոր կանգառներում, և կանգառի համար նախապես վարորդներին զգուշացնելու հարկ չկա»:

«Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տարրական կենցաղային պայմաններ ստեղծելը մեծ մարտահրավեր է հասարակության համար, որովհետև հասարակությունը պետք է հասկանա, որ այդ մարդկանց խնամքը պետք է ապահովվի նրանց ծննդից մինչև մահը: Մնում է հուսալ, որ իշխանությունները քաղաքական կամք կդրսևորեն և մի օր կփորձեն լուծել կենցաղային տարրական խնդիրներն ու դրանով իսկ հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառել հասարակության մեջ»,- ասում է Քրիստինա Ռոչելլան:

Փառանձեմ Հովհաննիսյան

© Medialab.am